Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 1
Բարեւ Եօթը Եկեղեցիներին

1 Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստւած ցոյց տւեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով. եւ իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառայ Յովհաննէսին,
2որը վկայեց Աստծու խօսքը եւ Յիսուս Քրիստոսի վկայութիւնը. ինչ որ տեսաւ, ինչ որ կար եւ ինչ որ լինելու էր այնուհետեւ։
3Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրւած է նրա մէջ. որովհետեւ մօտ է ժամանակը։
4 Յովհաննէսից՝ Ասիայում գտնւող եօթը եկեղեցիներին։ Շնորհք ձեզ եւ խաղաղութիւն նրանից, որ Է, որ Էր, եւ որը գալու է. նաեւ՝ Հոգու եօթը զօրութիւններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.
5եւ Յիսուս Քրիստոսից՝ հաւատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից եւ իշխանը երկրի թագաւորների. նա, որ սիրեց մեզ եւ արձակեց մեր մեղքերի կապանքները իր արեամբ
6 եւ մեզ թագաւորներ ու քահանաներ դարձրեց Աստծւ եւ իր Հօր համար. նրան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
7Ահա նա, որ գալու է ամպերի հետ, եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան. եւ երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա վրայ։ Այո՛, Ամէն։
8«Ես եմ Ալֆան եւ ես եմ Օմեղան», - ասում է Տէր Աստուածը, - նա, որ Է, որ Էր եւ որ գալու է. Ամենակալը։

Յովհաննէսի Տեսիլքը

9Ես՝ Յովհաննէսը՝ ձեր եղբայրը եւ Յիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղութեան, թագաւորութեան եւ համբերութեան, եղայ այն կղզում, որ կոչւում է Պատմոս՝ Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։
10Կիրակի օրը Հոգին եկաւ ինձ վրայ, եւ իմ յետեւից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան եւ Օմեղան, Առաջինը եւ Վերջինը.
11ինչ որ տեսնում ես, գրիր գրքում եւ տուր, որ տանեն եօթը եկեղեցիներին, որ գտնւում են Եփեսոսում, Զմիւռնիայում, Պերգամոնում, Թիւատիրում, Սարդիկէում, Փիղադեղփիայում եւ Լաւոդիկիայում»։
12Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը։ Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ ճրագակալներ.
13եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ մինչեւ ոտքերը հասնող երկար պատմուճան հագած եւ կրծքին ոսկէ գօտի կապած.
14եւ նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ եւ ինչպէս ձիւն. եւ նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց.
15եւ նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. եւ նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն։
16Եւ իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, եւ նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը։
17Եւ երբ տեսայ նրան, ընկայ նրա ոտքերին ինչպէս մեռել. եւ իր աջը դրեց իմ վրայ ու ասաց ինձ. «Մի վախեցիր, ես եմ Սկիզբը եւ Վախճանը,
18ես եմ կեանքը, ես եմ, որ մեռայ. եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»։ Ամէն։ «Եւ ունեմ մահւան ու դժոխքի փականքները։
19Գրիր, ինչ որ դու տեսնում ես, ինչ որ կայ եւ ինչ որ այսուհետեւ սահմանւած է, որ լինի։
20 Բացատրեմ խորհուրդը այն եօթը աստղերի, որ դու տեսար իմ աջ ձեռքին, ինչպէս եւ եօթը ոսկէ ճրագակալները. եօթը աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 2

Պատգամ Եփեսոսի

1 «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. «Այսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է եօթը ոսկէ աշտանակների միջեւ։
2Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերութիւնը եւ որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թէ առաքեալներ են, բայց չեն. եւ գտար, որ նրանք սուտ են խօսում։
3Եւ համբերեցիր ու վշտացար իմ անւան համար եւ տանջւեցիր։
4Բայց քո դէմ ասում եմ՝ թողեցիր քո առաջին սէրը։
5 Յիշիր այժմ որտեղից որ ընկար, ապաշխարիր եւ քո նախկին գործերն արա, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես։
6Արդ, այս գործերն արա՛, որպէսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես։
7Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ»։

Պատգամ Զմիւռնիայի

8«Գրի՛ր նաեւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Անսկիզբը եւ Անվախճանը, որ մեռաւ եւ կենդանացաւ.
9տեսայ քո գործերը, նեղութիւնը եւ աղքատութիւնը (իսկ քո աղքատութիւնը հարստութիւն պիտի դառնայ), նաեւ հայհոյութիւնը նրանց, որ իրենք իրենց մասին ասում էին, թէ հրեաներ են, բայց այլ բան չէին, քան Սատանայի ժողովուրդ։
10Մի վախենայ այն բանի համար, որ պիտի չարչարւես. ահա չարախօէն պատրաստ է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպէսզի փորձւէք եւ տասը օր նեղութիւն կրէք. եղիր հաւատարիմ մինչեւ մահ, եւ ես քեզ կեանքի պսակը պիտի տամ։ 11Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, չպիտի վնասւի երկրորդ մահից»։
Պատգամ Պերգամոնի

12«Գրիր նաեւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի.
13տեսայ քո գործերը եւ գիտեմ, որ բնակւում ես այնտեղ, ուր Սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաեւ չուրացար իմ հաւատը այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հաւատարիմ եղաւ ինձ. եւ որովհետեւ վկայ էր իմ հաւատարիմը, սպանւեց ձեր մէջ, այնտեղ, ուր Սատանան է բնակւում։
14Բայց քո դէմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մօտ կայ վարդապետութիւնը Բաղաամի, այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղութիւն դնել իսրայէլացիների առաջ, որպէսզի նրանք ուտեն կուռքերին զոհւած միս եւ պոռնկանան։
15Նոյնպէս եւ դու ունես նիկողայոսեանների վարդապետութիւնը, որ ես ատում եմ։
16Արդ, ապաշխարիր, ապա թէ ոչ իսկոյն կը գամ եւ կը մարտնչեմ նրանց դէմ իմ բերանի սրով։
17Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, նրան թոյլ կը տամ, որ ուտի թաքցւած մանանայից, եւ կը տամ նրան սրբութեան գիրքը ու գրւած մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է»։

Պատգամ Թիւատիրի

18«Գրիր նաեւ Թիւատիրի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, եւ նրա ոտքերը՝ շիկացած պղնձի.
19տեսայ քո գործերը, սէրը, հաւատը եւ քո ծառայութիւնը համբերութեամբ, քանի որ քո վերջին գործերն աւելի շատ են, քան առաջինները։
20Բայց շատ բան ունեմ ասելու քո դէմ. այն, որ դու հանդուրժեցիր Յեզաբէլին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն մարգարէ է անւանում եւ մոլորութիւն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան եւ ո ւտեն կուռքերին զոհւածի միս։
21Եւ նրանց ժամանակ տւի ապաշխարելու իրենց պոռնկութեան համար, բայց չապաշխարեցին։
22Ահա, ես հնոցն եմ գցում նրան, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացաւ՝ մեծամեծ նեղութիւնների մէջ, եթէ չապաշխարեն իրենց գործերի համար։
23Եւ պիտի կոտորեմ նրանց որդիներին, եւ բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ե՛ս եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը եւ հատուցելու եմ ձեզ՝ իւրաքանչիւրիդ ըստ իր գործերի։
24Բայց ասում եմ ձեզ, դուք, որ Թիւատիրում էք եւ չէք պահում այս վարդապետութիւնը, դուք, որ չիմացաք, - ինչպէս ասում են, - Սատանայի ծածուկ մտքերը. ձեր վրայ ուրիշ ծանրութիւն չպիտի դնեմ,
25այլ, ինչ որ ունէք, պահեցէ՛ք, մինչեւ որ ես գամ։
26Եւ ով յաղթի ու իմ գործերը պահի մինչեւ վերջ, նրան իշխանութիւն պիտի տամ ազգերի վրայ.
27եւ նա նրանց պիտի հովւի երկաթէ գաւազանով ու նրանց պիտի փշրի ինչպէս բրուտի անօթ։
28Նոյնպէս եւ ես ստացայ իշխանութիւնը իմ Հօրից։ Եւ նրանց պիտի տամ առաւօտեան աստղը։
29Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 3

