Սաղմոս(ԿԶ)66
Գոհանում է որ Աստւած հրաշալի կերպով առաջնորդում է իր ժողովուրդին
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. յարութեան մասին
1Աղաղակեցէ՛ք Աստծուն, բոլո՛ր երկրներ
,2 սաղմո՛ս երգեցէք նրա անւանը եւ փա՛ռք տւէք նրա օրհնութեանը։
3Ասացէ՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը. ի տես քո մեծ զօրութեանքո թշնամիները ստեցին քո դէմ։
4Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անւանը սաղմոս ձօնի»։
5Եկէ՛ք եւ տեսէ՛ք գործերն Աստծու, թէ որքան ահեղ են խորհուրդներով՝ քան գործերը մարդկանց բոլոր որդիների։
6Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, եւ մարդիկ ոտքով անցան գետի միջով։
7Ահա պիտի ցնծանք նրանով, որ յաւէտ տիրում է իր զօրութեամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն. թող նրանք չպարծենան իրենց հոգում։
8Օրհնեցէ՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն եւ լսելի՛ դարձրէք նրա օրհնութեան ձայնը։
9Նա իմ հոգին դարձրեց կեանքին եւ թոյլ չտւեց, որ ոտքերս դողան։
10Քննեցիր մեզ, Աստւա՛ծ, ու փորձեցիր, ինչպէս արծաթն է փորձւում։
11Մեզ որոգայթի մէջ գցեցիր, նեղութիւն դրիր մեր թիկունքին,
12եւ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։ Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տւիր։
13Զոհաբերութիւններով պիտի մտնեմ տունը քո եւ քեզ պիտի հատուցեմ իմ ուխտերը,
14որ խոստացան քեզ իմ շրթունքները, եւ բերանն իմ խօսեց նեղութեան մէջ։
15Պարարտ ողջակէզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով ու խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ։
16Եկէ՛ք ու լսեցէ՛ք ինձ, Աստծու բոլո՛ր երկիւղածներ, որ ձեզ պատմեմ, թէ ինչ արեց նա իմ անձի համար։
17Ես նրան դիմեցի իմ բերանով, եւ լեզուովս մեծարեցի նրան։
18Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի։
19Դրա համար Աստւած լսեց ինձ եւ ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին։
20Օրհնեալ է Աստւած, որ չվանեց աղօթքն իմ, ոչ էլ ողորմութիւնն իր՝ ինձնից։

************

Սաղմոս(Կէ)67
Օրհնում է Աստուծոյ ողորմութիւնը ամեն ազգերի վրայ
Այսուհետեւ՝ Դաւթի օրհնութեան սաղմոսը.
1Աստւա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր, ցո՛յց տուր երեսդ եւ գթա՛ մեզ,
2որպէսզի երկրի վրայ ճանաչեն ճանապարհը քո, եւ բոլոր ազգերի մէջ՝ փրկութիւնը քո։
3Ժողովուրդները քեզ գոհութիւն պիտի մատուցեն, Աստւա՛ծ,գոհութիւն պիտի մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
4Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի դու արդարութեամբ ես դատում ժողովուրդներին եւ երկրի ազգերին դու ես առաջնորդում։
5Թող ժողովուրդները քեզ օրհնաբանեն, Աստուա՛ծ, թող գոհութիւն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
6Երկիրը տուեց իր պտուղը, եւ Աստւած, Աստւածը մեր, օրհնեց մեզ։
7Մեր Աստւածը պիտի օրհնի մեզ, եւ երկրի բոլոր ծագերում պիտի սոսկան նրանից։

