Վահան Տերյան

1885-1920
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։
Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։
Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։
Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։
1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
ԿՅԱՆՔԻ ՈՐԲԵՐԸ
Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ...

Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
Որ մենակ շավղով օրորում են հար
Նոր արևի բոց....

Կյանքի որբերը.... վշտերով սնված,
Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
Ճակատներ կնճռոտ...

Ուրուրների պես մտքերի հետքին
Գնում են անդուլ, գնում են անվերջ
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ...

Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
Մենակ ոգիներ...
ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ
Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք ջրերի համար։
Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։
Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...
ՕՏԱՐՈԻՀՈԻՆ
Դառնություն է լցված ու թախիծ
Քեզ օտար պոետի երգերում,
Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն։

Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը, և՛ չար, և՛ ագահ...

Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին...

Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն...
ՄԱՀ
Մարիր լույսը մշուշոտ,
Սև հուսերըդ արձակիր,
Դու իմ դահիճ, դու իմ քույր,
Դու իմ ընկեր տարագիր,
Էլ մի՛ կրկնիր, մոռացիր
Խոսքերն անմիտ ու պատիր,—
Լուռ տանջանքով, խավարով
Փայփայիր ու փարատիր...
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,
Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
Թող թույն լինի և թախիծ։
Արդեն գիշեր, արդեն մութ,
Անանց խավար է արդեն,—
Եղիր հզոր ու անգութ,
Չար ժպիտով ել իմ դեմ...
Երգի՛ր խավար և անկում,
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
Այրի՛ր սիրտըս, թող լինի
Այնտեղ ավեր ու մոխիր։
Ցուրտ համբույրով համբուրիր,
Այրիր բոցով նրա ցուրտ —
Վերջին սիրով անպատիր,
Անվախճան ու անհագուր՛դ...
Իմ ցավագին աղոթքին
Ունկնդրի՛ր ու երևա՛,
Քո հաղթության ու սիրո
Կնիքը դիր իմ վրա...
ՏԽՈԻՐ ԵՐԳ
Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում,
Տխրությունն է երգում
Իմ հոգում։

Ապագա, և՛ անցյալ, և՛ ներկա
Խառնվել են իրար
Խավարել են օրերն արևկա.
Եվ խելառ։

Վիճակիս լծի տակ
Օրերում
Ես շրջում եմ մենակ
Ու լռում։

Չեմ հիշում, մոռացել եմ արդեն
Այն խոսքերը բոլոր
Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ
Ու մոլոր...

Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում,
Տխրությունն է երգում
Իմ հոդում...
ՀԱՏՎԱԾ
Հոգնատանջ սրտով նստեցի մենակ
Աշխարհում աղոտ,
Անհայտ կողմերի մութ ճանապարհին,
Ավեր շենքերի մոխիրների մոտ,
Աշնան օրերի գունատ մահացող
Ծաղիկների մեջ, ցուրտ հողի վրա,
Ծանր երկնքի տաղտկորեն լացող
Անձրևների տակ. —
Մոռացա բոլոր հոգսերն առօրյա,
Ցանկություններըս ապարդյուն ու սին,
Անմիտ և ունայն տենչերիս ուղին,
Սուտ վարդերն ու սուր փշերը նրա
Մերժեցի ընդմիշտ, մատնեցի մահին,
Անդարձ մոռացա...
Եվ խավարն անհուն, գիշերն անթափանց
Իր լայն թևերը փռեց իմ վրա...
Լուսեղեն և սուրբ սիրո երազը
Խավարչտին կյանքում
Եվ երջանկության ցնորքներըս հին,
Եվ տառապանքի գիշերներն անքուն
Իմ սրտին ընդմիշտ օտար թվացին,
Օտար թվացին...
Եվ չըկար ոչինչ, որ սիրտըս դյութեր. —
Ո՛չ սիրո կարոտ, ո՛չ բախտի ծարավ,
Ո՛չ հարսւտության և մեծության բեռ,
Ո՛չ ապարդյուն փառք և ո՛ չ փայփայող
Ու սրբազան ցավ
Չարչարանքի և ինքնազոհության։
Եվ այնպես անգո՛ւյն, անմի՛տ, ապարդյո՛ւն,
Տաղտկալի՛ և սի՛ն
Թվաց ամեն ինչ աշխարհում անհուն,
Եվ ամենքն ընդմիշտ օտար թվացին
Եվ անդարձ հեռու...
Քար էր իմ սրտում, և ծա՛նր, և ցո՛ւրտ,
Եվ աշխարհն էր քար՝ սառն ու անխորհուրդ...
Երկինքն էր չարիս պաղ արցունքներով,
Լալիս էի ես մերժված ու խռով,
Եվ ցուրտ աշխարհում
Ինքըս իմ սրտին հարազատ չէի —
Ու ծաղր էր թվում հեկեկանքըս չոր...
Ես լալիս էի,
Բայց օտարի պես էի ունկնդրում
Ինքըս իմ հոգուն, ինքըս իմ լացին...
Ու մութ էր շուրջըս և խավարն անհուն, —
Իմ խաբված սրտում՝ մթամած գիշեր,
Եվ պաղ, և ծանըր, ծանըր որպես քար,
Եվ տաղտկությամբ լի և անվերջ երկար,
Անծիր ու անհուն —
Ու ոչ մի հեռվում լույս չէի փնտրում...
Եվ համր էր ընդմիշտ աշխարհն ինձ համար —
Եվ օտա՛ր և մութ. —
Ես ընկած էի անզոր ու մոլոր
Եվ հավետ մենակ և անդարձ մենակ,
Անանուն, անձայտ. անծանոթ հեռվում...
Ո՜վ ազատություն հավիտենական,
Մա՜հ, շշնջացին շուրթերըս տկար,
Եվ այդ շշուկը դառը չըթվաց.
Գրկեցի հողը մի ցուրտ ցանկությամբ,
Եվ նա իմ առաջ բացեց իր գիրկը
Անսուտ գգվանքով.
Եվ գերեզմանի խորշը ցրտաշունչ
Անուշ թվաց ինձ,
Որպես մայրական գիրկը սրտամոք
Պայծառ օրերում,
Որպես հեռավոր երկրում մոռացված,
Մայրական երգի սիրով օրորվող
Թովիչ օրորան...
Մա՜հ, շշնջացի, և սիրտըս նրան
Ընդունեց սիրով, որպես գթառատ
Հեկեկանքը մոր նուրբ կարեկցության.
Եվ հեռացա ես ու հեռացա ես
Մի անհայտ կամքի զորությամբ անուշ
Հեռո՜ւն ու հեռո՜ւն. —
Ողջը մոռացա օտար աշխարհում,
Անդարձ աշխարհում...
Ու խավարն անհուն գգվանքով թեթև
Ծավալվեց շուրջըս ու փռվեց վրաս.
Եվ կյանքըս բոլոր մի երկարատև
Նինջ թվաց հոգուս, մի տխուր երազ. —
Նրբին մի համբույր հեռու օրերում.
Մանկական մի երգ, որ չունի անուն,
Որ չունի անուն...
Ինձ ահեղ թվաց խնդությունըս նոր,
Կարծես մի վերին և նուրբ հրաշքով
Լուսացավ իմ մեջ առավոտն անհուն —
Ու թեթև թվաց կյանքըս երկրային,
Որպես առվակը սարերից իջնող,
Որպես ամպերի շարքը ոսկեղեն
Գարնան արևող երկնքում չվող...
Ու թվաց հանկարծ, որ չըկան, չըկան
Անցյալն, ապագան...
Թվաց, որ մի սիրտ իմ վիշտն է գգվում,
Հանգիստ է ասում բոլոր հույզերին,
Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտըս գրկել է ուզում,
Գգվել է ուզում
Անխաբ խնդության ոսկե երազում...
Թվաց, որ մեկը իմ ցավն է երգում,
Իմ լացն է լսում,
Իմ լռությունն է գգվում իր գրկում. —
Եվ իր մեծ հոգում,
Իր անհուն հոգում՝
Իմ սրտից խորն է թախիծըս զգում...
Ճիչ հանեցի ես սիրով լուսեղեն,
Աղաղակեցի օրհներգու ձայնով,
Սիրտըս նետեցի քարին ու ջրին,
Խառնեցի հոգուս աստղերի երգին,
Պարզեցի կյանքըս պարզ ու խնդագին
Հավիտենությա՜ն,
Հավիտենության...
Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա'գ, օ~ , արշալույս արյունոտ)։
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ,..

Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Ցայտում էին ճաճանչները ցան ու ցիր...

Մըռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդյոք հիշե՞ց նա իր մորը հեռավոր),
Գունատվում էր սև գիշերը և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր...

Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ՛, արշալույս արյունոտ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ...
Ողշույն քեզ, տանջանք, ահեղ հիացում
Գրկիր իմ սիրտը, քեզ օրհնում եմ ես,
Մանուկ օրերից իմ դուռն ես ծեծում,
Եվ հոժար հոգիս ընդունում է քեզ....

Փռեցեք այստեղ մարմինըս հլու,
Խաչեցեք նորից իմ խոցված հոգին,
Սիրտըս բացված է անանց սիրելու
Եվ տառապելու կրկին ու կրկին...

Ո՜վ գերագույն փառք, վերջի՛ն հիացմունք,
Արյունի՛ր սիրտըս քո համբույրներում։
Թափվե՜ք, իմ երգեր, արցունք առ արցունք
Այնտեղ, ուր մարդկանց տանջանքն է լռում...
Երանի՜ նրանց, որ մութ բանտերում
Եվ չարչարանքում դժնի, որպես մահ,
Մաշե՛ցին այնքան օրեր հրահրուն,
Գերված թշնամուց անսիրտ ու ագահ։
Երանի՜ նրանց, որ սրտով եռուն
Մնացին տռկուն, հըպարտ ու. անահ,
Պարզած աչքերը դեպի լույս հեռուն,
Արհամարհեցին և՛ երկունք, և՛ մահ,
Երանի նրանց, և՛ փառք, և՛ օրհնանք...
Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով
Աղմկում եք դուք, պողպատե դևեր,
Նետվում եք ներքև, ցատկում դեպի վեր,
Օրորում եք ինձ ձեր ահեղ երգով...

Մանուկ օրերից, սև կամարի տակ,
Ես ձեր երկաթե խոսքերն եմ լսում,
Եվ կարճ քնի մեջ, մռայլ երազում
Հռհռում է ձեր երգը դժնդակ...

Արդյոք ո՞վ հյուսեց ձեր դժկամ լեզուն,
Ո՞վ շղթայեց մեզ ձեր մեռած կամքին,
Մի՛թե վերջ չկա մեր տառապանքին,
Եվ մի՞թե արդեն մենք չենք երազում...

Մեկ ժիր ցատկում եք, մեկ հանդարտ սահում
Չըգիտեք հանգիստ և գութ չըգիտեք,
Գ՚իշեր ու ցերեկ, գիշեր ու ցերեկ
Խուլ մռնչում եք, ՛անսիրտ ծիծաղում...
Լռել են արդեն երգերը հզոր
Ու էլ չեն հնչում խոսքերը հպարտ,
Խավարն է գերել մեր հոգին այսօր
Եվ լռությունը հավետ մահապարտ։

Սև գնդերն ահա կազմել են շարքեր
Արյունված երկրում, ուր երեկ այնպես
Շաչում էիք դուք, հրեղեն երգեր,
Եվ ալեկոծում փողոց ու կրկես։

Դաժան ցնծությամբ թշնամին ահա
Իր սև հաղթության խնջույքն է տոնում,
Հռհռում է մեր տանջանքի վրա,
Արյունով հարբած՝ արյուն է խմում...

