Պօղոս Առաքեալի Առաջի Նամակը Թեսաղոնիկեցիներ
ԳԼ . 1
Յորդոր Աստւածապաշտ եւ Բարեպաշտ լինել

1 Պօղոսը, Սիղւանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։
2Շնորհք ձեզ եւ խաղաղութի՜ւն։ Միշտ գոհութիւն ենք յայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ յիշատակելով մեր աղօթքներում, 3անդադար յիշելով ձեր հաւատի գործը, սիրոյ վաստակը եւ յոյսի համբերութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աստծու եւ մեր Հօր առաջ։
4Սիրելի՛ եղբայրներ, գիտցէ՛ք, որ ընտրւել էք Աստծու կողմից. 5մեր Աւետարանը միայն խօսքերով չքարոզւեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար։
6Եւ դուք, նմանւելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք Խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ՝ 7օրինակ հանդիսանալով բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են.
8ձեզնից հնչեց Աստծու խօսքը ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայիայում, այլեւ առ Աստւած ձեր ունեցած հաւատը սփռւեց ամէն տեղ, այնպէս որ մեզ պէտք չէ մի որեւէ բան խօսել այդ մասին, 9քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին. թէ ինչպէս եղաւ մեր մուտքը ձեր մէջ, եւ թէ ինչպէս կուռքերից դարձաք առ Աստւած՝ ծառայելու համար կենդանի եւ ճշմարիտ Աստծուն
10եւ սպասելու երկնքից նրա Որդու գալստեան, որին յարութիւն տւեց նա մեռելներից, Յիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս բարկութիւնից։

=============

Պօղոս Առաքեալի Առաջի Նամակը Թեսաղոնիկեցիներ
ԳԼ . 2
Պօղոսի Գործը Թեսաղոնիկէի Մէջ

1 Եղբայրներ, դուք ինքներդ գիտէք, որ իզուր չեղաւ մեր մուտքը ձեր մէջ, 2այլ, նախապէս չարչարւելով եւ անարգւելով Փիլիպէում, - ինչպէս որ դուք էլ գիտէք, - մեր Աստուծով համարձակուեցինք պատմել ձեզ Աստծու Աւետարանը մեծ ընդդիմութեան հանդիպելով.
3որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութիւնից է, ո՛չ պղծութիւնից եւ ո՛չ էլ նենգամտութիւնից։
4Այլ, ինչպէս ընտրւեցինք Աստծուց՝ հաւատարիմ լինելու Աւետարանին, այնպէս էլ խօսում ենք՝ հաճելի լինելու համար ոչ թէ մարդկանց, այլ՝ Աստծուն, որ քննում է մեր սրտերը. 5շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից մղւած, ինչպէս որ Աստւած էլ վկայ է. 6եւ փառք չփնտռեցինք մարդկանցից, ո՛չ ձեզնից եւ ո՛չ էլ ուրիշներից։
7Կարո՛ղ էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում։
8Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել։
9Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը։
10Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստւած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ մաքուր կերպով վարւեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. 11ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, 12մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին։
13Ահա թէ ինչու մենք շարունակ գոհութիւն ենք տալիս Աստծուն նրա համար, որ, մեզնից Աստծու խօսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք, որ ներգործում է նաեւ ձեր՝ հաւատացեալներիդ մէջ.
14որովհետեւ դուք, եղբայրնե՛ր, նմանւեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրէաստանում են ի Քրիստոս Յիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նոյն չարչարանքներով չարչարւեցիք, ինչպէս որ նրանք՝ հրեաներից, 15որոնք եւ սպանեցին Տէր Յիսուսին եւ մարգարէներին ու հալածեցին մեզ եւ Աստծու աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան։
16Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին՝ նրանց փրկութեան համար, որպէսզի ամէն ժամ լցնեն իրենց մեղքի չափը. սակայն նրանց վրայ բարկութիւնը հասել է իսպառ։
17Իսկ մենք, եղբայրներ, թէպէտեւ միառժամանակ դէմքով զրկւած մնացինք ձեզնից, բայց՝ ո՛չ սրտով. առաւել եւս շտապեցինք տեսնել ձեր երեսները մեծ ցանկութեամբ։
18Դրա համար, ես՝ Պօղոսը, մէկ անգամ եւ նոյնիսկ երկու անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, բայց Սատանան արգելք եղաւ մեզ. 19քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ. 20որովհետեւ դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը։

