Սաղմոս(ԼԱ) 31
Յոյսը ամօթով չի թողել
Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը
1Յոյսս դրի քեզ վրայ, Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ. քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ։
2Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու։ Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու։
3Քո անւան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ։
4Ինձ կը հանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ։
5Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր, եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին։ Տէ՛ր Աստւած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ։
6Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար։
7Ես յոյսս դրի Տիրոջ վրայ, պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տւած փրկութեամբ։ Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից։
8Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքըեւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր։
9Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշւած եմ ես. սրտնեղութիւնից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը։
10Կեանքս սպառւեց վիշտ ու ցաւերով, եւ տարիներս՝ հոգոց հանելով։ Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ, եւ ոսկորներս մաշւեցին։
11Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիների՛ս համար նախատինք եղայ եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից։
12Սրտերից մոռացւեցի ես ինչպէս մեռեալ եւ նմանւեցի անպէտք անօթի,
13քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին։ Հաւաքւած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին։
14Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրի քե՛զ վրայ՝ ասելով. «Դո՛ւ ես Աստուածն իմ,
15եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը։ Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից։
16 Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ»։
17Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի. թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն։
18Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները, որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին։
19Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր, որ պահեցիր երկիւղածներիդ համար։ Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայմարդկանց որդիների առջեւ։
20Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով, լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում։
21Օրհնեալ է Տէրը, քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում։
22Շփոթութեան մէջ ես ասացի, թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից։ Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի, երբ աղաղակեցի քեզ։
23Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտռում եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտաւանանում։
24Քաջալերւեցէ՛ք ամէքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան։

************

Սաղմոս(ԼԲ) 32
Մեղքերի թողութեան երջանկութիւնը
1 Երանի նրան, ում մեղքերին թողութիւն տրւեց եւ ում բոլոր յանցանքները ծածկւեցին։
2Երանի այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ։
3Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին՝ ամէն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։
4Քո ձեռքը ծանրացաւ ինձ վրայ. ես կրկին ընկայ թշւառութեան մէջ, քանզի փշերն ինձ ծակեցին։
5Մեղքերս քեզ ցոյց կը տամ, եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կը տաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը։Հանգիստ։
6Դրա համար բոլոր սրբերն յարմար ժամին աղօթքի կը կանգնեն քո առջեւ, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։
7Դու ես իմ յենարանն այն նեղութեան մէջ, որը շուրջս պատեց։ Ո՜վ ցնծութիւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։
8«Քեզ կ’իմաստնացնեմ ու խելամիտ կը դարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կը պահեմ», ասում է Տէրը։
9Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների պէս, որոնք գիտակցութիւն չունեն. սանձով ու պախուրցով պէտք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմօտենան։
10Շատ են մեղաւորների տանջանքները, բայց ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, Տիրոջ ողորմութիւնը կը պարւրի նրանց։
11Ուրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցէ՛ք բոլորդ, որ ուղիղ էք սրտով։

************

Սաղմոս(ԼԳ) 33
Աստոծոյ ամենակարող գթութիւնը
1Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնութիւնը։
2Գոհութի՛ւն յայտնեցէք Տիրոջը օրհներգութեամբ, տասլարանի նւագարանով սաղմո՛ս երգեցէք նրան։
3Օրհներգեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն։ Սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։
4Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, եւ յուսալի՝ նրա բոլոր գործերը։
5Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցւած երկիրը։
6Տիրոջ խօսքով ստեղծուեց երկինքը, եւ իր բերանի շնչով՝ նրա բոլոր զօրութիւնները։
7Ինչպէս մի տիկի մէջ՝ հաւաքեց ծովի ջրերը եւ իր գանձը դրեց անդունդների յատակը։
8Թող երկիւղ կրի Տիրոջից ողջ երկիրը, եւ նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի,
9քանզի Նա ասաց՝ եւ ստեղծուեցին, Նա հրամայեց՝ եւ հաստատւեցին։
10Տէրը խափանում է հեթանոսների մտադրութիւնները, Տէրն անարգում է ժողովուրդների դիտաւորութիւնները, Տէրն արհամարհում է իշխանների խորհուրդները։
11Տիրոջ մտածումը յաւիտեան կը մնայ, եւ նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ։
12Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստւած է, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգութիւն ընտրեց։
13Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին։
14Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին։
15Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը։
16Թագաւորն իր զօրքի բազմութեամբ չի փրկուի, եւ ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով։
17Ձին անօգուտ է փրկութեան համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծեալին։
18Տիրոջ աչքն իր երկիւղածների եւ իր ողորմութեանը յուսացողների վրայ է՝
19մահից փրկելու նրանց անձերը սովի ժամանակ կերակրելու համար նրանց։
20Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը։
21Նրանով թող ուրախանան մեր սրտերը, եւ մենք նրա սուրբ անւան վրայ յոյս դնենք։
22Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրինք քեզ վրայ։

