Սաղմոս(ԼԶ)36
Անօրէնների չարութիւնիցը գանգատ: Աստուծոյ գութը բարեպաշտների դէմ
Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի սաղմոսը
1Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս,թէ իր աչքերի առջեւ Աստծու վախ չկայ։
2Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ,որ չտեսնի իր անօրէնութիւնն ու չատի այն։
3Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին։
4Անօրէնութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ։
5Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը։
6Արդարութիւնդ, Աստւա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր։
7Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստւա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն։
8Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։
9Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում։
10Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին։
11Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ։
12Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն,մերժւեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել։

************

Սաղմոս(ԼԷ)37
Բարեպաշտը պէտք չէ որ գայթակղւի չարերի հաջողութիւնովը
Սաղմոս Դաւթի
1Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում,
2քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն։
3Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակւի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։
4Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։
5Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջըեւ դի՛ր յոյսդ նրա վրայ։
6Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ։
7Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրէնութիւն է գործում։
8Դադարի՛ր բարկանալուց, հանդարտւի՛ր սրտմտութիւնիցեւ մի՛ նախանձիր չարամիտներին։
9Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը։
10Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կը փնտռես նրա տեղն ու չես գտնի։
11Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զւարճանան մեծ խաղաղութեան մէջ։
12Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ։
13Բայց Տէրը կը ծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը։
14Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարւածելու, սրտով խոնարհներին սպանելու համար։ 15Նրանց սրերը կը մխւեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրւեն։
16Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը։
17Ամբարիշտների բազուկները կը խորտակւեն, եւ Տէրն արդարներին հաստատ կը պահի։
18Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կը լինի։
19Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կը յագենան։
20Արդ, մեղաւորները կորստեան կը մատնւեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կը սպառւեն, ինչպէս ծուխն է սպառւում։
21Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս։
22Ովքեր օրհնում են Տիրոջը, կը ժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կը ջնջւեն Տիրոջ ձեռքով։
23Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը։
24Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանւի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը։
25Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհւած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս։
26Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կը լինի։
27Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կ՚ապրես երկրի վրայ։
28Տէրը սիրում է իրաւունքը, եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց։ Անօրէնները կը քշւեն կը գնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կ’ոչնչանայ։
29Իսկ արդարները կը ժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կը բնակուեն նրա մէջ։
30Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում։
31Նրա սրտում իր Աստծու օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կը լինի։
32Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան։
33Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի։
34Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կը բարձրացնի՝ երկիրը ժառանգելու, եւ դու կը տեսնես մեղաւորների կործանումը։
35Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները։
36Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտռեցի՝ ու նրա տեղը չերեւաց։
37Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կ՚ունենայ։
38Անօրէնները կը քշւեն կը գնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կը մատնւի։
39Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը։
40Տէրը կ՚օգնի ու կը փրկի նրանց, կ՚ազատի մեղաւորներից ու կը պահպանի նրանց,քանզի նրանք իրենց յոյսը դրել են Նրա վրայ։
************

