Սաղմոս(ՀԶ)76
Երկնային դատաւորի գովասանքը
Այսուհետեւ՝ Ասափի օրհնութեան սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին
1Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա։
2Նրա տեղը խաղաղութեան մէջ է, եւ նրա բնակութիւնը՝ Սիոնում։
3Այնտեղ խորտակեց Տէրն աղեղի զօրութիւնը եւ զէնքը, սուրն ու ճակատամարտը։
4Դու սքանչելի լուսատուն ես յաւերժական լեռների։
5Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովուեն, պիտի ննջեն եւ ոչինչ պիտի չգտնեն.բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստութիւն կար, ննջեցին եւ ոչինչ չգտան։
6Յակոբի Աստւած, քո սաստից քուն մտան նաեւ ձի հեծնողները։
7Դու ահաւոր ես, եւ ո՞վ կարող է կանգնել քո առջեւ։
8Երբ երեւացիր դու երկնքից՝ յայտնւեց քո բարկութիւնը։
9Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստւած ելաւ դատաստան տեսնելու, փրկելու աշխարհի բոլոր հեզերին։
10Մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, եւ իմաստութեամբ ծածկուածները պիտի օրհնեն քեզ։
11Ո՛ւխտ դրէք եւ կատարեցէ՛ք այն մեր Տէր Աստծու համար, ամէնքդ՝ որ շուրջն էք նրա։
12Ընծանե՛ր մատուցեցէք Ահաւորին, Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահաւոր է Նա աշխարհի բոլոր թագաւորներից աւելի։

************

Սաղմոս(ՀԷ)77
Հառաչում է նեղութեան ժամանակ և յիշում Աստուծոյ ողորմութիւնները
Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի
1Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, եւ նա նայեց ինձ։
2Նեղութեանս օրերին Աստծուն փնտռեցի՝ ձեռքերս գիշերով պարզած նրա առջեւ, եւ չխաբուեցի։
3Հոգիս չէր ուզում մխիթարւել։ Յիշեցի Աստծուն եւ ուրախացայ,իսկ երբ հառաչում էի,նւաղում էր հոգիս իմ մէջ։Հանգիստ։
4Աչքերն իմ բաց մնացին գիշերուայ պահին, խռովւեցի ու չխօսեցի։
5Խորհեցի հին օրերի մասին, եւ վաղնջական տարիները յիշեցի։
6Գիշերը սրտիս հետ խօսեցի, հառաչելիս տառապում էր հոգիս իմ մէջ։
7Միթէ յաւէտ մերժելո՞ւ է Տէրն ինձ, եւ այլեւս չի՞ շարունակելու բարեհաճ լինել։
8Կամ ընդմի՞շտ զրկելու է ինձ իր ողորմութիւնից, եւ դադարեցնելո՞ւ է խօսքն իր սերնդից սերունդ։
9Կամ այլեւս մոռանալո՞ւ է Աստւած գթալ ինձ, եւ բարկութեամբ մերժելո՞ւ է գթութիւնն իր։Հանգիստ։
10Ասացի. «Այժմ հասկացայ. սա է նորացած աջը Բարձրեալի»։
11Յիշեցի գործերը Տիրոջ, սկզբից յիշեցի սքանչելագործութիւնները նրա։
12Մտաբերեցի գործերը քո բոլոր, եւ քո ձեռակերտների մասին խորհեցի։
13Աստւա՛ծ, քո ճանապարհները սրբութեան մէջ են. ո՞ր աստուածն է մեծ՝ մեր Աստծու նման։
14Դու ես հրաշագործ Աստուածը. զօրութիւնդ ցոյց տուիր քո ժողովրդին։
15Բազկովդ փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդիներին։Հանգիստ։
16Քեզ տեսան ջրերն, Աստուա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, եւ անդունդները խռովուեցին յորդառատ ջրերի ձայնից։
17Ամպերը ձայն տուին, ուստի եւ քո նետերը սլացան քո անուի որոտման ձայնից։
18Երեւացին քո փայլակները տիեզերքի, եւ երկիրը խռովւեց ու դողաց։
19Քո ճանապարհները ծովում են, շաւիղներդ՝ յորդառատ ջրերում, եւ քո հետքերը չեն երեւում։
20Քո ժողովրդին ոչխարների պէս առաջնորդեցիր Մովսէսի եւ Ահարոնի ձեռքով։

