Սաղմոս(ՁԱ)81
Տօն կատարելու կերպը
Այսուհետեւ՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրւայ սաղմոսը
1Ցնծացէ՛ք Աստծու առջեւ, որ օգնականն է մեր, աղաղակեցէ՛ք Յակոբի Աստծուն։
2Սաղմո՛ս ասացէք եւ օրհնութի՛ւն տուէք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցէք։
3Փո՛ղ հնչեցրէք ամսագլխին՝ մեր նշանաւոր օրուայ տարեդարձին։
4Դա հրաման է Իսրայէլի համար, եւ օրէնք՝ Յակոբի Աստծու համար։
5Յովսէփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից։ Նա լսեց մի լեզու, որ չգիտէր.
6«Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներիցեւ նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայութիւնից։
7Նեղութեան մէջ ինձ ձայն տւիր՝ եւ փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկոյթի տակ ու փորձեցի քեզ Հակառակութեան ջրերի վրայ։
8Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկայ կը լինեմ քեզ, եւ Իսրայէ՛լ, եթէ ինձ լսում ես։
9Ժամանակաւորապէս պաշտուող աստւածներ չես ունենայ ու չես երկրպագի օտար աստծու։
10Ես եմ քո Տէր Աստւածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից. բա՛ց բերանդ, եւ ես պիտի լցնեմ այն։
11Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, եւ Իսրայէլն ինձ չնայեց։
12Բարձիթողի մատնեցի նրան, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժւեցին իրենց կամքով։
13Եթէ իմ ժողովուրդը լսէր ինձ, կամ Իսրայէլն ընթանար իմ ճանապարհով,
14ապա որպէս ոչնչութիւն կ՚ընկճէի նրա թշնամիներինեւ ձեռքս կ՚իջեցնէի նրան նեղողների վրայ։
15Տիրոջ թշնամիները ստեցին նրան, ուստի նրանց ժամանակն աշխարհում կը սպառւի։
16Նրանց կերակրեց ցորենի առատութեամբ, ժայռից հոսող մեղրով յագեցրեց նրանց»։

************

Սաղմոս(ՁԲ)82
Աստուծոյ սպառնալիքը անիրաւ դատաւորների դէմ
1Աստւած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.
2«Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին։
3Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։
4Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»։
5Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցւեցին։
6Ես ասացի՝ «Աստւածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։
7Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդեւ ընկնում էք ինչպէս մի իշխան»։
8Ելի՛ր, Աստւա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։

************

Սաղմոս(ՁԳ)83
Աղօթում է որ Աստւած օգնէ Իսրայէլի թշնամիներիցը
Ասափի օրհնութեան սաղմոսը
1Աստւա՛ծ, ո՞վ է քեզ նման. մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստւա՛ծ։
2Ահա թշնամիներդ աղաղակեցին, եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները։
3Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով.
4«Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»։
5Միաբանած՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դէմ
6եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները, մովաբացիներն ու հագարացիները,
7Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ։
8Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին։
9Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում։
10 Նրանք կոտորուեցին Դորի ակունքներումեւ եղան ինչպէս գետնի աղբ։
11Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին,
12որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»։
13Աստւա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ, ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ,
14ինչպէս հուր, որ անտառն է այրում, ինչպէս բոց, որ լեռներն է խանձում։
15Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով, ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց։
16Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտռեն, Տէ՛ր։
17Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից,եւ ամօթահար թող կորստեան մատնւեն։
18Թող իմանան, որ քո անունը Տէր է, եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ։

************

Սաղմոս(ՁԴ)84
Փափաք սրբարանի համար
Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին
1Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ, զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում։
2Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստուծով.
3քանզի ճնճղուկը գտաւ տունն իր, տատրակն իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի.գտաւ քո սեղանը, զօրութիւնների՛ Տէր, թագաւո՛ր իմ եւ Աստւա՛ծ իմ։
4Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ։
5Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել
6տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց։ Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին։
7Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստւած պիտի երեւայ Սիոնում։
8Զօրութիւնների Տէ՛ր Աստւած, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստւած։
9Դու ապաւէն ես մեր. տե՛ս, Աստւա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին,
10քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ։ Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել։
11Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստւածը մեր, որը շնորհք ու փառք պիտի տայ։
12Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում։ Զօրութիւնների՛ Տէր Աստւած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել։

************

Սաղմոս(ՁԵ)85
Աստուծոյ ժողովուրդը աղօթում է որ Հօրից օրհնւի
Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին
1Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրըու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից։
2Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը։
3Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից։
4Դէպի մե՛զ դարձիր, Աստւա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից։
5Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի։
6Աստւա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով։
7Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ։
8Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստւածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի, իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ։
9Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար, որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի։
10Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն։
11Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց։
12Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ։
13Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին։

************