************

Սաղմոս(ԿԸ)68
Յաղթութեան երգ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Թող ելնի Աստւած, նրա բոլոր թշնամիները թող ցրւեն,ու նրան ատողները փախչեն իր առջեւից։
2Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք.ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց,այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծու երեսից։
3Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առջեւ եւ զւարճանան իրենց ուրախութեամբ։
4Օրհնեցէ՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցէք նրա անւանը, ճանապա՛րհ տւէք նրան, ով նստում է արեւմուտքում. եւ Տէր է անունը նրա։ Թող մարդիկ ցնծան նրա առջեւ, եւ թող խռովուեն նրա երեսից,
5որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների՝ Աստւած իր սուրբ բնակարանում։
6Աստւած բնակեցնում է միայնակներին տան մէջեւ իր քաջութեամբ ազատում գերեալներին ու դառնացած գերեզմանաբնակներին։
7Աստւա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջեւից, երբ անցար անապատով,
8ցնցւեց երկիրը, եւ երկինքը ցօղ թափեց Սինայում՝ Աստծու շնորհիւ, Իսրայէլի Աստծու առջեւ։
9Ցանկալի անձրեւ պատրաստեցիր, Աստւա՛ծ, քո ժառանգութեան համար, որը թէեւ տկարացաւ, բայց դու ոտքի կանգնեցրիր նրան։
10Եւ քո ժողովուրդը պիտի բնակւի նրա մէջ։Աստւա՛ծ, քո քաղցրութեամբ պատրաստութիւն տեսար աղքատի համար։
11Տէրը պատգամ պիտի տայ նրանց, ովքեր մեծ զօրութեամբ աւետիս են տալիս։
12Սիրելիիդ զօրքերի թագաւո՛ր, քո տան գեղեցկութիւնը մատնւեց աւարի։
13Թէկուզեւ ննջէք կալւածքների մէջ, արծաթապատ թեւերով եւ ոսկեգոյն թիկնամէջով աղաւնի կը լինէք։
14Երբ երկնաւորը թագաւորներին հաւաքի այնտեղ, նրանք ձեան պէս կը թափուեն Սաղմոնի լերան վրայ։
15Աստծու լեռը պարարտ լեռ է, հաստատուն լեռ եւ պարարտ լեռ։
16Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ էք նախանձում այն լերանը, որտեղ բարեհաճեց բնակւել Աստւած, եւ Տէրն իսկ բնակւելու է այնտեղ յաւիտեան։
17Աստծու կառքերը բիւրապատիկ են՝ հազարաւոր կառավարներով, որոնց մէջ է Տէրն իր սուրբ Սինայից։
18Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին. աւար առաւ, պարգեւներ բաշխեց ու տուեց մարդկանց որդիներին, որ թերահաւատներն անգամ բնակւեն այնտեղ։
19Օրհնեալ է Տէր Աստւածը, օրհնեալ է Տէրն ամէն օր. Աստուած՝ փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ։
20Աստւած մեր կենարար Աստւածն է, եւ Տիրոջ ձեռքում է ելքը մահուան։
21Սակայն Աստւած պիտի փշրի մեր թշնամիների գլուխը եւ կարճամազ պիտի պահի նրանց, ովքեր ընթանում են իրենց անօրէնութեամբ։
22Տէրն ասաց. «Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ եւ ժանիքների միջից դուրս կորզեմ նրան։
23Այնպէս որ ոտքդ արեան մէջ թրջուի, եւ քո շների լեզուները թրջուեն թշնամիներիդ արիւնից»։
24Երեւաց քո երթն, Աստւա՛ծ, Աստծու՝ մեր սուրբ թագաւորի երթը։
25Իշխաններն առաջ անցան օրհնութիւն մատուցելու կոյսերի եւ գովերգուների մէջ։
26Խմբովին օրհնեցէ՛ք Աստծուն,Տիրոջը՝ Իսրայէլի աղբիւրների կողմից։
27Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը, Յուդայի երկրի առաջնորդ իշխանները եւ Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները։
28Հրամայի՛ր, Աստուա՛ծ, քո զօրութեամբ,զօրացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մէջ։
29Երուսաղէմի քո տաճարից թագաւորները թող ընծաներ մատուցեն։
30Սաստի՛ր եղէգնուտի գազանին՝ ցուլերի ու երինջների երամակներով հանդերձ։ Թող արհամարհուեն նրանք, ովքեր ընտրուել են արծաթով։ Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին։
31Եգիպտոսից պատգամաւորներ պիտի գան, եւ հնդիկներն աւելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն։
32Աշխարհի՛ թագաւորութիւններ, օրհնեցէ՛ք Աստծուն, եւ սաղմո՛ս երգեցէք Տիրոջը։
33Ճանապա՛րհ բացէք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում, արեւելեան կողմում։ Ահա նա ձայն պիտի տայ, ձայնն իր զօրութեան։
34Փա՛ռք տուէք Աստծուն. նրա մեծ վայելչութիւնն Իսրայէլի վրայ է, իսկ զօրութիւնը հասնում է մինչեւ երկնքի ամպերը։
35Սքանչելի է Աստւած իր սրբերի մէջ. նա Աստուածն է Իսրայէլի, որ իր ժողովրդին հաստատ զօրութիւն պիտի տայ. օրհնեալ է Աստւած։