************

Սաղմոս(ՀԸ)78
Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին առաջնորդելիս
1Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրէք իմ օրէնքներին, եւ մօտեցրէ՛ք ձեր ականջները բերանիս խօսքերին։
2Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից եւեթ առակներով պիտի խօսեմ,
3ինչպէս լսեցինք ու իմացանք դրանք, եւ ինչպէս մեր հայրերը պատմեցին մեզ։
4Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից,միւս սերնդին պատմեցինք օրհնութիւնն ու զօրութիւնը Տիրոջեւ այն սքանչելագործութիւնները, որ նա արեց։
5Յակոբի համար հաստատեց իր վկայութիւնը, եւ օրէնքներ դրեց Իսրայէլի վրայ, մէկ անգամ ընդմիշտ պատուիրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցոյց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն միւս սերնդին։
6Որդիները, որ ծնուելու են, պիտի ելնեն եւ պատմեն դա իրենց զաւակներին,
7որպէսզի իրենց յոյսը դնեն Աստծու վրայեւ չմոռանան Աստծու գործերը՝հետեւելով նրա պատուիրաններին,
8որ իրենց հայրերի պէս չար եւ դառնացող ազգ չլինեն, ազգ՝ որ չուղղեց սիրտն իր, եւ իր հոգին չհաստատեց Աստծու վրայ։
9Եփրեմի որդիները ուժեղ աղեղնաւորներ էին,բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին.նրանք չմնացին Տիրոջ ուխտի մէջեւ չուզեցին ընթանալ ըստ նրա օրէնքների։
10Մոռացան նրա երախտիքներն ու այն սքանչելագործութիւնները,
11որ գործեց նրանց հայրերի առջեւ, եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։
12Նա ճեղքեց ծովը եւ անցկացրեց նրանց, ջրերը պահեց ինչպէս տիկերի մէջ։
13Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշեր՝ հրեղէն լոյսով։
14Պատռեց ժայռն անապատում, եւ նրանց խմեցրեց ինչպէս մեծ անդնդից։
15Ժայռից ջուր բխեցրեց, եւ ջրերն հոսեցրեց գետերի պէս։
16Սակայն նրանք շարունակեցին մեղանչել, եւ աւելի եւս բարկացրին Բարձրեալին անապատում։
17Փորձեցին Աստծուն իրենց սրտերում՝ կերակուր խնդրելով իրենց համար։
18Տրտնջացին Աստծուց ու ասացին. «Միթէ Աստուած կարո՞ղ է սեղան պատրաստել անապատում»։
19Ճիշտ է, որ նա հարուածեց ժայռին, եւ ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից։ Բայց կարո՞ղ է նաեւ հաց տալ մեզ կամ իր ժողովրդի համար սեղան պատրաստել»։
20Դրա համար էլ Տէրը լսեց այս ու յապաղեց. հուր բորբոքուեց Յակոբի սերնդի մէջ, եւ բարկութիւն իջաւ Իսրայէլի վրայ։
21Նրանք Աստծուն չհաւատացին ու յոյս չդրին նրա փրկութեան վրայ։
22Տէրը վերեւից հրաման տուեց ամպերինու բացեց դռները երկնքի։
23Եւ մանանայ տեղացրեց նրանց վրայ որպէս կերակուր։
24Երկնքի հացը տուեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան. եւ նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար։ 25Հանեց հարաւի հողմը, եւ իր զօրութեամբ բերեց հիւսիսի կողմը։
26Նրանց վրայ հողի պէս միս տեղացրեց, եւ ծովի աւազի պէս՝ թեւաւոր թռչուններ։
27Նա դրանք նետեց նրանց բանակատեղիի մէջ եւ նրանց վրանների շուրջը։
28Կերան եւ լիապէս յագեցան, իրենց ցանկացածը տւեց նրանց։
29Եւ նրանք իրենց ցանկութիւնից ոչնչով զուրկ չմնացին։ Մինչ դեռ կերակուրն իրենց բերանում էր,
30Աստծու բարկութիւնն իջաւ նրանց վրայ. նրանցից շատերին նա սպանեց եւ Իսրայէլի ընտրեալներին ոչնչացրեց։
31Հակառակ այս բոլորի, նրանք նորից մեղանչեցին ու չհաւատացին նրա հրաշագործութիւններին։
32Նրանց օրերն ունայնաբար սպառւեցին, եւ նրանց տարիներն արագ անցան։ 33Երբ Տէրն սպանում էր նրանց,նրանք փնտռում էին իրեն, դարձի էին գալիս եւ փութով դիմում էին Աստծուն։
34Նրանք յիշեցին, որ Աստւած իրենց օգնականն էր, Բարձրեալն Աստւած փրկիչն էր իրենց։
35Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան։
36Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդէպ, եւ նրանք չհաւատացին նրա ուխտին։
37Բայց ինքը գթասիրտ էր, քաւութիւն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց։ Յաճախ զսպում էր իր բարկութիւնը եւ չէր թափում իր ողջ զայրոյթը։
38Յիշում էր, որ նրանք մարմին են՝ շունչ, որ, դուրս ելնելով, այլեւս ետ չի դառնում։
39Քանի՜-քանի՜ անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին Բարձրեալին անջրդի վայրում,
40վերադարձան փորձեցին Աստծուն, եւ Իսրայէլի սրբին զայրացրին։
41Չյիշեցին նրա ձեռքը, ձեռք, որ մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից։
42Չյիշեցին, թէ նա ինչպէս սքանչելիքներ ու զարմանահրաշ գործներ արեց եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։
43Նրանց գետերն ու անձրեւներն արիւն դարձրեց, որ չխմեն։
44Նրանց վրայ շնաճանճեր ուղարկեց, որոնք յօշոտեցին նրանց, եւ գորտերով նրանց ապականեց։
45Նրանց բերքը որդնոտութեան մատնեց, եւ նրանց վաստակը բաժին դարձրեց մարախի։
46Նրանց այգիները կարկտահար արեց, եւ նրանց թզենիները ծածկեց եղեամով։
47Նրանց անասուններին կարկտահար արեց, եւ նրանց ունեցուածքը հրոյ ճարակ դարձրեց։
48Նրանց դէմ ուղղեց իր սաստիկ բարկութիւնը՝ բարկութիւնը, զայրոյթն ու նեղւածութիւնը, չար հրեշտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրայ։
49Նրանց վրայ թափեց իր զայրալից բարկութիւնը, նրանց հոգին զերծ չպահեց մահուանից, եւ կոտորեց նրանց անասունները։
50Նա հարւածեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց վաստակի առաջնեկներին Քամի վրանների տակ։Հանգիստ։
51Իր ժողովրդին քշեց ոչխարների պէս, եւ ինչպէս հօտ նրանց հանեց անապատ։
52Նրանց առաջնորդեց յոյսով՝ եւ նրանք չվախեցան, եւ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։ 53Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը՝ լեռն այն, որ իր Աջն էր նուաճել։
54Նրանց առջեւից վանեց հեթանոսներին, իր ժառանգութիւնից բաժին բաշխեց նրանցեւ Իսրայէլի ցեղերին բնակեցրեց նրանց վրաններում։
55Նրանք փորձեցին, դառնացրին Բարձրեալ Աստուծուն նրա վկայութիւնը չպահեցին։
56Դարձեալ խոտորուեցին ինչպէս իրենց հայրերը, դարձեալ նմանուեցին ծուռ աղեղի։
57Դարձեալ բարկացրին նրան իրենց բագիններով, եւ իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա։
58Լսեց Աստուած ու զայրացաւ նրանց վրայ, եւ խիստ անարգեց Իսրայէլը։
59Մերժեց նա խորանը Սելովի, խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մէջ։
60Նրանց զօրութիւնը գերութեան մատնեց, իսկ նրանց գեղեցկութիւնն՝ իրենց թշնամիների ձեռքը։
61Իր ժողովրդին սրի մատնեցեւ անտեսեց իր իսկ ժառանգութիւնը։
62Նրանց երիտասարդներին հուրը լափեց, եւ նրանց կոյսերի համար ոչ ոք չսգաց։
63Նրանց քահանաները սրի քաշուեցին, եւ նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց։
64Տէրը կարծես քնից արթնացաւ, ինչպէս գինուց սթափուող հսկայ։
65Նա թշնամիներին ետ շպրտեց՝ յաւիտենական նախատինք տալով նրանց։
66Մերժեց նա խորանը Յովսէփի, եւ Եփրեմի ցեղին նա չընտրեց,
67այլ նա ընտրեց Յուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը եւ սիրեց։
68Նրա սրբարանը շինեց միեղջերուի նմանութեամբ՝ յաւիտեան գետնի վրայ հաստատելով այն։
69Ընտրեց Դաւթին՝ իր ծառային,եւ նրան դուրս քաշեց ոչխարների հօտից։
70Նորածին գառների միջից վերցրեց նրան, որ հովուի իր ծառայ Յակոբի ցեղին եւ իր ժառանգութիւնը՝ Իսրայէլը։
71Նա արածեցնում էր նրանց իր սրտի իմաստութեամբ, իր անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր նրանց։

