Սաղմոս(ԾԶ)56
Աղօթք հալածանքում մխիթարութիւն գտնելու համար
Այսուհետեւ՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գէթում.
1Ողորմի՛ր ինձ, Աստւա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին։
3Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, եւ շատերն իմ դէմ մարտնչեցին բարձունքից։
4Օրը ցերեկով չեմ վախենայ, քանզի յոյսս դրել եմ Տիրոջ վրայ։
5Աստծու խօսքով պիտի կատարեմ իմ գովաբանութիւնը. Աստծու վրայ դրի իմ յոյսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
6Ամէն օր խօսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդներն իմ դէմ եղան։
7Նրանք պանդուխտ կը լինեն ու գաղտագողի կը շրջեն։Նրանք հետապնդում են ինձ, ինչպէս իմ մահը ցանկացող մարդիկ։
8Որպէս ոչնչութիւն դու կը մերժես նրանց, քո բարկութեամբ հնազանդ կը դարձնես ժողովուրդներին։
9Աստւա՛ծ, կեանքս քեզ կը պատմեմ, արցունքներս առջեւդ կը դնեմ, ինչպէս դու ինձ խոստացար։
10Թշնամիներս ետ կը դառնան այն օրը, երբ օգնութեան կանչեմ քեզ. ահա իմացայ, որ դու իմ Աստւածն ես։
11Աստծւն պիտի օրհնեմ իմ բերանով եւ բառերովս Տիրոջը պիտի գովեմ իմ խօսքերով։ Աստծու վրայ դրի իմ յոյսը եւ վախ չունեմ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
12Ինձնից է ուխտն իմ, որ օրհնութեամբ քեզ պիտի մատուցեմ, Աստւա՛ծ։
13Ինձ փրկեցիր մահուանից, աչքս՝ արտասուքից, եւ ոտքս՝ գայթակղութիւնից. ողջերի երկրում ես հաճելի կերեւամ Տիրոջ առջեւ։

************

Սաղմոս(ԾԷ)57
Օգնութիւն է խնդրում ևԱստուծոյ գթութիւնը օրհնում
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ նա Սաւուղի երեսից փախել թաքնւել էր քարայրում
1Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ անօրէնութիւնն անցնի։
2Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն։
3Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին։ Աստւած իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնն ուղարկեց։
4Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովւած ննջում էի։ Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպէս սուր սուսեր։
5Դու երկինք ես բարձրացել, Աստւա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։
6Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրե՛նք ընկան։
7Պատրաստ է սիրտն իմ, Աստւա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։
8Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։
9Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կ՚երգեմ։
10Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
11Դու երկինք ես բարձրացել, Աստւա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։

************

Սաղմոս(ԾԸ)58
Աստւած դատաւոր է երկրի վրայ էլ
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի
1Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։
2Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրէնութիւն էք գործում երկրի երեսին, եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում։
3Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին։
4Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի,վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները,
5որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից։
6Աստուած պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տէրը կոտրատեց ժանիքներն առիւծների։
7Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն։Երբ նրանք իրենց աղեղները լարեն,
8թող հալուեն մոմի նման ու սպառուեն։ Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան։
9Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստուած նրանց դժնիկի պէս ողջ-ողջ պիտի այրի բարկութեամբ։
10Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։
11Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ, եւ կայ Աստուած, որ երկրի վրայ դատում է նրանց։

************

Սաղմոս(ԾԹ)59
Չար որոգայթներից ազատւելու համար աղաչանքն
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ Սաւուղը զօրք ուղարկեց պաշարելու նրա տունը եւ սպանելու նրան. սաղմոս Դաւթի
1Աստուա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր նրանցից, ովքեր ելել են իմ դէմ։
2Ինձ փրկի՛ր անօրէնութիւն գործողներից, արիւնահեղ մարդկանցից պահպանի՛ր ինձ։
3Որսալ ուզեցին ինձ, եւ հզօր մարդիկ ինձ վրայ յարձակւեցին։
4Ո՛չ մեղք ունեմ եւ ո՛չ յանցանք, առանց մեղքի ընթացայ ու արդար եղայ։
5Ինձ ընդառաջ ե՛լ եւ տե՛ս դո՛ւ, Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի։ Նայի՛ր ու այցելի՛ր բոլոր հեթանոսներին եւ մի՛ ողորմիր բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։
6Նրանք ետ կը դառնան երեկոյեան, քաղց կը զգան շների պէս եւ քաղաքի շուրջը կը պտտւեն։
7Նրանք կը վայրահաչեն իրենց բերանով ու կը սրեն շրթերն իրենց։
8Իսկ արդ, ո՞վ կը լսի դա. դու, Տէ՛ր, կը ծիծաղես նրանց վրայ եւ կ՚արհամարհես բոլոր հեթանոսներին։
9Զօրութիւնս քեզնո՛վ կը պահեմ, քանզի Աստւած իմ օգնականն է։
10Իմ Աստծու ողորմութիւնը կը հասնի ինձ, եւ իմ Աստւածն ինձ համար ի ցոյց կը հանի թշնամիներիս։
11Մի՛ սպանիր նրանց, որ չմոռանան քո ժողովրդին։ Ցրի՛ր եւ ընկճի՛ր նրանց քո զօրութեամբ, քանզի դու իմ պաշտպանն ես, Տէ՛ր։
12Իրենց բերանի մեղքերի եւ շրթունքների խօսքերի համար թող նրանք ընկղմւեն իրենց ամբարտաւանութեան մէջ եւ անէծքի ու ստութեան մատնւեն։
13Բարկութեան ներգործութեամբ թող սպառւեն ու անհետանան։ Թող իմանան, որ Աստւած տիրում է Յակոբին ու երկրի բոլոր ծագերին։
14Նրանք ետ կը դառնան երեկոյեան, քաղց կը զգան շների պէս եւ քաղաքի շուրջը կը պտտուեն։
15Նրանք կը թափառեն ուտելու համար եւ, եթէ չկշտանան, կը տրտնջան։
16Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տէ՛ր,պիտի ցնծամ առաւօտեան քո ողորմութեամբ, քանզի դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը եւ նեղութեանս օրերի օգնականը։
17Քեզ սաղմոս պիտի երգեմ, իմ ապաւէ՛ն Աստւած, իմ ողորմութեա՛ն Աստւած։

************

Սաղմոս(Կ)60
Պատերազմի ժամանակ աղօթք
Այսուհետեւ անցած ժամանակների մասին ուսանելու համար. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Յովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ։
1Աստուա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ։
2 Ցնցեցիր երկիրն ու խռովութեան մատնեցիր այն, բուժի՛ր նրա ստացած հարուածները, քանզի նա սասանուեց։
3Քո ժողովրդին խստութիւն ցոյց տուիր եւ մեզ թմրութեան գինի խմեցրիր։
4Երկիւղածներիդ նշան դու տուիր, որ փրկութիւն գտնեն աղեղից։
5Ինչպէս որ քո սիրելիները փրկուեցին, այնպէս էլ քո աջով պահպանի՛ր եւ լսի՛ր մեզ։
6Աստուած խօսեց իր սրբարանից. «Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը չափեմ։
7Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։
8Յուդան թագաւորս է, Մովաբը՝ յոյսիս աւազանը։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ, քանզի այլազգիներն ինձ հնազանդուեցին»։
9Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
10եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ չելար, Աստուա՛ծ։
11Նեղութեան մէջ օգնութիւն ցո՛յց տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։
12Աստուծով քաջութիւն կը գործենք, եւ նա կ՚արհամարհի մեզ նեղողներին։

************