Պատկամ Սարդիկէի Եկեղեցուն

1«Գրիր նաեւ Սարդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով ունի Աստծու եօթը Հոգիները եւ եօթը աստղերը. տեսայ քո գործերը, դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։
2Արթուն եղիր եւ զօրացիր այսուհետեւ, քանի որ մօտ ես մեռնելու. քանզի քո գործերը Աստծու առաջ կատարեալ չգտայ։
3Ուրեմն, յիշիր, թէ ինչպէս լսեցիր խօսքը. եւ պահիր այն ու ապաշխարիր. իսկ եթէ չարթնանաս, կը գամ ինչպէս գող, եւ իմ գալուստը քեզ մօտ ոչ ոք չի իմանայ։
4Սակայն Սարդիկէում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները եւ շրջում են սպիտակ զգեստների մէջ, որոնց արժանի եղան։
5Ով յաղթի, այսպէս սպիտակ կը հագնի, եւ նրա անունը չի ջնջւի կեանքի գրքից. եւ նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հօր առաջ եւ նրա հրեշտակների առաջ։
6Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

Պատգամ Փիղադեղփիայի Եկեղեցուն

7«Գրիր նաեւ Փիղադեղփիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դաւթի բանալին. բաց է անում, եւ չկայ մէկը, որ փակի. եւ փակում է, ու չկայ մէկը, որ բաց անի.
8տեսայ քո գործերը. ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թէեւ քիչ զօրութիւն ունես, բայց պահեցիր իմ խօսքերը եւ չուրացար իմ անունը։
9Ահա ես յանձնում եմ քեզ Սատանայի ժողովից եղողներին. նրանք իրենց մասին ասում են, թէ հրեաներ են, բայց չեն. եւ ստում են. պիտի այնպէս անեմ նրանց, որ գան եւ երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։
10Քանի որ պահեցիր իմ համբերութեան խօսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձութեան ժամին, որ պիտի գայ ամբողջ տիեզերքի վրայ փորձութեան ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։
11Ահա շուտով գալիս եմ. պահիր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը։
12Ով յաղթի, նրան իմ Աստծու տաճարին սիւն պիտի դարձնեմ. եւ նա այլեւս այնտեղից դուրս չի գալու. եւ նրա վրայ պիտի գրեմ իմ Աստծու անունը եւ իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղէմի, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց, եւ նրա անունը նոր է։
13Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

Պատկամ Լաւոդիկէի Եկեղեցուն

14«Գրիր նաեւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Ամէնը՝ հաւատարիմ եւ ճշմարիտ վկան Աստծու արարածների Սկիզբը.
15գիտեմ քո գործերը, դու, որ ոչ սառն ես եւ ոչ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք.
16իսկ դու անտարբեր ես ոչ տաք, ոչ էլ սառն. հիմա պիտի ործկալ քեզ իմ բերանից,
17քանի որ ասում ես. «Հպարտ եմ եւ առաւել հարստացայ ու ոչ մի բանի կարօտ չեմ». բայց չգիտես, թէ ողորմելի ես դու, թշւառ եւ աղքատ, մերկ եւ կոյր։
18Արդ, մի խորհուրդ տամ քեզ. առ, գնիր ինձնից կրակի փորձւած անցած ոսկի, որ հարստանաս. գնիր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպէսզի քո մերկութեան անվայելչութիւնը չերեւայ, եւ քո աչքերին դեղ դիր, որ տեսնես։
19Ում սիրում եմ ես, նրան յանդիմանում եմ եւ խրատում։ Նախանձախնդիր եղիր ուրեմն եւ ապաշխարիր։
20Ահաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կընթրեմ նրա հետ, եւ նա ինձ հետ։
21Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին։
22Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 4

Երկնքի Մէջի Պաշտամունքը

1 Եւ սրանից յետոյ տեսայ, որ ահա երկնքի դռները բացւած էին. եւ առաջին փողի ձայնը, որ լսեցի, խօսում էր ինձ հետ ու ասում. «Ելիր այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։
2Եւ իսկոյն Հոգին բռնեց ինձ։ Եւ ահա տեսայ մի աթոռ այնտեղ, երկնքում.
3եւ աթոռի վրայ նստել էր մէկը յասպիս եւ սարդիոն քարերի տեսքով.
4եւ քահանաներ աթոռի շուրջ՝զմրուխտի տեսքով. եւ այդ աթոռի շուրջ՝ քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրայ նստել էին քսանչորս երէցներ՝ սպիտակ զգեստներ հագած եւ իրենց գլուխների վրայ՝ ոսկէ պսակներ։
5Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ դղրդոցներ. եւ աթոռի առաջ կային բորբոքւած կրակի եօթը ջահեր, որ Աստծու եօթը Հոգիներն են։
6Եւ աթոռի առաջ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, եւ աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը չորս կենդանիներ՝ առջեւից ու յետեւից աչքերով լի։
7Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի։
8Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թեւ եւ ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակալ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես եւ որ գալու ես»։
9Եւ երբ կենդանիները փառք եւ պատիւ եւ գոհութիւն էին մատուցում աթոռի վրայ նստածին յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին,
10քսանչորս երէցներն ընկնում էին աթոռի վրայ նստածի առաջ եւ երկրպագում յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին եւ իրենց պսակները դնում էին աթոռի առաջ ու ասում.
11«Մեր սուրբ Տէր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դու ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալով ստեղծւեցին ու գոյութիւն ունեն»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 5

Կնքւած ԳիրքԸ եւ Գառնուկը

1 Տեսայ նաեւ աթոռի վրայ նստողի աջ ձեռքում մի գիրք գրւած ներսից եւ դրսից ու կնքւած եօթը կնիքով։
2Եւ տեսայ մի զօրաւոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. «Ով է արժանի բաց անելու գիրքը եւ քանդելու նրա կնիքները»։
3Եւ ոչ ոք կար, ոչ երկնքում, ոչ երկրի վրայ, ոչ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետեւ չէին տեսել այն։
4Եւ ես ուժգին լաց էի լինում, քանի որ չգտնւեց մէկը, որ արժանի լինէր բաց անելու գիրքը եւ նայելու նրա մէջ։
5Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Լաց մի եղիր. ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղից է, Դաւթի արմատից, որ բաց է անելու գիրքը եւ քանդելու է նրա եօթը կնիքները»։
6Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ մորթւած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկւած ամբողջ երկրով մէկ։
7Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից։
8Եւ երբ առաւ գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երէցներն ընկան Գառան առաջ. եւ իւրաքանչիւրն ունէր քնար եւ խնկով լի ոսկէ բուրվառ, որ սրբերի աղօթքներն են։
9Եւ նոր երգեր էին երգում ու ասում. «Արժանի ես առնելու այդ գիրքը եւ բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթւեցիր եւ գնեցիր մեզ Աստծու համար, քո արիւնով, բոլոր ցեղերից եւ լեզուներից ու հեթանոսների բազմութիւններից։
10Եւ նրանց թագաւորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպէսզի թագաւորեն երկրի վրայ»։
11Տեսայ նաեւ ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի եւ չորս կենդանիների ու քահանաների շուրջը. եւ նրանց թիւը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր։
12Նրանք ասում էին բարձր ձայնով. «Արժանի է այդ մորթւած Գառը ընդունելու մեծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք եւ օրհնութիւն»։
13Լսեցի նաեւ, որ երկնքում, երկրի վրայ եւ ծովում եղած բոլոր արարածները, ինչպէս նաեւ դրանց մէջ եղած ամէն ինչ ասում էին. «Նա, որ նստած է աթոռի վրայ, ինչպէս եւ Գառը, թող օրհնեալ, բարձրացեալ եւ փառաւորեալ լինի յաւիտեանս յաւիտենից»։
14Եւ չորս կենդանիներն ասում էին Ամէն։ Եւ երէցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 6