************

Սաղմոս(ԿԹ)69
Տիրոջ ծառան դառն չարչարանքներում
Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի
1Փրկի՛ր ինձ, Աստւա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ, որտեղ ինձ համար հանգիստ չկայ։
2Մտայ ես խորքերը ծովի, եւ յորձանքներն ինձ ընկղմեցին։
3Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց, եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ Աստւած։
4Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր յանիրաւի ատում էին ինձ, թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի,իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց։
5Աստւա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ, եւ յանցանքներս չծածկւեցին քեզնից։
6Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտռողները, Աստւա՛ծ Իսրայէլի։
7Քեզ համար նախատինք հանդուրժեցի, եւ ամօթը ծածկեց երեսն իմ։
8Եղբայրներիս համար ես օտար եղայ, եւ մօրս որդիների համար՝ հիւր։
9Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ, եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ։
10Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ, եւ դա ինձ համար նախատինք եղաւ։
11Քուրձն ինձ հագուստ դարձրի, եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ։
12Ինձ չարախօսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ։
13 Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր։ Լսի՛ր ինձ, Աստւա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ։
14Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից։
15Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ, եւ անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի։
16Լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քաղցր է ողորմութիւնը քո, նայի՛ր ինձ քո գթառատութեամբ։
17Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղութեան մէջ եմ ես։
18Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ, եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր։
19Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ։
20Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները։ Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան։ Սպասում էի, թէ ո՞վ ինձ արդեօք պիտի վշտակցէր, բայց ոչ ոք չկար, եւ ինձ համար մխիթարիչ չգտնւեց։
21Կերակրի տեղ ինձ լեղի տուին, եւ ծարաւելիս քացախ խմեցրին։
22Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղութիւն։
23Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր։
24Նրանց վրայ թափի՛ր քո զայրոյթը, եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց։
25Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան, եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի.
26քանզի ում որ դու հարուածեցիր՝ նրանք հալածեցին, եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին։
27Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ։
28Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից, եւ քո արդարների շարքում չարձանագրւեն։
29Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի։
30Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան։
31Դա հաճելի կը լինի Աստծուն՝ մատաղացու հորթից աւելի, որ եղջիւրներ ու կճղակներ ունի։
32Աղքատները կը տեսնեն ու կ՚ուրախանան. փնտռեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կը փրկուեն,
33քանզի Տէրը լսեց տնանկներին, եւ իր գերեալներին չարհամարհեց։
34Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրըեւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով։
35Աստւած կը փրկի Սիոնը, եւ Հրէաստանի քաղաքները կը ծաղկեն։Մարդիկ կը կառուցեն, կը բնակեցնեն ու կը ժառանգեն այն։
36Քո ծառաների սերունդները կը հաստատւեն այնտեղ, եւ քո անունը սիրողները կը բնակւեն նրա մէջ։

************

Սաղմոս(Հ)70
Աղօթում է որ Աստւած ազատէ իր թշնամիներիցը
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի ի յիշատակ այն բանի, որ Տէրը փրկեց նրան
1Աստւա՛ծ, ինձ օգնութեա՛ն հասիր. Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ։
2Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգուեն իմ մասին չար խորհողները։
3Թող խայտառակուած ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ վա՜շ էին ասում։
4Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո պարգեւած փրկութիւնը սիրողները թող միշտ ասեն. «Մե՛ծ է Աստւած»։
5Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստւա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես. Տէ՛ր իմ, մի՛ ուշացիր։

************