Սաղմոս(ԻԶ) 26
Աղօթք որ Աստւած փրկէ անմեղին
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, որովհետեւ անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար։
2Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։
3Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ։
4Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։
5Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։
6Սրբութեամբ կը լւամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
7թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։
8Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը։
9Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
10որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով։
11Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ։
12Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ։

************

Սաղմոս(ԻԷ) 27
Դաւիթը պատերազմում էլ վստահ է Աստուծոյ վրայ
1 Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։
2Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։
3Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստւի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու։
4Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում։
5Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ։
6Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրայ։ Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը։
7Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր,
8քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտռեց, փնտռեց քո երեսը, Տէ՛ր։
9Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջւիր քո ծառայից։ Իմ օգնականն եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստւա՛ծ իմ։
10Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց։
11Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով։
12Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. Իմ դէմ մեղսագործ վկաներ ելան եւ չարախօսեցին ինձ իրենց անիրաւութեամբ։ 13Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում։
14Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերւի՛ր, սիրտդ թող ամրապնդւի, Տիրո՛ջն սպասիր։

************

Սաղմոս(ԻԸ) 28
Աղաչանք ամբարշտից ազատիելու համար:Փրկւելու համար գոհութիւն
1 Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստւա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կը նմանւեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։
2Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ։
3Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրէնութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ։
4Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց։
5Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին։ Դու կը կործանես նրանց, եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի։
6Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի։
7Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան։
8Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան։
9Փրկի՛ր քո ժողովրդին, եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովւի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց։

************

Սաղմոս(ԻԹ) 29
Աստուծոյ փառքը փոթորկի մէջ
1 Աստծո՛ւ որդիներ, մատուցեցէ՛ք Տիրոջը, մատուցեցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր։
2Մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ, տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում։
3Տիրոջ ձայնը ջրերի վրայ է. փառքի Աստւածը որոտաց, Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ։
4Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է։
5Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի։ 6Տէրը կոտրատում է դրանք ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս։
7Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը։
8Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տէրը դողացնում է Կադէսի անապատը։
9Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին եւ մերկացնում անտառները։ Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա։
10Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները, Տէրը յաւիտեան պիտի թագաւորի։
11Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով։

************

Սաղմոս(Լ) 30
Դաւիթը գոհանում է Աստւածանից իր փրկութեան համար
1Բրձրացնում եմ քեզ, Տէ՛ր, որովհետեւ ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։
2Տէր Աստւա՛ծ իմ, կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ։
3Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։
4Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցեցէք նրա սուրբ յիշատակին։
5Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք։ Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան ուրախութիւն կը լինի։
6Իմ բարկութեան մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանւի։ 7Տէ՛ր, քո կամքով ուժ տւիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ։
8Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն։
9Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղւեմ։ Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ կամ կը պատմի՞ քո ճշմարտութիւնը։
10Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը։
11Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ,
12փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպէսզի այլեւս չզղջամ ես։ Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ։

************