=============

Պօղոս Առաքեալի Առաջի Նամակը Թեսաղոնիկեցիներ
ԳԼ . 3
Առաքեալի Հոգսը

1 Ի վերջոյ, չհամբերեցինք այլեւս, որովհետեւ բարւոք թւաց մեզ միայնակ մնալ Աթէնքում.
2բայց ուղարկեցինք Տիմոթէոսին՝ մեր եղբօրն ու Աստծու եւ Քրիստոսի Հօր Աւետարանի մեր գործակցին՝ ամրապնդելու ձեզ եւ մխիթարելու ձեր հաւատի համար, 3որպէսզի չսասանւէք այս նեղութիւնների մէջ. դուք ինքներդ իսկ գիտէք, որ այս բանի համար ենք սահմանւած, 4քանի որ, մինչ ձեզ մօտ էինք, առաջուց ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ են հասնելու մեր վրայ. ինչպէս որ եղաւ իսկ. եւ դուք գիտէք այդ։
5Դրա համար էլ ես այլեւս չկարողանալով համբերել, մարդ ուղարկեցի՝ իմանալու ձեր հաւատի մասին, այն մտավախութեամբ, որ փորձիչը ձեզ էլ փորձած լինի, եւ իզուր լինի մեր տարած աշխատանքը։
6Բայց հիմա, երբ Տիմոթէոսը ձեր մօտից մեզ մօտ եկաւ եւ ձեր հաւատքի ու սիրոյ աւետիսը տւեց մեզ, որ միշտ մեր բարի յիշատակն էք պահում ձեր մտքում եւ որ ցանկանում էք մեզ տեսնել, ինչպէս եւ մենք՝ ձեզ, 7դրա համար, եղբայրնե՛ր, մխիթարւեցինք ձեզնով, ձեր ունեցած հաւատով մեր բոլոր վշտերի եւ նեղութիւնների մէջ. 8եւ այժմ կենդանի կը լինենք, եթէ դուք հաստատ մնաք Տիրոջով։
9Ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար այն ամբողջ ուրախութեան պատճառով, որով ուրախանում ենք ձեզ համար Աստծու առաջ. 10գիշեր-ցերեկ թախանձագին աղօթում ենք, որ տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ձեր հաւատի պակասը։
11Եւ ինքն Աստւած ու մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս թող ուղղի մեր ճանապարհները դէպի ձեզ. 12եւ ինքը Տէրը թող աճեցնի եւ առատացնի ձեր սէրը, որ ունէք միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ, ինչպէս եւ մենք՝ ձեր հանդէպ։
13Թող նա ամրացնի ձեր սրտերը, անարատ սրբութեամբ, Աստծու եւ մեր Հօր առաջ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան ժամանակ՝ իր բոլոր սրբերով հանդերձ։

=============

Պօղոս Առաքեալի Առաջի Նամակը Թեսաղոնիկեցիներ
ԳԼ . 4
Յորդոր Սուրբ Լինել

1 Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ հաճելի լինէք Աստծուն. եւ այդպէս էլ ընթանում էք, որպէսզի աւելի ու աւելի առաջ գնաք նոյն բանի մէջ։
2Եւ գիտէք, թէ ինչպիսի պատւէրներ տւեցինք ձեզ Տէր Յիսուսով. 3որովհետեւ Աստծու կամքը այս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. 4ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատւով 5եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն։
6Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատւին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. 7արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ սրբութեան։ 8Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդուն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տւեց ձեզ։
9Իսկ եղբայրասիրութեան մասին պէտք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել.
10որովհետեւ այդ նոյնն անում էք բոլոր եղբայրների հանդէպ, որ գտնւում են Մակեդոնիայի բոլոր կողմերում։ Եղբայրներ, խնդրում եմ ձեզ, որ առաւել եւս աճէք եւ առաջ գնաք, 11ապրէք խաղաղ եւ իւրաքանչիւրդ ձեր գործով զբաղւէք ու աշխատէք ձեր ձեռքերով, ինչպէս որ պատւիրել ենք ձեզ, որպէսզի պարկեշտութեամբ վարւէք դրսեցիների հետ եւ ոչ մի բանի կարօտ չլինէք։

ննջեցեալների Յարութեան մասին

12Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն։
13Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստւած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ։
14Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակւենք-տարւենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք։
17Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով։

=============

Պօղոս Առաքեալի Առաջի Նամակը Թեսաղոնիկեցիներ
ԳԼ . 5
Յորդոր Առթուն լինել եւ Տիրոջ Օրւան Սպասել

Եղբայրներ, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով։
3Երբ ասեն, թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկւելու։
4Իսկ դուք, եղբայրներ, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը. 5որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկւայ որդիներ։ Գիշերինը չենք, խաւարինը չենք։
6Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք. 7որովհետեւ, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում. 8իսկ մենք, որ ցերեկւայ որդիներ ենք, արթուն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք. 9որովհետեւ Աստւած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. 10նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասին ապրենք։
11Ուրեմն մխիթարեցէք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք։
12Եղբայրներ, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակւած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. 13եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ։
14Եղբայրներ, աղաչում եմ ձեզ. խրատեցէք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնական եղէք տկարներին, համբերատար եղէք բոլորի հանդէպ։
15Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամուտ եղէք։
16Ուրա՛խ եղէք միշտ, 17անդադար աղօթեցէ՛ք, 18ամէն ինչում գոհութիւն մատուցեցէք, որովհետեւ այդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։
19Մի հանգցրէք Հոգին, 20մի արհամարհէք մարգարէութիւնները, 21փորձեցէք ամէն ինչ, բարին ամուր պահեցէք, 22հեռու մնացէք բոլոր չար բաներից։
23Եւ խաղաղութեան Աստւածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահւի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը։
24Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի։
25Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար։
26Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։
27Երդւել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին։ 28Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ։

=============

Վերադարձ