Դանիել Վարուժան

1884 - 1915
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝
Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։
Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։
Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։
Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։
Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։
ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛
Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.
Նոր կյա'նք մ՚ինծի կը սպասե։
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։

Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ'.
Անցյալս իջնա թող դամբան։

Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ.
Չեմ վախնար սև ծըծելե.
Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր
Անխիղճ, անհոգ, կը դիտե՜...

Հա՛յր, ես կ՚էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերերուդ կենդանի....

Բավական է. - աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի, հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։

Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի~, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես

Եվ ես քեզի հաջորդեմ...
Խոնջե~նք, խոնջե~նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ...
Հայր իմ, օրհնե'. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.

Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՛, հայր։
ՁՈՆ
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
— Քեզի ընծա՜, մայր կարևեր
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
Մոխիրներուն Առջեւ
Հյուղն այրեցավ։ Թըխաթույր ծո՛ւխը նյութին
Կապույտ զենիթը սևցուց.
Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերուն
Ոչընչացումն էր գըծուծ։

Հովն՝ որ առաջ կը հեծկըլտար ցըրտագին
Գույքերուն մեջ դիմակաց,
Հիմակ անոնց թույլ մոխրին հետ կը խաղա՝
Հեգնող շըշուկ մը ձըգած...

Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերուն
Սին փոշիին հանդիման.
Կու լա՜. անգո՛ւթ այդ հըրդեհումն արցունքո՛վ
Պիտ ջանար մարել ան...

Մայրն ըստինքին վըրա սեղմած մերկ որդին՝
Ավերին մեջ կը շըրջի.
Մանկան համար ողջ շապիկ մ՚ան կ՚որոնե՝
Եվ կամ կըտոր մը քուրջի։

Տարաբա՜խտ մայր, կաթին գունատ փըթթումին
Պատըսպարան չը մընաց.
Հանկարծ ոտքին կը զարնըվի սարսուռով՝
Օրոցքեն փայտ մը, խանձա~ծ։

Ո'հ, դաժա~ն բոց, ատիկա բույն մ՚էր սիրո՝
Որ քանդեցիր ղայրույթով.
Հոն, տըժգունած զույգ մը շըրթունք վրայե վրա
Կը ծըծեին սեր, գորով։

Արդ, մոխրին տակ խեղճերուն կյա՛նքն է թաղված
Ա'լ դամբան մ՚է հյուղն իրենց.
Բախտն, որուն աչքն արդեն կապած է Աստված.
Փոշի, կըմախք հոն ձըգեց։

Ըսե, ո'վ Տեր, հիմա դեպ ո՞ւր պիտ՚ երթան
Այդ թըշվառնե'րը լալկան.
Դու որ անոնց տընակն առիր, հույսն առիր,
Օ~ն, ըսե, ո՛ւր պիտ՚ երթան...

Գեթ անձնըվեր գութ չը տրվիր մարդերուն՝
Որ անոնք հոն կըծկըվին,
Որ մարդկային սըրտերու մեջ՝ գեթ անոնք
Խորշ մը գըտնան ջերմագին։

Ո՞ւր պիտ՚ երթան։ էրիկն արդեն հիվանդոտ,
Սիրտ մ՚ուրկե ողբ լոկ կ՚ելլե.
Կինը, վատուժ, պինդ շըղթայված իր վըզեն
Նիհար, փոքրիկ թևերե։

Ո՞ւր պիտ՚ երթան. Գահավեժի մը վերև
Իր կյա՞նքը մին կախելու,
Թե, հուսահատ, մյուսն անպատիվ տան մը մեջ
Մաքուր սերն իր ծախելու։

Ո՞ւր պիտ՝ երթան սև նոճի այդ ծաղիկներ
Ճակատագրեն հողմավար,
Ծուխեն, բոցեն այդ քըշվածները շըլմոր,
Վերքի շիթերն այղ թըշվառ։

...Ե՞րբ, պիտի գա, ո՛վ Տեր, այն օրը վըսեմ.
Եղբայրությունն Մարդկության
Ե՞րբ իր շըղթան պիտի ձըգե, սըրտե սիրտ՝
Մեծ համբույրովն՝ հաղթակա՜ն։

Ե՞րբ հըրկիզյա'լը չըքավոր, հուսաթափ,
Մոխրին վըրա ինչքերուն,
Ցուրտ, վիթխարի Լըքումին տեղ պիտ՚ գըտնա
Տիեզերական Օգնությո՜ւն։
Անդաստան
Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութիւն թող ըլայ…
Ոչ արիւններ, քըրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հընչէ կոչնակն ամէն գիւղակի
Օրհներգութիւն թող ըլլայ…

Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութիւն թող ըլլայ…
Ամէն աստղէ ցօղ կայլակի
Ու ամէն հասկ ձուլէ ոսկի:
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ :

Հիւսիսային կողմն աշխարհի
Առատութիւն թող ըլլայ…
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի
Բերկըրութիւն թող ըլլայ :

Հարաւային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի մեղրը փեթակներուն,
Յորդի գինին բաժակներուն.
Ու երբ թըխեն հարսերը հացը բարի
Սիրերգութիւն թող ըլլայ :