************

Սաղմոս(ԼԴ) 34
Յորդորանք Աստուծուն փառաւորելու և նրանից վախենալու
Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ։
1Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի։
2Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան։
3Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին։
4Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ։
5Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի։
6Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան։
7Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։
8Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ։
9Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ։
10Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնւեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։
11Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ.ես կը սովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը։
12Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը, եւ ուզում է իր օրերը բարութեան մէջ տեսնել։
13Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն։
14Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութիւն փնտռիր եւ դրա՛ն հետեւիր։
15Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին։
16Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է՝ նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար։
17Արդարները Տիրոջը աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից։
18Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին։
19Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից։
20Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրւելու։
21Մեղաւորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կը զղջայ։
22Տէրը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ յոյս են դնում Նրա վրայ, չպիտի զղջան։

************

Սաղմոս(ԼԵ) 35
Չար թշնամիներից ազատւելու համար աղօթք
1Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ։
2Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան։
3Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ես եմ»։
4Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները։
5Նրանք թող վերածւեն հողմից քշւող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց։
6Նրանց ճանապարհը թող խաւար լինի ու սայթաքուն, եւ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։
7Իզուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ, եւ իզուր նախատեցին ինձ։
8Նրանց վրայ կը հասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կը բռնի ոտքը նրանց, եւ նրանք կընկնեն այդ որոգայթի մէջ։
9Իսկ հոգիս կը ցնծայ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ։
10Իմ բոլոր ոսկորները կ՚ասեն. «Տէ՛ր, ո՞վ է քեզ նման»։ Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, եւ խեղճին ու տնանկին՝ իրենց յափշտակողներից։
11Իմ դէմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղեակ էի։
12Բարու փոխարէն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մէջ։
13Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, եւ իմ աղօթքներն ինձ վերադարձան։
14Եղբօր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգաւորի ու վշտացեալի պէս՝ խոնարհ։
15Հաւաքւեցին ու չարախնդացին ինձ վրայ. տանջանքներ կուտակուեցին իմ դէմ, եւ ես չիմացայ. նրանք ցրուեցին, բայց չզղջացին.
16Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտեցրին իմ դէմ։
17Տէ՛ր, մինչեւ ե՞րբ պիտի տեսնես։ Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկութիւնից, եւ միամօրիկիս՝ առիւծներից։
18Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, մեծ հաւաքներում եւ ժողովրդի բազմութեան մէջ պիտի օրհներգեմ քեզ։
19Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի եւ իրար աչք էին անում ինձ համար։
20Հետս խաղաղութիւնից էին խօսում, բայց իրենք զայրացած՝ նենգութիւն էին խորհում։
21Բացին ինձ վրայ բերաններն իրենց եւ ասացին. «Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»։
22Տէ՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տէ՛ր, մի հեռացի՛ր ինձանից։
23Զարթնի՛ր, Տէ՛ր, նայի՛ր իմ իրաւունքին ու արդարութեանը, Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր իմ։
24Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարութեան, ո՛վ Տէր իմ Աստւած։ Թշնամիներն իմ թող չ’ուրախանան ինձանով։
25Եւ չասեն իրենց մտքում. «Երնէ՜կ, երնէ՜կ մեզ, քանզի խորտակեցինք նրան»։
26Թող խայտառակւեն ու ամօթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դէմ մեծախօսողները։
27Բոլոր նրանք, ովքեր իմ արդարութիւնն են կամենում եւ քո ծառային խաղաղութիւն ցանկանում, թող ուրախութեամբ ցնծան քեզնով եւ միշտ ասեն՝ «Մեծ է Աստուած»։
28Լեզուս պիտի քո արդարութիւնը պատմի եւ հանապազ քեզ գովաբանի։

************