Սաղմոս(ՂԶ)96
Աստուծոյ թագաւորութեան քարոզւիլը հեթանոսների մէջր
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ։
2Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա, օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա։
3Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա, եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա։
4Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի։
5Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրն արարիչն է երկնքի։
6Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ, սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում։
7Մատուցեցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ։
8Մատուցեցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան, ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա։
9Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից։
10Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ «Տէրը թագաւորեց, նա աշխարհն հաստատեց, որ չսասանուի, եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի»։
11Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ երկիրը, թող զւարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով։
12Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ, թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը
13Տիրոջ առջեւ, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը։ Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ,եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ։

************

Սաղմոս(ՂԷ)97
Սիօնի ուրախութիւնը որ Աստւած թագաւոր է ամեն տեղ
1 Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները։
2Ամպ եւ մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատւած աթոռը նրա։
3Նրա առջեւից հուր պիտի ընթանայ, այրելով իր շուրջն եղող թշնամիներին։
4Նրա կայծակները երեւացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց։
5Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից։
6Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա։
7Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին,եւ պարծենում իրենց արձաններով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն,
8քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիօնը. Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տէ՛ր։
9Դու Բարձրեալ ես ողջ երկրի վրայ, անչափ վեր եղար բոլոր կուռքերից։
10Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը. Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղաւորների ձեռքից փրկում է նրանց։
11Արդարների համար լոյս ծագեց, եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ։
12Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան։

************

Սաղմոս(ՂԸ)98
Հրաւէր բոլոր արարածներին Աստուծուն գովելու
1Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործութիւններ արեց նա։ Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան։
2Տէրը ցոյց տւեց իրենից եկող փրկութիւնը, ազգերի առջեւ յայտնեց իր արդարութիւնը։
3Իր ողորմութեամբ յիշեց Յակոբին, իր ճշմարտութեամբ՝ տունն Իսրայէլի. եւ երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու շնորհած փրկութիւնը։
4Աղաղակի՛ր Տիրոջ առջեւ, ո՛ղջ երկիր. օրհնեցէ՛ք, ցնծացէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք։
5Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն օրհնութեամբ, օրհնութեամբ ու սաղմոսերգութեամբ։
6Կոփածոյ շեփորի օրհնութեան ձայնով, օրհնութեամբ, ցնծութեամբ ու եղջերափողի ձայնով աղաղակեցէ՛ք Տիրոջ՝ թագաւորի առջեւ։
7Թող խռովուի ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով, տիեզերքն իր ամբողջ բնակիչներով։
8Եւ գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով, ու լեռները ցնծան Տիրոջ առջեւ,
9քանզի Տէրը եկել հասել է՝ երկիրը դատելու։ Նա պիտի դատի աշխարհն արդարութեամբ,եւ իր ժողովուրդներին՝ ճշմարտութեամբ։

************

Սաղմոս(ՂԹ)99
Տիրոջ թագաւորութիւնումը խաղաղութիւն է տիրում
1 Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանւեց։
2Տէրը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
3Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը, քանզի ահաւոր ու սուրբ է նա։
4Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին. դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ։
5Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատւանդանին, քանզի Նա սուրբ է։
6Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա, Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր, ձայն էին տալիս Տիրոջն, ու նա լսում էր նրանց
7եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ։ Նրանք պահպանում էին վկայութիւնը նրաեւ հրամանները, որ տուեց իրենց։
8Տէ՛ր Աստւած մեր, դու լսում էիր նրանց. Աստւա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար։
9Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա սուրբ լերանը, քանզի սուրբ է Տէր Աստւածը մեր։

************

Սաղմոս(Ճ)100
Աստուծոյ ժողովուրդի գովասանքը
Դաւթի խոստովանութեան սաղմոսը
1Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ,
2 ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։ Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ.
3իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստւածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։
4Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա։
5Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ։

************