Սաղմոս(ԽԱ)41
Հիւանդութիւնովը ուրախացող թշնամիներից և անհաւատարիմ ընկերներից գանգատ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տէրը կը փրկի նրան։
2Տէրը կը փրկի ու կը պահպանի նրան, երանելի կը դարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
3Տէրը նրան կ՚օգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կը մաքրի իր հիւանդութիւնից։
4Ես ասացի. «Տէ՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դէմ»։
5Թշնամիներս չարութեամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջուի»։
6Ինձ այցելութեան եկողը դատարկ բաներ էր խօսում իր սրտում, անօրէնութիւն կուտակում իր մէջ, դուրս էր գալիս եւ նոյն բանն էր պատմում։
7Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նիւթեցին իմ դէմ։
8Նրանք անօրէն խօսքեր բարդեցին ինձ վրայ. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս յարութիւն չի՞ առնի»։
9Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց։
10Բայց դու, Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց։
11Եթէ թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կ՚իմանամ, որ բարեհաճ ես իմ հանդէպ։
12Դու իմ անմեղութեան համար ընդունեցիր ինձ եւ յաւիտեան հաստատեցիր քո առջեւ։
13Օրհնեալ լինի Տէր Աստւածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն։

************

Սաղմոս(ԽԲ)42
Օտար երգրից փափաք դէպի սրբարանը
Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը
1Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստւած.
2հոգիս ծարաւ է քեզ, Աստւած հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծու առաջ։
3Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնւեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին. «Քո Աստւածն ո՞ւր է»։
4Դա յիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծու տան սքանչելի յարկի տակ,ցնծութեան ու օրհնութեան ձայնով եւ ձայնով բարեբանութեան։
5Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,իմ անձը փրկողն Աստւած է։
6Հոգին իմ խիստ խռովւեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից։
7Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով։ Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։
8Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց. գիշերը՝ նոր օրհներգութիւն. ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար։
9Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»։
10Երբ ոսկորներս փշրւեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամէն օր ասելով. «Քո Աստւածն ո՞ւր է»։
11Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստւած է։

************

Սաղմոս(ԽԳ)43
Սրբարանի համար փափաք
1Դատի՛ր ինձ, Աստւա՛ծ, եւ դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ։ Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ։
2Դու ինձ ուժ տւողն ես, Աստւա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ,երբ թշնամիս ինձ հալածի։
3Առաքի՛ր, Տէ՛ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը։
4Ես կը մօտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը։ Գոհութիւն կը մատուցեմ քեզ օրհներգերով, Աստւա՛ծ, Աստւա՛ծ իմ։
5Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, նա իմ փրկիչ Աստւածն է։

************

Սաղմոս(ԽԴ)44
Գանգատում է որ Աստւած թող է տւել իր ժողովուրդը
Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը.սաղմոս Դաւթի
2Աստուա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում։
3Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին,եւ նրանց փոխարէն մե՛զ տնկեցիր, հաստատեցիր. չարչարեցիր ժողովուրդներին ու արտաքսեցիր նրանց։
4Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց, այլ՝ քո աջը, քո բազուկը եւ քո երեսի լոյսը, քանզի դու բարեհաճ եղար նրանց հանդէպ։
5Դու ինքդ ես իմ թագաւորն ու իմ Աստւածը, որ Յակոբի փրկութեան հրամանն արձակեց։
6Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին։
7Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ։
8Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր։
9Հանապազ Աստւծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անւանը։
10Սակայն դու մերժեցիր ու խայտառակեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստւած։
11Մեզ յետ մղեցիր մեր թշնամիներից, եւ մեզ ատողները մեզ կողոպտեցին։
12Մեզ ոչխարի պէս մորթելու յանձնեցիր եւ մեզ ցրեցիր հեթանոսների մէջ։
13Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, եւ մեր աղաղակը չափ չունեցաւ։
14Մեր հարեւանների նախատինքին արժանացրիր մեզ եւ մեր շուրջը գտնուողների խայտառակ ծաղրուծանակին։
15Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մէջ, եւ ժողովուրդները գլուխ թափ տւեցին։
16Ամէն օր իմ նախատինքն առջեւս է, եւ երեսիս ամօթը պատել է ինձ՝
17նախատողի ու չարախօսի ձայնից, թշնամու եւ հալածողի երեսից։
18Այս ամէնը մեզ վրայ եկաւ, բայց մենք քեզ չմոռացանք,չդրժեցինք քո ուխտը,
19եւ մեր սրտերով յետ չդարձանք քեզանից. դու շեղեցիր մեր շաւիղը քո ճանապարհից։
20Տաժանավայրում մեզ ծնկի բերիր, եւ մահւան ստւերները պատեցին մեզ։
21Միթէ մոռացե՞լ ենք մեր Աստծու անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստւածների.
22չէ՞ որ Աստւած դա կ՚իմանայ, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի։ Մենք ամէն օր զոհւում ենք քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք։
23Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ։
24Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզանից, մոռանում մեր աղքատութիւնն ու նեղութիւնները։
25Մեր անձերը մինչեւ գետին կորացան, եւ մեր մէջքը դիպաւ հողին։ 26Ելի՛ր, Տէ՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ յանուն քո անւան։

************

Սաղմոս(ԽԵ)45
Գովասանական երգ Աստուծոյ Օծեալի և նրա հարսի համար
Այսուհետեւ՝ անցած ժամանակի մասին.Կորխի որդիների իմաստութիւնը. օրհնութեան սաղմոս սիրելիի մասին
1Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, եւ իմ գործերը պատմում եմ թագաւորին։ Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի։
2Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափւում. դրա համար Աստւած օրհնեց քեզ յաւիտեան։
3Մէջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզօր, քո վայելչութեամբ ու գեղեցկութեամբ։
4Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր եւ թագաւորի՛ր յանուն ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան, եւ քո աջը թող սքանչելապէս առաջնորդի քեզ։
5Քո նետերը սրւած են, ո՛վ հզօր, ընդդէմ թագաւորի թշնամիների. եւ ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ։
6Քո գահը յաւիտեանս յաւիտենից է, Աստւա՛ծ. քո արքայական գաւազանն արդարութեան գաւազան է։
7Սիրեցիր արդարութիւնն ու ատեցիր անօրէնութիւնը, դրա համար Աստւած՝ քո՛ Աստւածն օծեց քեզ ուրախութեան իւղով՝աւելի, քան քո ընկերներին։
8Քո զգեստներից ու փղոսկրեայ պալատներից զմուռս, հալւէ եւ կինամոն է բուրում։
9Արքայադուստրերն ուրախացնում ու պատւում են քեզ։ Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարւած ու պաճուճւած ոսկեհուռ զգեստներով։
10Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը։
11Նա ինքն է քո Տէրը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի եւ դուստրը Տիւրոսի,
12եւ ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով։
13Արքայադստեր ողջ փառքը իր մէջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ։
14Թագաւորի մօտ նրա հետ կոյսեր պիտի տարւեն, իր ընկերուհիները պիտի տարւեն նրա մօտ։
15Ցնծութեամբ եւ ուրախութեամբ պիտի բերեն նրանց, եւ պիտի տարւեն թագաւորի պալատը։
16Եւ քո հայրերի փոխարէն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրայ։
17Քո անունը պիտի յիշւի սերնդից սերունդ. դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից։

************