Սաղմոս(ԾԱ)51
Դաւիթի ապաշխարանքի Սաղմոսը
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. այն ժամանակ, երբ նրա մօտ եկաւ Նաթան մարգարէն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբէին
1Ողորմի՛ր ինձ, Աստւա՛ծ, քո մեծ ողորմութեամբ եւ քո գթառատութեամբ ջնջի՛ր իմ յանցանքները։
2Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։
3Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ, եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։
4Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր, եւ չարիք գործեցի քո առջեւ, որպէսզի արդար լինես քո խօսքերում, եւ յաղթող՝ քո դատաստանի մէջ։
5Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ։
6Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր եւ քո իմաստութեան անյայտն ու ծածուկն ինձ յայտնեցիր։
7Ցօղի՛ր ինձ սպունգով՝ եւ ես կը մաքրւեմ, լուա՛՝ ու ձիւնից ճերմակ կը լինեմ։
8Ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն լսել տո՛ւր, եւ թող տառապեալ ոսկորներս ցնծան։
9Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից եւ իմ բոլոր յանցանքները ջնջի՛ր ինձնից։
10Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստւա՛ծ, եւ արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։
11Մի՛ գցիր ինձ, Տէ՛ր, քո երեսից եւ սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։
12Ինձ փրկութեան ցնծութի՛ւն տուր, եւ քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։
13Անօրէններին կը սովորեցնեմ քո ճանապարհը, եւ ամբարիշտները քո կողմը կը դառնան։
14Փրկի՛ր ինձ արիւնից, Աստւա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած. լեզուս թող ցնծայ քո արդարութեամբ։
15Տէ՛ր, եթէ շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնութիւնը քո։
16Եթէ ուզէիր՝ պատարագ կը մատուցէինք, բայց դու ողջակէզներ չես սիրում։
17Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստւած չի արհամարհում։
18Քո բարեհաճութեամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տէ՛ր, եւ Երուսաղէմի պարիսպները թող կառուցւեն։
19Այնժամ դու կը հաւանես արդարութեան պատարագները, եւ, իբրեւ ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կը մատուցեն։

************

Սաղմոս(ԾԲ)52
Բարեպաշտի մխիթարութիւնը բամբասելու ժամանակ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկաւ պատմեց Սաւուղին, թէ ահա Դաւիթն Աքիմելէքի տանն է։
1Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրէնութեամբ։
2Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզւով, սուր ածելու նման նենգութիւն գործեց։
3Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց եւ արդար խօսքից աւելի՝ անօրէնութիւն։
4Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր եւ նենգ լեզուներ։
5Դրա համար Աստուած կը կործանի նրան իսպառ, կը խլի ու կը հանի նրան իր օթեւանից, եւ նրա արմատները՝ ողջերի երկրից։
6Արդարները կը տեսնեն ու կը վախենան եւ կը ծաղրեն նրան՝ ասելով.
7«Սա է այն մարդը, որն Աստծու օգնութեանը չապաւինեց, այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ եւ զօրացաւ իր ունայնութեամբ»։
8Իսկ ես Աստծու տան պտղաբեր ձիթենու նման եմ. յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրի Աստծու ողորմութեան վրայ։
9Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար եւ յոյսս պիտի դնեմ քո անւան վրայ, քանզի բարի ես սրբերիդ հանդէպ։

************

Սաղմոս(ԾԳ)53
Մարդկային թշւառութիւնից ազատւելու աղաչանքը
Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ «Աստւած չկայ»։
1Ապականւեցին ու պղծւեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
2Աստւած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն է փնտռում։
3Բոլորը միասին խոտորւեցին եւ անպէտք դարձան։ Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ հոգի։
4Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրէնութիւն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց եւ չեն դիմում Աստծուն։
5Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղից սարսում են նրանք, քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները։ Նրանք պիտի խայտառակւեն ու ամօթահար լինեն, քանզի Աստւած անարգեց նրանց։
6Ո՞վ կը տայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը։ Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։