կնիքները

1 Տեսայ նաեւ, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. եւ չորս կենդանիներից մէկից լսեցի մի ձայն, նման դղրդոցի ձայնի, որ ասում էր՝ գալիս եմ։
2Եւ ահա տեսայ մի սպիտակ ձի. եւ նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. եւ նրան պսակ տրւեց. եւ եկաւ յաղթողը, որ յաղթի։
3Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։
4Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնւած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի միմեանց սպանեն։ Եւ նրան տրւեց մի մեծ սուր։
5Եւ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր գալիս եմ։ Եւ տեսայ ահա մի սեւ ձի. եւ ով նստել էր նրա վրայ, իր ձեռքին կշեռք ունէր։
6Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի մէկ դենարի. եւ ձէթ ու գինուն վնաս չտաս»։
7Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ գալիս եմ։
8Եւ տեսայ ահա դեղնաւուն մի ձի. եւ ով նստել էր նրա վրայ, ունէր Մահը. եւ Դժոխքը գնում էր նրա յետեւից։ Եւ նրան իշխանութիւն տրւեց աշխարհի մէկ չորրորդ մասի վրայ կոտորած անելու սրով, սովով, մահով եւ երկրի գազաններով։
9Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանւել էին Աստծու խօսքի եւ այն վկայութեան համար, որ պահւմ էին։
10Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարիտ Տէր, մինչեւ երբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»։
11Եւ նրանց տրւեցին սպիտակ զգեստներ. եւ ասւեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահւան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք։
12Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ մեծ երկրաշարժ եղաւ. եւ արեգակը սեւ դարձաւ ինչպէս այծի մազից հիւսւած կարպետը, եւ լուսինն ամբողջովին դարձաւ ինչպէս արիւն։
13Եւ երկնքի աստղերը թափւեցին երկրի վրայ ինչպէս տերեւը թզենու, որ ուժգին շարժւում է քամին.
14եւ երկինքը ոլորւեց ինչպէս մագաղաթեայ գիրք. եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժւեցին իրենց տեղից։
15Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները թաքնւեցին քարայրներում եւ ժայռերի ծերպերում։
16Եւ լեռներին ասում էին՝ ընկէք մեր վրայ, եւ բլուրներին, թէ ծածկեցէք մեզ.
17որովհետեւ եկաւ նրա բարկութեան մեծ օրը. եւ ով կարող է կանգնել նրա առաջ։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 7
Կնիք Դնեմ Իմ Աստծու(144000) Ծառաների Վրայ

1 Եւ դրանից յետոյ տեսայ չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկիւններին եւ պահել էին երկրի չորս քամիները, որպէսզի քամի չփչի ոչ երկրի, ոչ ծովի եւ ոչ էլ ծառերի վրայ։
2Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ ելաւ արեւելքից եւ ունէր կենդանի Աստծու կնիքը. եւ բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանութիւն էր տրւած վնասելու երկրին եւ ծովին։
3Եւ ասում էր. «Վնաս մի տւէք երկրին. ոչ ծովին, ոչ ծառերին. սպասեցէք, մինչեւ որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների վրայ»։
4Եւ լսեցի, որ կնքւածների թիւը հարիւր քառասունչորս հազար է իսրայէլացիների բոլոր ցեղերից կնքւած.
5Յուդայի ցեղից տասներկու հազար կնքւած, Ռուբէնի ցեղից՝ տասներկու հազար կնքւած, Գադի ցեղից տասներկու հազար կնքւած,
6Ասերի ցեղից տասներկու հազար կնքւած, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար կնքւած, Մանասէի ցեղից՝ տասներկու հազար կնքւած,
7Շմաւոնի ցեղից՝ տասներկու հազար կնքւած, Ղեւիի ցեղից՝ տասներկու հազար կնքւած, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար կնքւած,
8Զաբուղոնի ցեղից տասներկու հազար կնքւած, Յովսէփի ցեղից տասներկու հազար կնքւած, Բենիամինի ցեղից տասներկու հազար կնքւած։
9Եւ դրանից յետոյ տեսայ մի մեծ բազմութիւն, որին թիւ չկար, բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ եւ Գառան առաջ իրենց վրայ սպիտակ զգեստներ գցած եւ արմաւենու ճիւղեր իրենց ձեռքերին։
10Բարձր ձայնով աղաղակում էին եւ ասում. «Փրկութիւնը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ Գառանը»։
11Եւ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի եւ երէցների ու չորս կենդանիների շուրջը եւ երեսի վրայ ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝
12ասելով. «Ամէն։ Օրհնութի՜ւն, փա՜ռք, իմաստութի՜ւն, գոհութի՜ւն, պատի՜ւ, զօրութի՜ւն եւ կարողութի՜ւն մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»։
13Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքեր են եւ կամ որտեղից են գալիս»։
14Ես նրան ասացի. «Տէր, գիտես դու»։ 1
5Եւ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղութիւններից եւ իրենց զգեստները լւացին ու սպիտակեցրին Գառան արիւնով։
16Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ եւ զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մէջ։ Եւ նա, որ նստում է աթոռի վրայ, բնակւում է նրանց մէջ։
17Ոչ քաղց են զգալու, ոչ էլ ծարաւելու են. եւ նրանց չի վնասելու ոչ արեգակը, ոչ էլ տօթը։
18Եւ Գառը, որ իր աթոռի մէջտեղում է, պիտի հովւի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը կենդանի ջրի, քանի որ Աստւած նրանց աչքերից սրբեց ամէն արտասուք»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 8

Եօթներորդ Կնիքը

1 Եւ երբ բացեց եօթներորդ կնիքը, երկնքում լռութիւն եղաւ մօտ կէս ժամ։
2Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. եւ նրանց եօթը փող տրւեց։
3Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. եւ նրան շատ խունկ տրւեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սրբերին ոսկէ խորանի վրայ, աթոռի առաջ։
4Եւ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպէս աղօթք սրբերի, ելաւ Աստծու առաջ։
5Եւ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրայ. եւ եղաւ դղրդոց եւ ձայներ եւ փայլատակում եւ մեծ երկրաշարժ։

փողերը

6Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստւեցին դրանք հնչեցնելու։
7Եւ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. եւ եղաւ կարկուտ եւ հուր արիւնով խառնւած. եւ գցւեց երկրի վրայ. եւ երկրի մէկ երրորդ մասը այրեց. այրեց եւ ծառերի մէկ երրորդ մասը. այրեց եւ ամբողջ դալար խոտը։
8Փող հնչեցրեց նաեւ երկրորդ հրեշտակը. եւ մի բան, ինչպէս մի մեծ հրդեհւած լեռ, ընկաւ ծովը, եւ ծովի մէկ երրորդ մասը արիւն դարձաւ.
9եւ ծովային կենդանիների մէկ երրորդ մասը կոտորւեց, եւ կենդանի ինչ շունչ որ կար, ոչնչացաւ։
10Փող հնչեցրեց նաեւ երրորդ հրեշտակը. եւ երկնքից ընկաւ մի մեծ աստղ՝ հրաբորբոք ինչպէս ջահ. եւ ընկաւ գետերի ու աղբիւրների մէկ երրորդ մասի վրայ։
11Եւ աստղի անունն էր Դառնութիւն. եւ ջրի դառնութիւնից շատեր մեռան։
12Փող հնչեցրեց նաեւ չորրորդ հրեշտակը. եւ զարկւեց արեգակի մէկ երրորդ մասը, լուսնի մէկ երրորդ մասը եւ աստղերի մէկ երրորդ մասը։ Եւ խաւարեց նրանց մէկ երրորդ մասը, նոյնպէս եւ գիշերւայ մէկ երրորդ մասը։
13Եւ տեսայ ու լսեցի երկնքի մէջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրայ բնակուողներին, երբ կը հնչի նաեւ միւս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 9
Փող Հնչեցրեց Հինգերորդ եւ Վեցերորդ Հրեշտակը