Սաղմոս(ԼԸ)38
Դաւիթը գանգատում է նեղութիւներրի և հալածանքների մասին. խնդրում է մխիթարութիւն
Սաղմոս Դաւթի՝ շաբաթօրեայ յիշատակի առթիւ
1Տէ՛ր, քո զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր,
2քանզի քո նետերն ինձ հարւածեցին, եւ քո ձեռքն ինձ վրայ ծանրացաւ։
3Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դէմ, ոսկորներս հանգստութիւն չունեն իմ մեղքերի պատճառով։
4Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս։
5Վէրքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամութեանս հետեւանքով։
6Տառապեցի եւ խիստ նւաստացայ, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած,
7քանզի հոգիս լցւեց տանջանքներով, եւ մարմնիս համար բուժում չկայ։
8Չարչարւեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծութիւնից։
9Տէ՛ր, ամբողջ ցանկութիւնս առջեւդ է, եւ հառաչանքս չ’ծածկւեց քեզնից։
10Սիրտս պղտորւեց իմ մէջ, եւ ուժս լքեց ինձ, աչքերիս մէջ լոյսի նշոյլ իսկ չմնաց։
11Բարեկամներս եւ ընկերներս մօտեցան ու կանգնեցին իմ առջեւ, եւ մերձաւորներս ինձնից հեռու մնացին։
12Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դէմ չարիք նիւթողները անօրէնութիւն խօսեցին, եւ գիշեր-ցերեկ նենգութիւն մտածեցին։
13Իսկ ես դարձայ ինչպէս խուլ, որ չի լսում, ինչպէս համր, որ բերանն իր չի բացում։
14Ես դարձայ ինչպէս մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խօսք չկայ։
15Ես յոյսս քեզ վրայ դրի, ո՛վ Տէր, ու դու կը լսես ինձ, Տէ՛ր իմ Աստւած։
16Ասացի՝ «Թող թշնամիներս չծիծաղեն վրաս». երբ ոտքս սայթաքեց, նրանք յոխորտացին իմ դէմ։
17Ես պատրաստ եմ տանջանքների, եւ իմ ցաւերը միշտ առջեւս են։
18Կը պատմեմ իմ անօրէնութիւնները եւ կը հոգամ իմ մեղքերի մասին։
19Բայց թշնամիներն իմ ողջ են ու աւելի հզօր, քան ես, եւ բազմացել են նրանք, ովքեր յանիրաւի ատում են ինձ,
20ովքեր ինձ չարութեամբ հատուցեցին բարու փոխարէն եւ չարախօսեցին իմ մասին, քանզի ես արդարութեամբ էի ընթանում։
21Մի՛ լքիր ինձ, Տէ՛ր իմ Աստւած, եւ մի՛ հեռացիր ինձնից։
22Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ փրկիչ Տէր։

************

Սաղմոս(ԼԹ)39
Որոշում է լռել համբերութիւնով, որովհետեւ կեանքը կարճ և ունայն է, խնդրում է մխիթարութիւն
Այսուհետեւ՝ օրհնութիւն Իդիթոմին
1Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզւովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղաւորը հակառակուեց ինձ։
2Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ, բարիքս լռութեան մատնեցի, եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ։
3Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց։
4Խօսեցի լեզուովս եւ ասացի. «Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ ե՞րբ է իմ վախճանը, եւ որքան է կեանքիս օրերի թիւը, որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել»։
5Ահա սահման դրիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի։
6Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար։
7Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ դու, Տէ՛ր, կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ։
8Բոլոր յանցանքներիցս փրկեցիր եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ։
9Ես խուլ եղայ եւ չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում։
10Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները, որովհետեւ քո ձեռքի զօրութիւնից հիւծւեցի ես։
11Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պէս մաշեցիր նրան, բայց սուտ է ամէն մարդ։ Հանգիստ։
12Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս եւ արտասուքս լռութեան մի՛ մատնիր։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպէս իմ բոլոր նախնիները։
13Թո՛յլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչեւ իմ գնալն այնտեղ, ուր այլեւս չեմ լինի։

************

Սաղմոս(Խ)40
Ազատւած բարեպաշտը գեհանում է, հնազանդում է և աղաչում
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը։
2Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։
3Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ։
4Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել։
5Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ։ Պատմեցի ու խօսեցի դրանց մասին, բայց դրանք անթիւ են։
6Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողութիւն տուիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր։
7Այն ժամանակ ասացի, թէ՝ «Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրւած է իմ մասին։
8Ուզեցի կամքդ կատարել, Աստւա՛ծ իմ, եւ օրէնքդ, որ իմ ներսում է»։
9Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից։
10Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
11Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ։
12Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին. անօրէնութիւններս ինձ վրայ հասան, եւ ես չկարողացայ նկատել. գլխիս մազերից աւելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց։
13Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր։
14Թող խայտառակւեն ու ամօթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար կամեցողները։
15Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ։
16Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո տւած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստւած»։
17Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստւա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստւած իմ, մի՛ ուշացիր։

************