ԾՆՆԴՈՑ
ԳԼ. Գ
Կինն ասաց. Օձը խաբեց ինձ
1 Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր։ Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստւած ասաց, թէ դրախտում գտնւող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»:
2 Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։
3 Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստւած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»:
4 Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, 5 որովհետեւ Աստւած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացւեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուծոյ նման՝ կիմանաք բարին ու չարը:
6 Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար։ Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տւեց իր մօտ կանգնած Ադամին, եւ նրանք կերան։
7 Երկուսի աչքերն էլ բացւեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին։
8 Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Աստծուց թաքնւեցին դրախտի ծառերի մէջ։
9 Աստւած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես» :
10 Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնւեցի»:
11 Աստւած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես։ Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատւիրել էի, որ չուտես»:
12 Ադամն ասաց. «Այս կինը, որ տւեցիր ինձ, նա՛ տւեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»:
13 Տէր Աստւած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել» Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»(ինչու ոմանք սխալը գործում են և յետոյ օտարին են մեղադրում):
14 Տէր Աստւած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ։ Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես։
15 Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»:
16 Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկւես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»:
17 Աստուած Ադամին ասաց. «Քանի որ լսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատւիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին։
18 Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնւես։
19 Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծւեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»:
20 Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Եւայ(Կեանք), որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը։
21 Տէր Աստւած Ադամի ու նրա կնոջ համար կաշւից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց։
22 Տէր Աստւած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը։ Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ» :
23 Եւ Տէր Աստւած արտաքսեց նրան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծւել էր։
24 Աստւած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:
Երբ չ’պիտի բարի և չարի գիտութեան ծառից ուտէին , ինչու այգու մէջտեղն տնկւեց և եթէ չ’լիներ այդ ծառը Ադամ ևԵւան չէին ուտել և մենք էլ նրանց պաճառով այդ անէծք չէինք ստանի Աստծու կողմից (թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով) :

Տէր Մուշեղ Աւետեան
************