Սաղմոս(ՀԱ)71
Խնդրում է Աստուծոյ շնորհքը ծերանալու ժամանակին
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, Յոնադաբի որդիներից եւ առաջին գերութիւնից
1Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի, թող յաւէտ ամօթով չմնամ,
2քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր։ Ականջդ մօտեցրո՛ւ ինձ եւ ազատի՛ր ինձ։
3Ինձ համար ապաւէն եւ ամուր վա՛յր եղիր, Աստուա՛ծ, որ ինձ փրկես, քանզի իմ հիմքն ու յենարանը դու ես։
4Աստւա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղաւորի ձեռքից, անօրէնի եւ անիրաւի ձեռքից։
5Դու ես իմ ակնկալութիւնը, Տէ՛ր. Տէ՛ր, դո՛ւ ես իմ յոյսը մանկութիւնիցս ի վեր։
6Քե՛զ կռւան ունեցայ ես արգանդից, մօրս որովայնից դո՛ւ ես իմ ապաւէնը, եւ յարաժամ քեզնի՛ց է իմ օգնութիւնը։
7Ես շատերի համար ծաղր դարձայ, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար։
8Բերանս թող գովաբանութեամբ լցուի, որ օրհնեմ փառքը քո եւ յաւիտեան՝ քո մեծ վայելչութիւնը։
9Ծերութեան ժամանակ ինձ մի՛ վանիր, Տէ՛ր. երբ ուժս պակասի՝ դու ինձ մի՛ լքիր։
10Թշնամիներս իմ մասին խօսեցինեւ ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին.
11«Աստւած լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրայ, քանզի չկայ մէկը, որ նրան փրկի»։
12Աստւա՛ծ իմ, հեռու մի՛ մնա ինձնից, եւ ինձ օգնութեա՛ն հասիր, Աստւա՛ծ։
13Թող ամաչեն ու կորստեան մատնուեն ինձ չարախօսողները, թող ամօթանք ու խայտառակութիւն կրեն իմ դէմ չար խորհողները։
14Ես յարաժամ պիտի յուսամ եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ։
15Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը, եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ։
16Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակեւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր։
17Աստւա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր, եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ։
18Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը ինձ մի՛ լքիր, Աստւա՛ծ իմ, մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո բազկի։ Քո զօրութիւնն ու արդարութիւնը հասնում են մինչեւ բարձունքները,
19Նոյնպէս եւ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստւած. ո՞վ է քեզ նման։
20Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տւիր ինձ, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից։
21Բազմապատկեցիր քո զօրութիւնը, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից։
22Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, ճշմարի՛տդ Աստուած. պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ սուրբդ Իսրայէլի։
23Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ, եւ իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր
։ 24Ու լեզուս ամէն օր քո արդարութունից պիտի խօսի։ Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն իմ մասին չար խորհողները։

************

Սաղմոս(ՀԲ)72
Խաղաղութեան թագաւորի և նրա թագաւորութեան գովասանքը
Սաղմոս Սողոմոնի համար.
1Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն,
2 որ քո ժողովրդին արդարութեամբ դատի ու քո աղքատների իրաւունքը պահի։
3Լեռները խաղաղութիւն կը բերեն ժողովրդին, եւ բլուրներն՝ արդարութիւն։
4Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին, եւ ընկճի ամբարտաւաններին։
5Նա թող ապրի ու մնայ որքան որ արեւը լինի, լուսնից առաջ, սերնդից սերունդ։
6Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայեւ որպէս ցօղ՝ երկրի վրայ։
7Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրի, մինչեւ լուսնի վախճանը։
8Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի։
9Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն։
10Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան, Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան։
11Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհւեն նրա առաջ,եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան,
12քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝ աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն։
13Նա կը խղճայ աղքատին ու տնանկին, եւ տնանկների հոգին կը փրկի։
14Չար վաշխառուներից կ՚ազատի նրանց։Նրա անունը փառաւոր է նրանց առաջ։
15Նա կ՚ապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի։Ամէն ժամ աղօթքի կը կանգնեն նրա առջեւ եւ գիշեր-ցերեկ կ՚օրհնեն նրան։
16Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կը տիրի։Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կը լինի, Տիրոջ քաղաքում նա կը ծաղկի երկրի խոտի նման։
17Տիրոջ անունը կ՚օրհնուի յաւիտեան, քանզի արեւից հին է անունը նրա։ Աշխարհի բոլոր ազգերը կ՚օրհնեն նրան, եւ բոլոր ժողովուրդները երանի կը տան նրան։
18Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստւածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում։
19Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցուի. թող լինի, թող լինի։
20 Վերջացան Յեսսէի որդի Դաւիթի աղօթքները:

************

Սաղմոս(ՀԳ)73
Ամբարիշտների յաջողութիւնը տեսնելով գայթակղութիւն
1 Որքա՜ն բարի է Աստուած Իսրայէլի համարեւ սրտով շիտակների համար։
2Բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանւէին, մի փոքր եւս՝ եւ քայլերս պիտի մոլորուէին։
3Նախանձեցի ես անօրէններին՝ մեղաւորների խաղաղութիւնը տեսնելով։
4Նրանք մահուան տագնապ չունեն։ Սովորական են տանջանքները նրանց։
5Մարդկանց տքնութիւնը չեն կրում նրանք, եւ մարդկանց պէս չեն տանջւում։
6Դրա համար ամբարտաւանութիւնը պատեց նրանց, եւ նրանք համակուեցին իրենց ամբարշտութեամբ ու անիրաւութեամբ։
7Նրանց անիրաւութիւնները կարծես ճարպից են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժւում։
8Չարամտօրէն մտածեցին ու խօսեցինեւ մեծամտութեամբ ապիրատութիւն խորհեցին։
9Բերաններն իրենց ուղղեցին երկնքին, եւ լեզուները երկրով մէկ քարշ տուին։
10Դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնայ այստեղ, եւ իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ։
11Ասացին՝ «Ինչպէ՞ս իմացաւ Աստուած», կամ՝ «Կա՞յ արդեօք իմացութիւն Բարձրեալի մօտ»։
12Ահա մեղաւոր են, եւ սակայն բարգաւաճում են նրանք, կան եւ ունեն հարստութիւնն աշխարհի։
13Ասացի՝ «Իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ, եւ ձեռքերս սրբութեամբ լուացի»։ 1
4Գիշեր-ցերեկ ես խոշտանգւած էի, եւ առաւօտները կշտամբանք կրեցի։
15Թէպէտ ես ասում էի, թէ՝ եթէ այսպէս պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին,որոնց ուխտ արեցի։
16Բայց հասկացայ, որ սա եւս դժւար է ինձ համար,
17մինչեւ մտնեմ Աստծու սրբարանըեւ իմանամ նրանց վախճանը։
18Բայց դու նրանց տարագիր կ՚անես իրենց նենգութեան համարեւ կը կործանես նրանց իրենց ամբարտաւանութեան մէջ։
19Իսկ ինչպէ՞ս նրանք յանկարծակի աւերակ դարձան, կործանուեցին, սպառուեցին ու անհետացան իրենց անօրէնութեան համար
20եւ եղան ինչպէս քնից արթնացող մարդու երազ։ Տէ՛ր, դու, արթնանալով, պիտի անարգես նրանց երազի պատկերը.
21քանզի հուր բորբոքուեց իմ սրտում, եւ երիկամներս գունափոխւեցին։
22Ես արհամարհուած եղայ ու չիմացայ այդ, քո առջեւ անասուն համարուեցի։
23Բայց ես միշտ քեզ հետ եմ. դու բռնեցիր իմ աջ ձեռքից,
24քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր եւ փառքով ընդունեցիր ինձ։
25Արդարեւ, ինձ համար ի՞նչ կայ երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտռեմ երկրի վրայ։
26Սիրտս ու մարմինս մաշուեցին, իմ սրտի՛ Աստւած, յաւիտեան ինձ բաժի՛ն ընկած Աստւած։
27Ահաւասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն, դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դէմ։
28Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, յոյսս դնել Տիրոջ վրայեւ աւետել քո ամբողջ օրհնութիւնը Սիոնի դստեր դռների առաջ։