Լցված է արդեն բաժակը թունոտ,
Համբերելու ժամն անցել է արդեն.
Ելնե՜նք ճչալու խնդությամբ քինոտ
Ու հպարտ կանգնենք մութ բռնության դեմ։

Այս դառն օրերի մթնում մահաբեր,
Արնոտ խնջույքի այս սև զնդանում
Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,
Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում...
Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում,
Իմ սրտի մեջ ճիչ են ճչում, իմ սրտի մեջ հեկեկում...

Արշալույսը դեռ չբացված նոքա կըգան՝ կըտանեն
Սվիններով շրջապատած, շղթայակապ ու անզեն։

Ոչ ոք, ոչ ոք չի ճչալու գիշերում այն ահավոր,
Լռելու են համր ու հլու — անարթուն ու խոր...

Արևավո՛ր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտըս քո մոր, սիրտըս քո մոր հեկեկանքով է լեցուն...

Դահիճների մթին խմբում կլինես դու միայնակ,
Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ՝ մի դանակ...

Ընկերներըդ չեն լսելու գիշերում այս դառն ու խոր,
Մենակ պիտի ընդունես դու Գողգոթան մեր նոր...

Եվ թշնամին պիտի ժպտա դեմքիդ՝ հանգիստ ու անահ,
Սիրտըս քեզ հետ, սիրտըս ահա ընդունում է խաչ ու մահ...

Հրահրուն ես և բոցավառ, արևածագ ալ-բոսոր,
Ո՞ւմ արյամբ ես ներկել կարմիր-կարմիր թևերըդ այսօր...

Շողերից ու ծաղիկներից չեմ հյուսի քեզ, երգ իմ, ո՛չ,
Արյան շիթ է ամեն մի վարդ, արցունք՝ ամեն մի բողբոջ...
Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,
Ձեր ահեղ բերդերի համրությամբ վերամբարձ,
Քաղաքնե՜ր, ձեր մեջ կա դժոխքի մի շշուկ,
Քաղաքնե՜ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ։
Ե՛վ գիշեր, և՛ ցերեկ հղփացող պաղ կուռքեր,
Զնդաններ ու բուրգեր չարությամբ անողոք,
Քաղաքնե՜ր, ձեր բանտում մեռնում են երգ ու սեր,
Քաղաքնե՜ր, մոռացա ես երգերըս անհոգ...
Դղյակներ, պալատներ կերտելով ոսկեզօծ,
Հեռուները մեռած շենքերի անտառում։
Քաղաքնե՜ր, իմ հոգին ձեր վիհում ալեկոծ,
Քաղաքնե՜ր, իմ հոգին արեգակ է խնդրում...
Կրկնակի գալստյան զանգերն եմ ես լսում,
Հատուցումն է գալիս — ես զգում եմ նորան,
Քաղաքնե՜ր, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքնե՜ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան...
ՔԱՂԱՔ

Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն,
Դու երկարում ես արձակ դաշտերում,
Քո, պաղ շենքերի մութ նկուղներում
Դու, կույր, պահում ես, մի ահեղ ցիկլոն։

Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ
Դու դաժանորեն նայում ես հեռուն,
Քո պալատների ներքնահարկերում
Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։

