Սաղմոս(ՂԱ)91
Ամենակարողը պաշտպան է ամեն վտանգում
1Ով ապրում է Բարձրեալի աջակցութեամբ, երկնքում կը հանգչի Աստծու հովանու տակ։
2Տիրոջը կ՚ասի. «Դու ես ինձ ընդունողը, ապաւէ՛ն իմ Աստւած, որի վրայ եմ դրել իմ յոյսը»։
3Նա ինձ կը փրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խօսքերից։
4Իր ծոցում կը պահի կը պաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կ՚ունենաս նրա թեւերի հովանու տակ։
5Նրա ճշմարտութիւնը որպէս զէնք քո շուրջը կը լինի։
6Դու չես վախենայ գիշերւայ զարհուրանքիցեւ ոչ էլ ցերեկւայ սլացող նետից, խաւարում շրջող բանից,եւ կէսօրին դեւի գայթակղութիւնից։
7Քո կողքին հազարներ կ՚ընկնեն, եւ քո աջին՝ տասնեակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենայ։
8Բաւական է, որ քո աչքով նայես, եւ դու կը տեսնես մեղաւորների ստացած հատուցումը։
9Դու, Տէ՛ր, իմ յոյսն ես։ Բարձրեալին քեզ ապաւէն դարձրիր։
10Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին։
11Իր հրեշտակներին հրամայւած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։
12Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։
13Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին։
14Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց,ես կը փրկեմ նրան, նրան հովանի կը լինեմ, քանզի անունս ճանաչեց։
15Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան, եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ. կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան։
16Բազում օրերով նրան կը լիացնեմ ու ցոյց կը տամ նրան իմ փրկութիւնը։

************

Սաղմոս(ՂԲ)92
Գովում Աստուծուն, որ ամբարիշտին պատժում և բարեպաշտին օրհնում է
Շաբաթօրեայ օրհնութեան սաղմոսը
2Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել քո անուանը, ո՛վ Բարձրեալ։
3Առաւօտեան պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը՝ քո ճշմարտութիւնը,
4տասնալար սաղմոսարանով, օրհնութեան ձայնով գովաբանել։
5Ուրախացրիր ինձ, Տէ՛ր, քո արարումներով, եւ պիտի ցնծամ ձեռքիդ գործերով։
6Որքա՜ն մեծ են քո գործերը, Տէ՛ր, եւ չափազանց խոր են խորհուրդները քո։
7Անզգամ մարդը չի ըմբռնի,եւ անմիտը չի հասկանայ այս։
8Մեղաւորները՝ բուսնելով ինչպէս խոտ, եւ անօրէնութիւն գործողները՝ ծաղկելով, կը կործանուեն յաւիտեանս յաւիտենից։
9Բայց դու, Տէ՛ր, Բարձրեալ ես յաւիտեան։
10Ահա քո թշնամիները, Տէ՛ր, ահա քո թշնամիները կը կորչեն, կը ցրուեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։
11Միեղջերուի պէս բարձր կը լինի եղջիւրն իմ, իսկ ծերութիւնն իմ՝ առատ օծանելիքով։
12Աչքս դիպաւ թշնամիներիս, որոնք չարութեամբ յարձակուել են վրաս։ Ականջս կը լսի նրանց։
13Արդարներն արմաւենու պէս կը ծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կը բազմանան։
14Դրանք կը տնկուեն Տիրոջ տանը,ու կը ծաղկեն մեր Աստծու գաւիթներում։
15Դրանք պտղաբեր կը լինեն նաեւ ծերութեան ժամանակ՝ գիրգ ու փափուկ,
16որպէսզի աւետեն, թէ ճշմարիտ է Տէրը, եւ նրա մէջ անիրաւութիւն չկայ։

************

Սաղմոս(ՂԳ)93
Աստուծոյ թագաւորութեան փառաւորութիւնը
Առաջին շաբաթւայ օրը, երբ հաստատւեց երկիրը. Դաւթի օրհներգը
1Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանւի։
2Սկզբից է պատրաստւած գահը քո, եւ յաւերժ ես դու։
3Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս։
4Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր։
5Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր։

************

Սաղմոս(ՂԴ)94
Աստուծոյ ժողովրդին նեղացնողների դէմ աղօթք
1Աստւած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստւա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր։
2Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին։
3Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան,
4յոխորտալով անիրաւութիւն բարբառեն, բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։
5Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին,եւ քո ժառանգութիւնը չարչարեցին։
6Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին.
7«Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»։
8Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք։
9Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի։
10Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը միթէ չի՞ յանդիմանի։
11Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են։
12Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում։
13Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի։
14Տէրը չի մերժի իր ժողովրդին, եւ իր ժառանգութիւնը չի անտեսի,
15մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն։
16Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ, կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդէմ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։
17Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում։
18Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ։
19Սրտիս ցաւերի բազմանալու ժամինքո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին։
20Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրէնութեան, որ վնաս է պատճառում օրէնքին։
21Արդարի հոգին որսացին, եւ անմեղի արիւնն էին դատապարտում։
22Տէրն եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստւածը։
23Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրէնութեան համեմատ, իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստւածը մեր։

************

Սաղմոս(ՂԵ)95
Հրաւէր Աստուծուն օրհնելու : Զգուշացնում է անհնազանդութիւնիցր
1 Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։
2Փութանք նրա մօտ խոստովանութեամբ, սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստւած։
3Մեծ է Աստւած, Տէր, մեծ թագաւոր ողջ աշխարհում։
4Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, եւ նրանն են բարձունքները լեռների։
5Նրանն է ծովը, եւ նա՛ արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։
6Եկէ՛ք երկրպագենք նրան, խոնարհւենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ։
7Տէր Աստւածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները։
8Այսօր, երբ լսէք ձայնը նրա, մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ, ինչպէս փորձութեան օրն անապատում,
9որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը։
10Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար եւ ասացի. «Նրանք միշտ մոլորւած են սրտով, ու ճանապարհներս չճանաչեցին»։
11Ուստի երդուեցի զայրոյթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ։

************