1Փող հնչեցրեց նաեւ հինգերորդ հրեշտակը. եւ տեսայ, որ մի աստղ ընկաւ երկնքից։ Եւ նրան տրւեց անդունդների գբի բանալին։
2Գբից ծուխ էր բարձրանում, ինչպէս մեծ հնոցի ծուխը։ Խաւարեց արեգակը, ինչպէս նաեւ օդը։
3Գբից մորեխ էր դուրս գալիս երկրի վրայ. եւ նրանց տրւեց զօրութիւն նման կարիճի խայթոցների զօրութեան.
4եւ նրանց ասւեց, որ չվնասեն երկրի խոտին, ոչ էլ ծառերին, այլ միայն՝ երկրային այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրայ չունեն Աստծու կնիքը։
5Եւ նրանց հրաման տրւեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն. եւ նրանց չարչարանքը նման էր կարիճի խայթոցների, երբ նա խայթում է մարդուն։
6Եւ այն օրերին մարդիկ մահը պիտի փնտռեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։
7Եւ մորեխը նման էր պատերազմի պատրաստւող ձիուն. եւ նրանց գլուխների վրայ կարծես ոսկէ պսակ կար. նրանց երեսները նման էին մարդու երեսների,
8եւ նրանց մազերը կնոջ մազերի, եւ նրանց ատամները՝ առիւծի ատամների։
9Եւ նրանք ունէին զրահներ, որոնք նման էին երկաթէ զրահների. եւ նրանց թեւերի ձայնը նման էր կառք քաշող բազում ձիերի ձայնին, որոնք արշաւում են պատերազմի։
10Նրանք ունէին պոչեր նման կարիճների պոչերի, եւ խայթոցներ՝ իրենց պոչերին. եւ իշխանութիւն ունէին հինգ ամիս չարչարելու մարդկանց։
11Եւ իրենց վրայ որպէս թագաւոր ունէին դժոխքի հրեշտակին. եւ նրա անունը եբրայերէն Աղբադոն էր, որ հայերէն լեզւով կոչւում է Կորուստ։
12Ահա անցաւ մէկ վայը, եւ գալու են դեռ երկու վայեր։
13Փող հնչեցրեց նաեւ վեցերորդ հրեշտակը. եւ այն չորս կենդանիներից, որ Աստծու խորանի առաջ էին, լսեցի մի ձայն,
14որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որը փող ունէր. «Եփրատ գետի վրայ կապւած չորս հրեշտակներին արձակիր»։
15Եւ արձակւեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամւայ, օրւայ, ամսւայ եւ տարւայ համար, որպէսզի սպանեն մարդկութեան մէկ երրորդ մասը։
16Եւ նրանց հեծեալ զօրքերի քանակը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր. իմացայ նրանց թիւը։
17Եւ տեսիլքում տեսայ ձիեր ու նրանց վրայ հեծեալներ, որոնք ունէին հրէ զրահներ եւ ծծմբով հրդեհւած յակինթներ. եւ ձիերի գլուխները նման էին առիւծների գլուխների. եւ նրանց բերանից ելնում էր կրակ, ծուխ եւ ծծումբ։
18Եւ մարդկութեան մէկ երրորդ մասը կոտորւեց այս հարւածներից՝ այն կրակից, ծխից եւ ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.
19որովհետեւ ձիերի զօրութիւնը իրենց բերաններում է եւ իրենց պոչերի վրայ. եւ նրանց պոչերը նման էին օձի. եւ ունէին գլուխներ, որոնցով սպանում էին անիրաւներին։
20Եւ մարդկութեան մնացած մասը, որ չմեռաւ այս հարւածներից, չապաշխարեց, ոչ էլ հետ կանգնեց իր ձեռքի գործերից դեւերին եւ ոսկէ, արծաթէ, պղնձէ, քարէ եւ փայտէ կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ոչ տեսնել կարող են, ոչ լսել եւ ոչ էլ քայլել։
21Եւ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանութիւնից, կախարդութիւնից, պոռնկութիւնից եւ գողութիւնից։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 10

Հրեշտակը եւ Կնքւած Գրքոյկը

1 Տեսայ նաեւ մի այլ զօրաւոր հրեշտակ, որ իջնում էր երկնքից՝ ամպի մէջ փաթաթւած եւ իր գլխին՝ ծիածան. եւ նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղէն սիւների։
2Եւ նա իր ձեռքում ունէր մի բացւած գրքոյկ. նա իր աջ ոտքը դրեց ծովի վրայ, իսկ ձախը ցամաքի վրայ։
3Եւ աղաղակեց բարձր ձայնով, ինչպէս մռնչում է առիւծը. եւ երբ աղաղակեց, եօթը որոտները թնդացին իրենց ձայներով. 4եւ երբ եօթը որոտները թնդացին, ուզում էի գրել. բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկիր, ինչ որ խօսեցին եօթը որոտները եւ մի գրիր»։
5Եւ այն հրեշտակը, որին տեսել էի եւ որն իր ոտքը դրել էր ծովի վրայ, իսկ միւս ոտքը՝ ցամաքի վրայ, իր աջ ձեռքը բարձրացրեց երկինք. 6նա երդւեց Նրանով, որ յաւիտեան կենդանի է, որ ստեղծեց երկիրը եւ ինչ որ կայ նրա մէջ, թէ այլեւս չկայ ժամանակ.
7այլ այն օրը, երբ եօթներորդ հրեշտակը իր փողը հնչեցնի, պիտի կատարւի Աստծու խորհուրդը, որ աւետարանուեց իր ծառաների՝ մարգարէների միջոցով։ 8Եւ այն ձայնը, որ լսել էի երկնքից, դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասաց. «Գնա, առ այն գրքոյկը, որը, բացւած, իր ձեռքում ունի հրեշտակը եւ կանգնած է ծովի ու ցամաքի վրայ»։
9Եւ ես, գնալով հրեշտակի մօտ, նրանից խնդրեցի գրքոյկը. եւ նա ինձ ասաց. «Առ սա եւ կեր, եւ քո որովայնում դառն պիտի դառնայ այն, իսկ քո բերանում՝ քաղցր ինչպէս մեղր»։
10Եւ հրեշտակից վերցրի բացւած գրքոյկը ու կուլ տւի. եւ իմ բերանում մեղրի պէս էր այն. իսկ երբ կերայ, իմ որովայնը դարձաւ դառն։
11Եւ հրեշտակն ինձ ասաց. «Պէտք է, որ դու վերստին մարգարէանաս ժողովուրդների, այլ ազգերի, լեզուների եւ երկրի թագաւորների մասին»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 11

Երկու Վկաներ

1 Այնուհետեւ ինձ տրւեց չափելու մի եղէգ, որ նման էր գաւազանի. եւ հրեշտակը կանգնած էր ու ասում էր ինձ. «Վեր կաց եւ չափիր Աստծու տաճարն ու զոհասեղանը եւ հաշուիր այն երկրպագողներին, որ նրա մէջ են։
2Իսկ այն գաւիթը, որ տաճարից դուրս է, թող այն եւ մի չափիր, քանի որ այն տրւել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։
3Եւ իմ երկու վկաներին պիտի պատւիրեմ, որ մարգարէանան հազար երկու հարիւր վաթսուն օրեր՝ քուրձ հագած»։
4Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ երկրի վրայ։
5Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի նրանց բերանից եւ պիտի լափի իրենց թշնամիներին։ Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, այսպէս պիտի կործանուեն։
6Երկու վկաներն իշխանութիւն ունեն փակելու երկինքը, որպէսզի իրենց մարգարէութեան օրերում անձրեւ չտեղայ. իշխանութիւն ունեն եւ ջրերի վրայ դրանք արիւն դարձնելու, ինչպէս նաեւ հարուածելու երկրին բոլոր հարուածներով, քանի անգամ որ կամենան։
7Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դէմ, պիտի յաղթի եւ պիտի սպանի նրանց։
8Եւ նրանց դիակը ընկած պիտի մնայ իրենց մեծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ եւ Եգիպտոս, ուր եւ խաչւեց նրանց Տէրը։
9Եւ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները եւ բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետեւ նրանց դիակը ընկած պիտի մնայ երեք օր. եւ թոյլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։
10Եւ երկրի վրայ բնակուողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահւան վրայ, նոյնիսկ ընծաներ եւ նւէրներ պիտի տանեն միմեանց, որովհետեւ այս երկու մարգարէները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։
11Երեքուկէս օր յետոյ կենդանութեան հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մէջ, եւ նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի վրայ։ Եւ ահ ու մեծ երկիւղ ընկաւ բոլոր նրանց վրայ, ովքեր տեսան նրանց։
12Եւ լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելէք, եկէ՛ք այստեղ»։ Եւ նրանք ելան երկինք՝ ամպերով. եւ իրենց թշնամիները տեսան նրանց։
13Այդ իսկ ժամին մեծ երկրաշարժ եղաւ, եւ քաղաքի մէկ տասներորդ մասը գետնի տակ թաղւեց. երկրաշարժից մեռաւ եօթը հազար մարդ։ Դրանից յետոյ բոլորի մէջ մեծ ահ առաջացաւ. եւ փառք էին տալիս երկնաւոր Աստծուն։
14Ահա անցաւ երկրորդ վայը, եւ երրորդ վայը գալու է շուտով։