************

Սաղմոս(ՀԹ)79
Երուսաղեմն աւերակ անողներից գանգատ
1 Աստուա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղէմը դարձրին ինչպէս մրգապահի հիւղակ։
2Քո ծառաների դիակները որպէս կեր նետեցին երկնքի թռչուններին, եւ քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
3Նրանց արիւնը ջրի պէս Երուսաղէմի շուրջը թափեցին, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց։
4Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը եւ մեր շուրջը եղողների ծաղրուծանակը։
5Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, եւ քո նախանձը պիտի բորբոքուի հրի պէս։
6Բարկութիւնդ թափի՛ր այն ազգերի վրայ, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագաւորների վրայ, որոնք անունդ չեն ոգեկոչում։
7Նրանք յօշոտեցին Յակոբի ցեղին, եւ նրա տեղն աւերեցին։
8Մի՛ յիշիր հին մեղքերը մեր, թող ողորմութիւնդ շուտով հասնի մեզ, Տէ՛ր, քանզի սաստիկ աղքատացանք։
9Օգնի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, քո անուան փառքի համար. Տէ՛ր, յանուն քո անուան փրկի՛ր մեզ ու թողութի՛ւն տուր մեր մեղքերին։
10Թող հեթանոսների մէջ երբեք չասեն՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը». այլ հեթանոսների մէջ, մեր աչքի առջեւ, թող յայտնուի քո ծառաների թափած արեան վրէժխնդրութիւնը։
11Բանտարկեալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զօրութեամբ փրկի՛ր սպանուածների որդիներին։
12Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, եօթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տէ՛ր։
13Մենք՝ քո ժողովուրդն ու քո արօտի ոչխարները, յաւիտեան քեզ գոհութիւն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո օրհնութիւնը։

************

Սաղմոս(ՀՁ)80
Աղաչում է որ Աստւած պահէ Իսրայէլը իբրև իր որթը
Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայութիւնը. սաղմոս եթովպացիների մասին
1Դու, որ հովւում ես Իսրայէլին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Յովսէփի ցեղին ինչպէս հօտ, դո՛ւ, որ քերովբէների վրայ ես նստում՝ յայտնուի՛ր
2Եփրեմի, Բենիամինի ու Մանասէի առջեւ, արթնացրո՛ւ քո զօրութիւնը եւ արի՛ մեզ փրկելու։
3Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու,ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք։
4Զօրութիւնների Տէ՛ր Աստւած, մինչեւ ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղօթքի վրայ։
5Մեզ արտասուախառն հացով սնեցիր, եւ անչափ արտասուք խմեցրիր մեզ։
6Մեզ դարձրիր նախատինքը մեր հարեւաններիեւ ծաղրւծանակը մեր թշնամիների։
7Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք։
8Դու Եգիպտոսից Իսրայէլ-որթատունկը հանեցիր, վռնդեցիր հեթանոսներին եւ այդ որթատունկը տնկեցիր։
9Առաջնորդեցիր նրան, հաստատուն դարձրիր նրա արմատները, եւ այն լցրեց երկիրը։
10Նրա ստուերը ծածկեց լեռները, եւ նրա ճիւղը՝ Աստծու մայրիները։
11Որթատունկ իր ճիւղերը ձգեց մինչեւ ծով, իսկ բողբոջները՝ մինչեւ Եփրատ գետը։
12Ինչո՞ւ քանդեցիր ցանկապատը նրա, ճանապարհի անցորդները պոկոտում էին այն։
13Ապականեց նրան խոզն անտառի, եւ վայրի երէն արածեց նրա մէջ։
14Զօրութիւնների՛ Աստւած, դարձի՛ր, նայի՛ր երկնքից ու տե՛ս, այցելի՛ր այս որթատունկին,
15եւ խնա՛մք տար նրան, որին տնկեց Աջը քո, նաեւ մարդու որդուն, որին դու զօրացրիր քեզնով։
16Այլապէս, հրով վառւած ու աւերւած, պիտի կորչեն քո խստութիւնից։
17Քո ձեռքը թող լինի մարդու վրայ, քո աջը՝ այն մարդու որդու վրայ, որին դու զօրացրիր քեզնով։
18Մենք այլեւս չենք հեռանայ քեզանից, դու պիտի փրկես մեզ, եւ մենք քո անունը պիտի ոգեկոչենք, Տէ՛ր։
19Զօրութիւնների Տէ՛ր Աստւած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք։

************