Սաղմոս(ԻԱ) 21
Գոհութեան երգ այն բարիքների և յաղթութիւնների համար որ Աստւած տւել է թագաւորին
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Տէ՜ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ։
2Նրա սրտի ուզածը տւիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր։
3Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզւած պսակ դրիր նրա գլխին։
4Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տւիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից։ 5Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ,փառք ու պարծանք կը դնես նրա վրայ։
6Օրհնութեան մէջ կը հաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կ՚ուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ։
7Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանւի։
8Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին։
9Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի։
10Երկրից կը կորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց։
11Չարամտութեամբ խոտորւեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք։
12Դու նրանց հալածական կ՚անես, եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը։
13Բա՛րձր եղիր, Տէ՜ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը:

************

Սաղմոս(ԻԲ) 22
Չարչարանք և յետոյ փառք, մարգարէութիւն
Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին.սաղմոս Դաւթի
1Աստուա՛ծ իմ, Աստւա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից։
2Աստւա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ։
3Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում։
4Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց։
5Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին։
6Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին։
7Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով.
8«Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»։
9Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնւելու օրից։
10Քե՛զ յանձնւեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստւածն իմ։
11Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ։
12Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ։
13Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց։
14Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ։
15Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահւան հողի մէջ։
16Չորս կողմս բազում շներ հաւաքւեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց։
17Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ։
18Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին։
19Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր։
20Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից։
21Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ մի եղջերւի եղջիւրից։ 22Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։
23Աստւածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան։
24Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիսեւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տւի նրան՝ լսեց ինձ։
25Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ։ Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ։
26 Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան։ Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից։
27Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը։ Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան,
28քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ։
29Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի։
30Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան։
31Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդւի այն ժողովրդին, որ ծնւելու է։

************

Սաղմոս(ԻԳ)23
Բարի Հովիւը
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։
2Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։
3Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անւան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։
4Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստւերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։
5Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։
6Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակւեմ։

************

Սաղմոս(ԻԴ) 24
Թագաւորի փառքով մուտքը
Դաւթի կիրակնօրեայ սաղմոսը
1Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով։
2Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրայ, եւ գետերի վրայ հաստատեց նրան։
3Ո՞վ կը բարձրանայ Տիրոջ լեռը, կամ ո՞վ կը կանգնի նրա սրբավայրում.
4նա, ով մաքուր ձեռքեր եւ անբիծ սիրտ ունի, ով յանձն չի առել ունայնութիւն ու նենգութեամբ չի երդուել իր ընկերոջը։
5Նա՛ է, որ օրհնութիւն կը ստանայ Տիրոջից, եւ ողորմութիւն իր փրկարար Աստծուց։
6Այս սերունդն է, որ փնտռում է Տիրոջը, որ ուզում է տեսնել համար երեսը Յակոբի Աստծու։
7Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացւեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։ Հանգիստ։
8Ո՞վ է այս փառքի արքան, - կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը։
9Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացւեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։
10Ո՞վ է այս փառքի արքան, - զօրութիւնների Տէրը՝ նա ինքն է փառքի արքան։

************

Սաղմոս(ԻԵ) 25
Աղօթք որ Աստւած պահէ, պաշպանէ և մեղքերը ներէ
Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի
1Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։
2Աստւա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։
3Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։ Տէ՛ր,
4 ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ։
5Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստւածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում։
6Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են։
7Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան,
8քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր։ Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ։
9Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։
10Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը։
11Յանուն քո անւան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։
12Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջ ից, Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին։
13Նա բարութեան մէջ պիտի հանգչի, եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։
14Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում։
15Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղւած, եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից։
16Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ։
17Սրտիս նեղութիւնները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից։
18Տե՛ս իմ նւաստացումն ու տառապանքը եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին։
19Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին։
20Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրի քեզ վրայ։
21Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ։ 22Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։

************