Եօթներորդ Հրեշտակը

15Եւ երբ եօթներորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսուեց մի ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը եղաւ մեր Տիրոջը եւ իր Օծեալինը. եւ նա պիտի թագաւորի բոլորի վրայ յաւիտեանս յաւիտենից»։
16Եւ քսանչորս երէցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին Տէր Աստծուն ու ասացին. 17«Գոհութիւն ենք մատուցում քեզ, Ամենակալ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես, ձեռքդ առար քո մեծ զօրութիւնը եւ թագաւորեցիր։
18Հեթանոսները զայրացան. բայց հասաւ քո բարկութիւնը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարէներին եւ սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին եւ ոչնչացնելու երկրի կործանիչներին»։
19Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երեւաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. եւ եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ եւ՝ ուժեղ կարկուտ։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 12

Կինը եւ Վիշապը

1 Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ տասներկու աստղերից։
2Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու։
3Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ կար եօթը խոյր։
4Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ ծնելու վրայ էր, որպէսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տայ նրան։
5Եւ կինը ծնեց մի արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով։ Եւ նրա որդին յափշտակւեց տարւեց Աստծու եւ նրա գահի մօտ։
6Եւ կինը փախաւ դէպի անապատ, ուր նրան տեղ էր պատրաստւել Աստծու կողմից, որպէսզի այնտեղ կերակրւի հազար երկու հարիւր վաթսուն օր։
7Եւ երկնքում պատերազմ եղաւ։ Միքայէլը եւ իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով, 8բայց նրանք չկարողացան դիմադրել. եւ երկնքում նրանց համար տեղ չգտնւեց։
9Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ ընկան նաեւ նրա հրեշտակները։
10Եւ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկաւ մեր Աստծու զօրութիւնը, փրկութիւնն ու արքայութիւնը եւ նրա Օծեալի իշխանութիւնը, որովհետեւ ընկաւ մեր եղբայրների դէմ չարախօսողը, նա, ով Աստծու առաջ նրանց մասին չարախօսում էր գիշեր-ցերեկ։
11Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա վկայութեան խօսքով։ Եւ չհամաձայնեցին վիշապի հետ նոյնիսկ ի գին իրենց մահւան։
12Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկիր եւ ծով, որովհետեւ ձեր մէջ ընկաւ չարախօսն մեծ բարկութիւնով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու»։
13Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը երկիր ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել։
14Եւ կնոջը տրւեց մեծ արծւի երկու թեւ, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք եւ կէս տարի։
15Ապա օձը իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի։
16Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը եւ կուլ տւեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից։
17Եւ վիշապը զայրացաւ կնոջ դէմ ու գնաց պատերազմելու ընդդէմ նրա միւս զաւակների, որոնք պահում էին Աստծու պատուիրանները եւ վկայում էին Յիսուսին։
18Եւ նա կանգնեց ծովի աւազի վրայ։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 13

Երկու Գազանները

1 Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ նրա գլուխների վրայ՝ հայհոյալից մի անուն։
2Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, եւ նրա բերանը՝ առիւծի բերանի։ Եւ վիշապը նրան տւեց իր զօրութիւնը, իր գահը եւ մեծ իշխանութիւն։
3Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորւած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացաւ գազանի վրայ, քանի որ վիշապը տւեց նրան իր թագաւորութիւնը։
4Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տւել էր գազանին. եւ ասացին. «Ով է նման այս գազանին, կամ ով կը կարողանայ կռւել դրա դէմ»։
5Եւ նրան տրւեց բերան՝ խօսելու մեծ-մեծ բաներ եւ հայհոյութիւն։ Եւ քառասուներկու ամիս նրան իշխանութիւն տրւեց։
6Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ եւ հայհոյեց նրա անունը, նրա խորանը եւ երկնային բնակավայրը։
7Եւ նրան իշխանութիւն տրւեց բոլոր ազգերի եւ լեզուների ու ժողովուրդների վրայ, 8որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրւած չեն մորթւած Գառան կեանքի գրքում։
9Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն, 10քանի որ կան ոմանք, որոնք պիտի գերի դառնան, կան ոմանք, որոնք սրով պիտի մեռնեն, եւ կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի լինեն։ Այստեղ է ահա սրբերի համբերութիւնը եւ հաւատը։
11Եւ տեսայ մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից եւ ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, եւ խօսում էր՝ ինչպէս վիշապը։
12Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ եւ ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, մինչեւ որ առողջանայ նրա մահացու վէրքը։
13Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ. 14եւ մոլորեցնում էր երկրի վրայ բնակւողներին այն նշաններով, որ թոյլատրւած էին, որ նա կատարէր գազանի առաջ։ Երկրի բնակիչները նրան ասացին. «Կերտիր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վէրքերից»։
15Եւ նրան իշխանութիւն տրւեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի. 16եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրայ։
17Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անւան թիւը։
18Այստեղ է ահա իմաստութիւնը։ Ով խելք ունի, թող հաշւի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է վեց հարիւր վաթսունվեց։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ . 14

Գառն եւ Իր Ժողովուրդը

1 Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրայ. եւ նրա հետ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա եւ նրա Հօր անունն ունէին գրւած իրենց ճակատների վրայ։
2Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի եւ ուժեղ որոտի ձայնի. եւ իմ լսած ձայնը նման էր իրենց քնարները հնչեցնող քնարահարների նւագի ձայնին։
3Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ եւ երէցների առաջ. եւ ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն հարիւր քառասունչորս հազարը, որոնք փրկւած են երկրից։
4Սրանք այն մարդիկ են, որոնք չխառնակւեցին կանանց հետ եւ կոյսեր են. սրանք գնում են Գառան յետեւից, ուր էլ նա գնայ։
Սրանք ընտրւեցին մարդկանց միջից Աստծու եւ Գառան առաջ։
5Եւ սրանց բերանում սուտ խօսք չգտնուեց, որովհետեւ անբիծ են։

Երեք Հրշտակները

6Եւ տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին։
7Եւ նա ասում էր բարձր ձայնով. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տւէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը. եւ երկրպագեցէք երկնքի եւ երկրի եւ ծովի ու ջրերի աղբիւրների Արարչին»։
8Եւ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետեւից եւ ասում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, բարկութիւնից եւ իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին»։
9Եւ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց յետեւից եւ բարձր ձայնով ասում. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին եւ կամ նրա նշանի դրոշմն առաւ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրայ, 10այդպիսին պիտի խմի Աստծու բարկութեն բաժակից, որ անխառն լցւած է նրա բարկութեան բաժակի մէջ, եւ նա պիտի տանջւի, հրով եւ ծծմբով, Աստծու ու Գառան առաջ։ 11Եւ նրանց ծուխը պիտի բարձրանայ յաւիտեանս յաւիտենից. եւ գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին եւ առան նրա դրոշմն ու անունը»։
12Եւ այստեղ է ահա սրբերի համբերութիւնը, որոնք պահում են Աստծու պատուիրանները եւ Յիսուսի հանդէպ իրենց հաւատը։
13Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. «Գրիր. երանի այն մեռելներին, որոնք այժմւանից իսկ ննջեցին ի Տէր։ Հոգին այս բանն է ասում հանգստացան իրենց տքնութիւնից, եւ միայն իրենց գործերի արդիւնքը հետեւեց իրենց»։

