Սաղմոս(ԽԶ)46
Աստւած մեր ապաւէնն է
Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին
1Աստւած ապաւէնն ու զօրութիւնն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ։
2Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցւի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն։
3Դղրդացին ու ալեկոծւեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկութիւնից։
4Գետերի յորձանքները զւարճացնում են Աստծու քաղաքը. եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը։
5Աստւած դրա մէջ է, եւ այն չի սասանւի. Աստւած կ՚օգնի դրան վաղորդայնից վաղորդայն։
6Հեթանոսները խռովուեցին, ու թագաւորութիւնները հնազանդ եղան. Բարձրեալը ձայն տւեց, եւ երկիրը երերաց։
7Մեզ հետ է Զօրութիւնների տէրը, Յակոբի Աստւածն ապաւէնն է մեր։
8Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ։
9Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը, աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի։
10Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես Աստւածն եմ. ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացուեմ երկրի երեսին։
11Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստւածն ապաւէնն է մեր։

************

Սաղմոս(ԽԷ)47
Աստւած թագաւոր է
Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին.սաղմոս Դաւթի
1Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք, ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն։
2Տէրը բարձրեալ եւ ահարկու է, մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ։
3Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։
4Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝ Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց։
5Աստւած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով։
6Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծւն, սաղմո՛ս երգեցէք մեր թագաւորին, սաղմո՛ս երգեցէք։
7Ամբողջ երկրի մեծ թագաւորն Աստւած է, սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ։
8Աստւած թագաւորեց հեթանոսների վրայ, Աստւած բազմեց իր սրբութեան գահին։
9Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծու մօտ, որովհետեւ Աստծու զօրութիւնները շատ բարձրացան երկրից։

************

Սաղմոս(ԽԸ)48
Սիօնի ուրախութիւնը որ Աստւած օգնում է պատերազմի ժամանակ
Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը
1Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ մեր Աստծու քաղաքում, իր սուրբ լերան վրայ։
2Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ,ցնծում են Սիոնի լեռները, հիւսիսային կողմերը, մեծ թագաւորի քաղաքը։
3Աստւած յայտնւում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց։
4Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին ու միասին եկան անցան։
5Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովւեցին ու սասանւեցին։
6Այնտեղ դողը բռնեց նրանց եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ։
7Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում։
8Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստւած դրա հիմքերը գցեց յաւիտեան։
9Ստացանք ողորմութիւնդ, Աստւա՛ծ, քո ժողովրդի մէջ։
10Ինչպէս որ անունդ է, այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարութեամբ։
11Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի։
12Պտտւեցէ՛ք Սիօնի շուրջը, շրջանն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները։
13Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին, զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի։
14Սա է Աստւածը, մեր Աստւածը յաւիտեանս յաւիտենից, եւ սա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն։

************

Սաղմոս(ԽԹ)49
Ամբարիշտի յաջողակութիւնը վերջանում է նրա մահի հետ
Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը
1Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում,
2երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ, ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ։
3Բերանս իմաստութիւն պիտի խօսի, եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն։
4Առակներին պիտի ականջ դնեմ եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից։
5Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին, երբ կեանքիս անօրէնութիւններն ինձ պաշարեցին։
6Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները պարծենում են իրենց մեծ հարստութեամբ։
7Եղբայրն իր եղբօրը չի փրկի, ոչ էլ մարդը կը փրկի նրան. նա փրկանք չի տայ Աստծուն,
8ոչ էլ իր հոգու փրկանքը։
9Յաւիտեա՛ն ջանք թափի՛ր, եւ դու կ՚ապրես անվերջ ու ապականութիւն չես տեսնի։
10Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կը կորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝ իրենց հարստութիւնը թողնելով օտարներին։
11Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կը լինի, եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը. նրանց հողերը կը կոչւեն իրենց անունով։
12Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարւեց անբան անասուններին ու նմանւեց նրանց։
13Այս է ճանապարհը նրանց գայթակղութեան, որին յետոյ իրենց բերանով հաւանութիւն պիտի տան։
14Ոչխարների պէս դժոխքի պիտի մատնւեն, ու մահը պիտի հովւի նրանց, եւ առաւօտեան արդարները պիտի նրանց տիրեն։ Նրանց օգնութիւնը կը սպառւի դժոխքում, եւ նրանք իրենց փառքը կը կորցնեն։
15Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստւած կը փրկի իմ հոգին։
16Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան,
17քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղւի։
18Նրա անձը կ՚օրհնւի իր կենդանութեան ժամանակ, եւ քեզ շնորհակալ կը լինի, երբ բարիք գործես նրան։
19Նա կը միանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի։
20Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարւեց անբան անասուններին ու նմանուեց նրանց։

************

Սաղմոս(Ծ)50
Ճշմարիտ զոհը գոհութիւնն է
1 Աստուածների Աստուած Տէրը խօսեց, ձայն տւեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք։
2Սիoնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը։
3Մեր Աստւածը պիտի գայ յայտնապէս, եւ մեր Աստւածը պիտի չլռի, նրա առջեւ հուր պիտի բորբոքւի, եւ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ։
4Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար։
5Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին։
6Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը, քանզի Աստւած դատաւոր է։Հանգիստ։
7Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կ՚ասեմ, եւ Իսրայէ՛լ՝ քեզ կը վկայեմ, որ Աստւածը, քո Աստւածը ես եմ։
8Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են։
9Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հօտից՝ նոխազներ։
10Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երէները եւ բոլոր անասունները։
11Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է։
12Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ։
13Ես չեմ ուտում քո հորթերի միսը, եւ քո նոխազների արիւնը չեմ խմում։
14Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր։
15Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ։Հանգիստ։ 1
6Սակայն մեղաւորին Աստւած ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը։ 17Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը։
18Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին։
19Բերանդ չարութիւն էր տարածում, եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում։
20Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում։
21Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կը նմանուեմ քեզ։ Արդ, պիտի յանդիմանեմ քեզ եւ այս ամէնը առջեւդ դնեմ»։
22Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն. գուցէ երբեւէ յափշտակուէք տարուէք, եւ ձեզ փրկող չգտնւի։
23Օրհնութեան պատարագն ինձ կը փառաւորի. եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծու փրկութիւնը։

************