************

Սաղմոս(ՀԴ)74
Սրբարանի քայքայմունքի ժամանակ օգնութեան աղօթք
1 Աստուա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, եւ զայրոյթդ սաստկացաւ քո արօտի ոչխարների վրայ։
2Յիշի՛ր քո ժողովրդին, որ սկզբից ստացար, եւ փրկեցիր քեզ վիճակւած ժառանգութիւնը՝ լեռն այս Սիոնի, որտեղ դու բնակւեցիր։
3Նրանց ամբարտաւանութեան վրայ բարձրացրո՛ւ քո ձեռքն ընդմիշտ, քանզի թշնամին անիրաւութիւն գործեց քո սրբարանում։
4Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրութեամբ, նշաններն իրենց իբրեւ զինանշան դրին մուտքին,
5բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը։
6Ինչպէս անտառի փայտահատներ, կացիններով ջարդեցին դռները նրա, տապարներով ու մուրճերով կործանեցին այն։
7Հրի մատնեցին քո սրբարանը, եւ հողին հաւասարեցրին քո անւան խորանը։
8Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկէք վերացնենք Աստծու բոլոր տօներն երկրի երեսից»։
9Նշաններ մենք չտեսանք, այլեւս մարգարէ չմնաց, եւ ոչ ոք մեզ չի ճանաչում։
10Մինչեւ ե՞րբ, Աստւա՛ծ, թշնամին պիտի նախատի եւ հակառակորդն անարգի սուրբ անունդ։
11Ինչո՞ւ ես ետ քաշում քո ձեռքը, եւ քո աջը ծոցիդ մէջ է ընդմիշտ։
12Աստւա՛ծ, դու մեր թագաւորն ես յաւիտենութիւնից ի վեր, դու, որ փրկութիւն գործեցիր երկրի վրայ։
13Դու քո զօրութեամբ ծովը հաստատեցիր, եւ վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում։
14Դու վիշապի գլուխը փշրեցիր եւ որպէս կերակուր տուիր հնդիկների զօրքերին։
15Դու աղբիւրներ ու վտակներ բխեցրիր, եւ անցամաքելի գետեր ցամաքեցրիր։
16Քոնն է ցերեկը, եւ քոնն է գիշերը, լոյսն ու արեւը դո՛ւ հաստատեցիր։
17Դո՛ւ հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը դո՛ւ ստեղծեցիր։
18Յիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը, անզգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը։
19Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին, եւ քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք։
20Նայի՛ր քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրայ լցուեցին անիրաւութեամբ։
21Թող խեղճն ամօթով ետ չդառնայ, եւ աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ։
22Ելի՛ր, Աստւա՛ծ, եւ կատարի՛ր դատաստանդ, յիշի՛ր անզգամի ամենօրեայ նախատինքը։
23Մի՛ մոռացիր պաշտօնեաներիդ ձայնը. քեզ ատողների ամբարտաւանութիւնն անընդհատ պիտի աճի։

************

Սաղմոս(ՀԵ)75
Գոհանում է որ Աստւած դատաստան է անում ամբարշտին
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը
1Գոհութիւն մատուցենք քեզ, Աստուա՛ծ, գոհութիւն մատուցենք եւ տանք քո անունը։ Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները.
2 երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ։
3Մաշուեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սիւները։
4Անօրէններին ասացի, թէ՝ անօրէնութիւն մի՛ գործէք, մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները։
5Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք, եւ Աստծու մասին անիրաւաբար մի՛ խօսէք։
6Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից,
7այլ Աստուած է դատաւոր, որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում։
8Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղաւորները կը խմեն այն։
9Ես պիտի ցնծամ յաւիտեան, սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն։
10Մեղաւորների բոլոր եղջիւրները դու պիտի փշրես, եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ։

************