Երկրի Հունձքը

14Ապա ես տեսայ մի սպիտակ ամպ. եւ ամպի վրայ նստել էր մէկը նման մարդու Որդուն. նա իր գլխին ունէր ոսկէ պսակ, եւ իր ձեռքին սրած մանգաղ։
15Եւ մի ուրիշ հրեշտակ ելաւ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Դո՛ւ, որ նստած ես այդ ամպի վրայ, շարժիր քո այդ մանգաղը եւ հնձիր, որովհետեւ եկաւ հնձի ժամանակը. եւ երկրի հունձն էլ հասած է»։
16Եւ նա, ով նստել էր ամպի վրայ, շարժեց իր մանգաղը երկրի վրայ ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին։
17Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս ելաւ երկնքում գտնւող տաճարից. եւ սա էլ ունէր սրած մանգաղը ։
18Եւ զոհասեղանից դուրս ելաւ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանութիւն ունէր կրակի վրայ. նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած մանգաղ ունէր, ու ասաց. «Քաղիր ողկոյզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում»։
19Եւ հրեշտակը նետեց իր մանգաղը երկրի վրայ, քաղեց նրա խաղողը եւ գցեց Աստծու մեծ հնձանի մէջ։
20Եւ հնձանը կոխոտւեց քաղաքից դուրս. եւ հնձանից արիւնը հոսում ու բարձրանում էր մինչեւ ձիու սանձերը. եւ նրա երկարութիւնը երեք հարիւր կիլոմետր էր։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .1 5
Վերջին Եօթը Պատւհասները

1 Եւ տեսայ երկնքում մեծ եւ զարմանահրաշ մի այլ նշան. տեսայ եօթը հրեշտակներ, որոնք ունէին վերջին եօթը պատւհասները, քանի որ Աստծու բարկութիւնը դրանցով էր աւարտւում։
2 Տեսայ նաեւ ապակէ ծովի նման մի բան խառնւած կրակով. եւ նրանք, որ յաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անւան թւին եւ նրա դրոշմին, կանգնած էին ապակէ ծովի վրայ եւ ունէին Աստծու քնարները. 3նրանք Աստծու առաջ երգում էին Մովսէսի երգերը եւ Գառան երգերը՝ ասելով. «Տէ՛ր Աստուած Ամենակալ, մեծամեծ եւ սքանչելի են քո գործերը, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, դու, Թագաւորդ բոլոր ազգերի։
4Եւ ով է, որ չի երկնչելու եւ չի փառաւորելու քո սուրբ անունը, որովհետեւ դու ես միայն սուրբ եւ արժանի երկրպագութեան. բոլոր ազգերը պիտի գան եւ պիտի երկրպագեն քո առաջ, Տէր, երբոր քո արդարութիւնը յայտնւի»։
5Եւ ապա տեսայ, որ բացւեց վկայութեան խորանի տաճարը, որ երկնքում էր։
6Եւ տաճարից դուրս էին ելնում եօթը հրեշտակներ, որոնք ունէին եօթը պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտաւ եւ իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկէ գօտիներ։
7Եւ չորս կենդանիների կողմից եօթը հրեշտակներին տրւեցին եօթը սկաւառակներ՝ լի բարկութիւնովն Աստծու, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։
8Եւ տաճարը լցւեց Աստծու փառքի եւ նրա զօրութեան ծխով։ Եւ ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչեւ աւարտւեցին եօթը հրեշտակների եօթը պատւհասները։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .1 6
Աստծու Կատաղումը Եօթը Սկաւառակների( ափսէ) Վրայ

1 Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. «Գնացէք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէք երկրի վրայ»։
2Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ, որ ունէին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին։
3Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. եւ ջրերը փոխւեցին ու դարձան ինչպէս մեռելի արիւն։ Եւ ծովի մէջ եղած ամէն կենդանի արարած սատկեց։
4Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ. եւ նրանք արիւն դարձան։
5Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է նա, որ Է-ն է եւ է եւ սուրբ է իր գործերում, քանի որ այսպէս դատաստան արեց. 6որովհետեւ սրբերի արիւնը եւ մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խմել տւեց նրանց, մի բան, որին արժանի էին»։
7Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. «Այո, Տէր Աստուած Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։
8Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արեւի վրայ։
9Եւ նրան թոյլատրւեց մարդկանց խորշակահար անել կրակով. եւ մարդիկ այրւեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանութիւն ունի այս պատուհասների վրայ, եւ սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն։
10Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. եւ գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց լեզուներն էին կծոտում։
11Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, եւ սակայն չապաշխարեցին իրենց գործերից։
12Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. եւ ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստւի Արեւելքի թագաւորին։
13Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից եւ սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ նման գորտերի. 14քանի որ նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ նրանց պատերազմի հաւաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրւայ համար (քանի որ այսպէս ասաց Տէրը. 15«Ահա գալիս եմ ինչպէս գող. երանի նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց ամօթոյքները չերեւան» )։
16Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին մի տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն։
17Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. եւ երկնքից ու գահից ելաւ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղաւ»։
18Եւ իսկոյն եղան փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ եղաւ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծւելուց ի վեր։
19Եւ մեծ քաղաքը երեք մասի բաժանուեց. եւ ընկան ազգերի քաղաքները. եւ Աստուած յիշեց մեծ Բաբելոնը եւ դրան տւեց իր սաստիկ բարկութեան գինու բաժակը։
20Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները։
21Մարդկանց վրայ երկնքից թափւեց խոշոր կարկուտ յիսուն կիլոգրամ կշռով։ Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է, - կարկուտի փորձանքի համար, քանի որ փորձանքը մեծ էր եւ սաստիկ։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .1 7

Մեծ Պոռնիկը

1 Եւ եկաւ մէկը եօթը հրեշտակներից, որոնք եօթը սկաւառակներ( ափսէ) ունէին, խօսեց ինձ հետ եւ ասաց. «Եկ այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ դատաստանը այն մեծ պոռնկի, որ նստում է շատ ջրերի վրայ. 2նրա հետ պոռնկութիւն արեցին երկրի թագաւորները, եւ նրա պոռնկութեան գինուց հարբեցին երկրի բնակիչները»։
3Եւ հրեշտակը առաւ տարաւ ինձ անապատ Հոգով. եւ տեսայ մի կին, որ նստել էր մի կարմիր գազանի վրայ, որի մարմինը ծածկւած էր հայհոյալից գրութիւններով։ Եւ այն գազանը, որին տեսայ, ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր։
4Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ եւ զարդարւած էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր ոսկէ բաժակ, որը լի էր իր գարշելի եւ անմաքուր պոռնկութեամբ։
5Եւ նրա ճակատին կար գրւած խորհրդաւոր մի անուն. «Մեծն Բաբելոն, մայր երկրի պոռնիկների եւ գարշելիների»։
6Եւ տեսայ այդ կնոջը հարբած սրբերի արիւնից եւ բոլոր վկաների արիւնից։ Եւ տեսնելով նրան մեծապէս զարմացայ։
7Հրեշտակն ինձ ասաց. «Ինչու զարմացար, ես քեզ կասեմ իմաստը կնոջ եւ այդ գազանի, որը կրում է նրան եւ որն ունի եօթը գլուխ եւ տասը եղջիւր»։
8«Եւ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլեւս չկայ, պատրաստ է ելնելու անդնդից՝ գնալու համար դէպի կորուստ։ Եւ բոլոր նրանք, որոնք բնակւում են երկրի վրայ, եւ որոնց անունները գրւած չէին կեանքի գրքում աշխարհի սկզբից, զարմացան, որ դու տեսնում էիր գազանին, որ կար, այլեւս չկայ, բայց վերստին գալը մօտ է։
9Այստեղ է ահա, որ պէտք է իմաստութիւն ունեցող միտք ունենալ։ Եօթը գլուխները եօթը լեռներն են, որոնց վրայ նստել էր կինը։ Նրանք նաեւ եօթը թագաւորներն են. 10թագաւորները, որոնք եօթն էին, նրանցից հինգը ընկան, մէկը ապրեց, մէկն էլ դեռ չի եկել. եւ երբ գայ, մնալու կարճ ժամանակ կունենայ։
11Եւ այն գազանը, որ կար, բայց այլեւս չկայ, նա էլ ութերորդ թագաւորն է. բայց նա այն եօթից մէկն է եւ դէպի կորուստ է գնալու։
12Եւ այն տասը եղջիւրները, որ տեսար, տասը թագաւորներ են, որոնք դեռեւս թագաւորութիւն չեն ստացել, բայց կը ստանան եւ մի ժամով իշխան կը լինեն. նրանք իշխանութիւն կը ստանան գազանի հետ։
13Սրանք միակամ են եւ իրենց զօրութիւնն ու իշխանութիւնը տալիս են գազանին։
14Եւ սրանք պատերազմելու են Գառան դէմ, եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների. եւ ովքեր նրա հետ են, կանչւածներ են, ընտրեալներ եւ հաւատարիմներ»։
15Նաեւ հրեշտակն ասաց ինձ. «Եւ այն ջրերը, որ տեսար, եւ ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր եւ լեզուներ։
16Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարմինը եւ պիտի այրեն նրան կրակով. 17քանի որ Աստւած այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ եւ թագաւորութիւնը տան գազանին, մինչեւ որ կատարւի Աստծու խօսքը։
18Եւ այն կինը, որին տեսար, մեծ քաղաքն է, որ թագաւորում է երկրի թագաւորների վրայ»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .1 8