Եվ այնտեղ, այնտեղ քո դղյակներում,
Ուր օրգիաների կոշմարն է խոսում,
Քո խնջույքների լպիրշ քաոսում —
Ալ-ուրվականն իր դաշույնն է սրում։
Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ...
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...
Արեգակը հուր ոսկի է մաղում
Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ.
— Սի՛րտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն,
Արևի նըման հրահրիր անշեջ...
Եվ որպես վճիտ լճերն են ցոլում
Ցրտում աշնային — մշուշների տակ,
— Դո՛ւ էլ, սի՛րտ, մընա հարության գալուն
Տրտմությամբ անչար, և՛ խոր, և՛ հստակ...
Կանցնեն հուշերըդ — մշուշների պես,
Կըգա խնդություն — խոր ու անարատ,
Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ —
Որպես երկիրն իմ — արեգակն առատ...
Ես ձեզ բերի բարի լուր,
Իմ եղբայրներ, արթնացե՛ք.
Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր,
Մեռած-քնած, վե՛ր կացեք...
Ձեզ կոչում է անդադար
Նոր միացման մոռացում.
Առվակ, արև ու անտառ
Ձեր երգին են սպասում։
Լույս է, լույս է ամենուր,
Պատանիներ և կույսեր,
Ես ձեզ բերի բարի լուր,
Նոր հիացում, նոր հույսեր.
Շիրիմներից ելեք վեր,
Մահիճներից հեշտանքի
Թևեր առեք, լույս թևեր
Նոր արբունքի, նոր կյանքի։
Գայլերն են ոռնում... քամին է շաչում...
Կալանավորը նայում է հեռուն —
Մարդիկ լռել են, պատերն են լռում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Կարծես թե քամին նոցա է կանչում,
Քամին պատմում է նրան մի գաղտնիք,
Գայլերն են ոռնում, լռել են մարդիկ,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Քամին քուն մտած մարդկանց է կանչում,
Ահավոր քամին դռներն է թակում,
Գալարվում, լալիս, անվերջ հեկեկում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում...
Քնած են մարդիկ, գայլերն են ոռնում,
Քամին է թակում դռները մարդկանց,
Բորբոքիր, վառվիր, ազատության բոց,
Զարթնեցեք, մարդիկ, գայլերն են գոռում...
Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին...

Օտ՛ար դաշտերում, պաղ կյանքերի մեջ
Ընկնում են անվերջ,

Վաղաժամ մեռնող թերթերի նման
Թափվում են անձայն...

Նոցա արյունից կվառվի մի օր
Վրեժն ահավոր,

Նոցա խոսքերը նորից կըհնչեն,
Կռվի կըկանչեն,...

Կըլինի մի օր՝ զայրույթը կ՛արող,
Երկինք, ծով ու հող...

Լաց,, լաց,, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին,

Ե՛վ քո երգերում, և՛ տխուր լացում
Կոչիր հատուցում։
ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում...
Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,
Ահա — մեր հոգում խավար է և մահ,
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...
Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական,—
Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...
ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ

Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. —
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։
Մենք մնաս բարով չասինք իրարու,—
Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։
Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին,
Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.—
Չըհիշե՛լ, մերժե՛լ տենչերըս բոլոր
Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։

Անհուսություն և անվերջ վհատում
Եվ դառնություն է լցված իմ հոգում.
Փռված է խավար, և՛ մահ, և՛ անկում —
Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն...

Որքան էլ գիշերն ահավոր իջնի,
Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու
Հարազատ մի հող ես չեմ գտնելու
Սև ճանապարհիս օրերում դժնի։

Տանջանք են ու խոց հուշերըս բոլոր,
Մըտքերըս ամեն — անամոք ցավեր —
Խավար է շուրջըս, և՛ մահ, և՛ ավեր,
Մութով է լցված իմ ուղին մոլոր...

Ու քանի գնում՝ այնքան անհատնո՛ւմ,
Այնքան ցավո՛տ են խոհերըս անհույս,—
Դու չըկաս արդեն, դարձել ես զրույց,
Երազ ես դարձել — հայրենական տուն...

Ա՜հ, այս ցուրտ երկրի անհայտում անհուն
Ընկնել և՛ կորչել, և՛ ննջել հավետ,
Ոչնչանալ ու մոռացվել քեզ հետ,
Ավերված երազ —հայրենական տո՜ւն...