************

Սաղմոս(ԾԴ)54
Աղօթք փրկութեան համար
Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը, այն ժամանակ, երբ Զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. «Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ»։
1Աստուա՛ծ, քո անուամբ փրկի՛ր ինձ եւ քո զօրութեամբ արդա՛ր հանիր ինձ։
2Աստւա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները, ակա՛նջ դիր բերանիս խօսքերին։
3Օտարներն ելան իմ դէմ, հզօրներն իմ կեանքն ուզեցինեւ քեզ իրենց աչքում Աստւած չհամարեցին։
4Ահա Աստւած իմ օգնականն է, եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը։
5Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց։
6Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, եւ գոհանամ քո անուամբ, քանի որ այն բարի է։ 7Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ, եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս։

************

Սաղմոս(ԾԵ)55
Սուտ եղբայրներից ազատւելու աղօթք: Մխիթարութիւն Աստուծով Այսուհետեւ՝ իմաստութեան օրհնութիւնը
սաղմոս Դաւթի
1Ակա՛նջ դիր, Աստւա՛ծ, իմ աղօթքին, եւ խնդրանքներս մի՛ անտեսիր։
2Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկութեամբ տրտմեցի ու խռովւեցի։
3Թշնամու ձայնից եւ մեղսագործի հալածանքից նրանք անիրաւութեամբ դէպի ինձ շրջւեցին, բարկութեամբ ոխ պահեցին իմ դէմ։
4Սիրտս խռովուեց իմ մէջ, եւ մահւան երկիւղն ինձ համակեց։
5Ահ ու դող ընկաւ վրաս, եւ խաւարը ծածկեց ինձ։
6Ասացի. «Մէկն ինձ աղաւնու թեւեր տար, որ թռչելով բարձրանայի
7եւ հեռանալով հանգիստ առնէի անապատում։
8Յոյս ունէի, որ Աստւած ինձ կը փրկէր կարճամիտ զայրոյթից եւ փոթորկուող նեղսրտութիւնից։
9Կորստեան մատնի՛ր, Տէ՛ր, եւ թող նրանք իրար լեզու չհասկանան, քանզի անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքում։
10Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրէնութիւն է գործւում, իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք։
11Եւ վաշխառութիւնն ու նենգութիւնը չվերացան նրա հրապարակներից։
12Եթէ թշնամին լինէր ինձ նախատողը, կը համբերէի, կամ իմ ատելին լինէր իմ դէմ մեծախօսողը, կը թաքնւէի նրանից։
13Այլ դու, մա՛րդ, իմ հաւասարն ես, իմ առաջնորդն ու ծանօթը։
14Չէ՞ որ դու էիր քաղցրացնում իմ ու քո կերակուրը, եւ միաբանութեամբ էինք գործում Աստծու տանը։
15Մահը նրանց վրայ կը հասնի, եւ նրանք ողջ-ողջ դժոխք կ՚իջնեն, քանզի իրենց բնակարանում ու իրենց մէջ չարութիւն կայ։
16Ես Աստծուն ձայն տուի, եւ Տէրն ինձ լսեց։
17Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի, եւ նա իմ ձայնը կը լսի։
18նա ինձ խաղաղութեամբ կը փրկի ինձ մերձեցողներից, քանզի ուժով յարձակւեցին ինձ վրայ։
19Կը լսի եւ կ՚ընկճի նրանց Աստուած, որ կար յաւիտենութիւնից առաջ, քանզի չեն փոխւում նրանք,եւ չեն վախենում Աստծուց։
20Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց. նրանք պղծել էին Նրա օրէնքները։
21Բաժանւեցին Նրա երեսի զայրոյթից, բայց Նա հասաւ նրանց սրտերին։ Ձէթից փափուկ էին նրանց խօսքերը, բայց իրենք կարծես նետեր լինէին։
22Հոգսդ դի՛ր Տիրոջ վրայ, ու նա քեզ կը կերակրի եւ չի թողնի, որ արդարը յաւիտեան սասանուի։
23Դու, Աստւա՛ծ, նրանց կ՚իջեցնես ապականութեան փոսը. արիւնահեղ ու նենգ մարդիկ իրենց կեանքի օրերի կէսին չեն հասնի. իսկ ես, Տէ՛ր, յոյսս դրի քեզ վրայ։

************