Ընկաւ Մեծն Բաբելոնը

1 Այնուհետեւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ ունէր մեծ իշխանութիւն. եւ նրա փառքից երկիրը լուսաւորւեց։
2Նա աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Ընկաւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների, 3քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ անառակութիւնից»։
4Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ելէք դրա միջից, ժողովուրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա փորձանքները, 5քանի որ դրա մեղքերը դիզւեցին հասան մինչեւ երկինք։ Աստւած յիշեց դրա ամբարիշտ արարքները։
6Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց։ Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն։ Եւ դուք կրկնակի խառնեցէք նրա համար այն բաժակը, որի մէջ դա խառնեց ձեզ համար։
7Որչափ փառաւորեց ինքն իրեն եւ ապրեց անառակութեամբ, այդչափ դրան սուգ հատուցեցէք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած եմ որպէս թագուհի եւ երբեք այրի չեմ»։
8Դրա համար միայն մէկ օրում դրա վրայ պիտի հասնեն փորձանքներ մահ, սուգ եւ սով. եւ դա պիտի այրւի կրակով, քանզի հզօր է Տէր Աստուածը, որ դատապարտեց դրան։
9Եւ դրա վրայ պիտի լան ու պիտի ողբան երկրի թագաւորները, որոնք պոռնկացան եւ զւարճացան դրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն դրա տանջանքների այրման ծուխը. 10դրա տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն եւ ասեն. «Վայ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, հզօր քաղաք, մէկ ժամում եկաւ հասաւ քո դատաստանը»։
11Եւ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան քո վրայ, քանի որ նրանց ապրանքների ոչ ոք չի գնում։ 12Եւ չեն լինելու քեզնից ստացւող շահերը ոսկու, արծաթի, թանկարժէք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի եւ որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամէն փայտ, փղոսկրեայ ամէն անօթ, ազնիւ փայտից, պղնձից, երկաթից եւ մարմարից ամէն անօթ, 13կինամոն, ամէն տեսակ խունկ եւ անուշահոտ իւղ, կնդրուկ, գինի, ձէթ, ազնիւ ալիւր եւ ցորեն, եւ ամէն ունեցւածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, որ վայել են մարդկանց մարմիններին եւ հոգիներին։
14Եւ քո մարմնին ցանկալի ամէն բան գնաց քեզնից, նաեւ ամէն լուսափայլ վայելչութիւն. պարարտութիւնը, գիրութիւնը եւ փառաւորութիւնը գնաց քեզնից. եւ այլեւս չես գտնելու դրանք։ 15Եւ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն քեզնից եւ լալով ու սուգ անելով պիտի ասեն. 16«Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի եւ որդան կարմիր ու կրում էիր ոսկէ զարդարանքներ, թանկարժէք քարեր եւ մարգարիտներ, 17մէկ ժամում քո այնչափ հարստութիւնը վատնւեց»։
18Եւ ամէն նաւավար ու բոլոր նրանք, որ նաւարկում են տարբեր տեղեր, ամէն նաւաստի եւ բոլոր ձկնորսները, որ ուռկան են գցում, հեռու պիտի կանգնեն լալով, 19պիտի աղաղակեն տեսնելով նրա այրման ծուխը, ու ասեն. «Որ քաղաքն էր նման այս մեծ քաղաքին»։
20Եւ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, գուժկանի բարձր ձայնով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով հարստանում էինք ամէնքս, նաւեր ունէինք ծովերում շնորհիւ քո ճոխութեան. ինչպէ՞ս կործանւեցիր մէկ ժամում»։
21Երկինք, սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, ուրախացէք դրա վրայ, քանի որ Աստւած դրա հանդէպ ձեր դատաստանը տեսաւ։
22Ապա մի հզօր հրեշտակ առաւ մի քար, նման մի մեծ երկանաքարի, ու գցեց ծովի մէջ ասելով. «Այսպէս, արձակւելով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը եւ այլեւս գոյութիւն չպիտի ունենայ։
23Եւ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների եւ փողհարների ու թմբկի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ. 24եւ ճրագի լոյս այլեւս երբեք չպիտի երեւայ քո մէջ. եւ երկանքի ձայն, փեսայի ձայն ու հարսի ձայն այլեւս երբեք չպիտի լսւի քո մէջ, ոչ էլ ձայնը քո վաճառականների, որոնք երկրի փառաւորներն ու մեծամեծներն էին եւ որոնք զւարճանում էին քո մէջ, քանի որ բոլոր ազգերը մոլորւեցին քո թունաւոր կախարդութեամբ։
25Եւ քո մէջ գտնւեց ամբողջ արիւնը մարգարէների, սրբերի, ինչպէս նաեւ երկրի վրայ սպանւած բոլոր մարդկանց»։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .1 9

Գառան Հարսանիքի Ժամը

1 Այնուհետեւ լսեցի ինչպէս բազմութեան մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալէլուիա՜, փրկութի՜ւն եւ փա՜ռք եւ պատի՜ւ եւ զօրութի՜ւն մեր Աստծուն, 2որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկութեան մէջ եւ նրանից լուծեց իր ծառաների արեան վրէժը»։
3Եւ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. «Ալէլուիա՜. եւ նրա ծուխը բարձրանում է յաւիտեանս յաւիտենից»։
4Եւ ծնկի եկան քսանչորս երէցներն ու չորս կենդանիները եւ երկրպագեցին փառքի գահի վրայ նստած Աստծուն ասելով. «Ամէն. Ալէլուիա»։
5Եւ գահից մի ձայն ելաւ, որ ասում էր. «Օրհներգեցէք մեր Աստծուն, նրա բոլոր ծառաներդ, եւ դուք, որ երկնչում էք նրանից, փոքրեր եւ մեծեր»։
6Եւ լսեցի մի ձայն ինչպէս ձայնը մի մեծ բազմութեան, ինչպէս ձայնը շատ ջրերի եւ ինչպէս ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր դարձեալ. «Ալէլուիա. քանի որ թագաւորեց մեր Ամենակալ Աստուածը։
7Ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասաւ Գառան հարսանիքի ժամը, եւ կինը նրա հարսը, պատրաստւեց. 8հարսին տրւեց հագնելու սպիտակ, մաքուր եւ լուսափայլ բեհեզ»։ Եւ այդ բեհեզը խորհրդանշում է սրբերի արդարութիւնը։
9Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Գրիր այս բանը. երանելի են բոլոր նրանք, որ կանչւած են Գառան հարսանիքի ընթրիքին»։
10Եւ ես ընկնելով նրա ոտքերի առաջ՝ երկրպագեցի նրան. եւ նա ինձ ասաց. «Լսիր, մի ընկիր իմ առաջ, քանի որ ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք վկայում են Յիսուս Քրիստոսին։
Տէր Աստծուն միայն երկրպագիր. Քանի որ Յիսուսի հաստատումով է այդ տեսիլքը եւ այդ մարգարէութեան հոգին, քանի որ Յիսուսի մասին վկայութիւնը, որ մարգարէների մէջ էր, Սուրբ Հոգով է»։

Սպիտակ Ձիաւորը

11Ապա տեսայ երկինքը բացւած. եւ ահա մի սպիտակ ձի. ով հեծել էր նրա վրայ, կոչւում է Հաւատարիմ եւ Ճշմարիտ. նա արդարութեամբ է դատում ու պատերազմում։
12Նրա աչքերը նման էին կրակի բոցի, եւ նրա գլխի վրայ կային բազում պսակներ։ Նա ունէր գրւած մի անուն, որը ոչ ոք չգիտէ, այլ միայն ինքը։
13Եւ իր վրայ գցել էր արիւնով ներկւած մի զգեստ. նրա անունն էր Բանն Աստծու։
14Եւ երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա յետեւից հագած մաքուր եւ սպիտակ բեհեզներ։
15Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարւածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ գաւազաննով. նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը։
16Եւ իր պատմուճանի ու իր մարմնի մասերի վրայ կար գրւած մի գրութիւն Թագաւոր թագաւորների եւ Տէր տէրերի։
17 Տեսայ նաեւ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրայ. նա աղաղակեց բարձր ձայնով երկնքի մէջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկէք հաւաքւեցէք Աստծու մեծ ընթրիքին. 18եւ պիտի ուտէք թագաւորների մարմիններ, հզօրների մարմիններ եւ երիվարների ու նրանց վրայ նստած ամենայն հեծեալների մարմիններ, մարմիններ ազատների եւ ծառաների, մեծի եւ փոքրի»։
19Ապա տեսայ գազանին, երկրի թագաւորներին եւ նրանց զօրքերին՝ հաւաքւած, որպէսզի պատերազմ մղեն ընդդէմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրայ, նաեւ ընդդէմ նրա զօրքի։
20Եւ բռնւեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարէն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը եւ երկրպագուներ էր դարձրել իր արձանին։ Եւ նրանց կենդանի գցեցին ծծմբով այրւող կրակէ լճի մէջ։
21Մնացածները մեռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից։ Եւ բոլոր թռչունները կշտացան նրանց մարմիններից։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .20

Յիսուսի Հազարամեայ Թագաւերութիւնը

1 Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ։
2Եւ բռնեց վիշապին հին օձին, որ է բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան։ 3Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ եւ փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ լրանայ հազար տարին։ Եւ այնուհետեւ պէտք է, որ նա արձակւի մի փոքր ժամանակով։
4Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրւեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին եւ Աստծու խօսքին իրենց տւած վկայութեան համար չարչարւել էին. նաեւ նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին եւ չստացան նրա դրոշմը իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրայ. եւ նրանք նորից կեանք ստացան ու թագաւորեցին Քրիստոսի հետ հազար տարի։
5Եւ սրանից յետոյ մեռելներից ոչ ոք չկենդանացաւ, մինչեւ կը լրանար հազար տարին։ Այս է մեռելների առաջին յարութիւնը։
6Երանի այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ։ Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի։

Սատանայի Պարտութիւնը

7Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողմերում. Գոգը եւ Մագոգը ձեռքը պիտի առնի դրանցով հաւաքելու համար բոլոր զօրքերը, որ պատերազմեն. եւ նրանց թիւը ինչպէս ծովի աւազը.
8նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։
9Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մէջ,
10ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարւեն զօր ու գիշեր։

Վերջին Դատաստանը

11Տեսայ նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու փախան. եւ նրանց համար տեղ չգտնւեց։
12Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արւեցին գրքեր. բացւեց նաեւ մի այլ գիրք կեանքի գիրքը։ Եւ մեռելները դատւեցին ըստ գրւածքների իրենց գործերի համաձայն։
13Ծովը տւեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատւեց ըստ իր գործերի։ 14Մահը եւ դժոխքը նետւեցին կրակէ լճի մէջ։
15Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրւած չգտնւեց, գցւեց կրակէ լճի մէջ։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .21

Նոր Երկինք ու Նոր Երկիր

1 Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար։
2Եւ տեսայ սուրբ քաղաքը նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարւած ու պատրաստւած, ինչպէս հարսը իր փեսայի համար։
3Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակւի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ նրանց Աստւածը. 4եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցաւ եւ ոչ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։
5Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «Գրիր, այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»։
6Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալֆան եւ Օմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից։
7Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ։
8Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախօսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է»։

=============

9Եւ ինձ մօտ եկաւ մէկն այն եօթը հրեշտակներից, որոնք ունէին եօթը սկաւառակներ՝ լցւած եօթը վերջին փորձանքներով. եւ նա խօսեց ինձ հետ ու ասաց. «Եկ, քեզ պիտի ցոյց տամ հարսին Գառան կնոջը»։
10Եւ առաւ տարաւ ինձ, Հոգով, դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տւեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից, Աստծու մօտից։
11Այն ունէր Աստծու փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի յասպիս քարը։
12Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրւած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների։
13Արեւելեան կողմից երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ, եւ արեւմտեան կողմից՝ երեք դուռ։ 14Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները։
15Եւ նա, ով խօսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները։
16Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ նրա լայնութիւնը. բարձրութիւնն էլ նոյնը։ Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոմետր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ միաչափ խորանարդ։
17Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եօթանասուն մետր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր։
18Եւ քաղաքի պարիսպների շինւածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի նման մաքուր ու պայծառ ապակու։ 19Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին։ Պարսպի առաջին հիմքը յասպիս, երկրորդը շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը զմրուխտ, 20հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։
21Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր։ Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու։
22Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստւածն էր տաճար նրա մէջ, նաեւ Գառը։
23Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. Քանի որ Աստծու փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, եւ Գառը ճրագ էր նրա մէջ։
24Եւ ազգերը ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից։
25Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ. 26այն փառք ու պատիւ էր ազգերին։
27Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախօս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրւած են Գառան կեանքի գրքում։

=============

Յովհաննէս Առաքեալի Յայտնութիւնը
ԳԼ .22

Յիսուսի Երկրորդ Գալուստը

1 Հրեշտակն ինձ ցոյց տւեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։
2 Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր։
3Եւ այնտեղ այլեւս նզովք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան. 4նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրւած էր իրենց ճակատների վրայ։
5Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանի որ Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։
6Հրեշտակն ինձ ասաց. «Այս խօսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստւածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մօտ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է»։
7«Ահա գալիս եմ շուտով։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»։
8Եւ ես Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը։
9Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի իջիր եւ մի երկրպագիր, քանի որես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարէութեան խօսքը։ Երկրպագիր Աստծուն»։
10Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքւած մի պահիր, քանի որ ժամանակը մօտ է։
11Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով սուրբ է, թող սուրբ լինի»։
12«Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի։
13Ես եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»։
14Երանելի են նրանք, որ պահում են նրա պատւիրանները։ Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով։
15Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետւեն»։ 16«Ես Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ եկեղեցիներիդ։ Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, պայծառ աստղը առաւօտի, 17Հոգին եւ Փեսան, որ գալու եմ»։ Եւ ով լսում է, թող ասի եկ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ ով ուզում է առնել կենաց ջուրը ձրի»։
18Վկայում եմ ես Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստւած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրւած եօթը պատուհասները. 19եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խօսքերից, Աստւած պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուրբ քաղաքից ինչպէս որ գրւած է այս գրքում։
20Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»։ Ամէն։ Եկ, Տէր Յիսուս Քրիստոս։
21Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը լինի բոլոր սրբերի վրայ։ Ամէն։

=============