Սաղմոս(ԺԶ) 16
Սուրբերի գեղեցիկ վիճակը և նրանց փրկւիլը մահից
Սաղմոս Դաւթի, արձանագիր
1Պահպանիր ինձ, Աստւած, քանզի քեզ վրայ դրի յոյսն իմ։
2 Տիրոջն ասացի. «Իմ Տէրն ես դու, ինձ արուած բարիքները քեզնից են։
3Քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործութեամբ ցոյց տւիր իմ բոլոր ցանկութիւնները։
4Շատացան նրանց հիւանդութիւնները, որ այսուհետեւ յաճախակի են դառնալու։ Չեմ մասնակցի նրանց արիւնալի հաւաքներին եւ նրանց անունը չեմ յիշատակի իմ շրթունքներով։
5 Տէ՜ր, իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժին, ժառանգութիւնս դու ես կրկին ինձ վերադարձնելու։
6Ինձ վիճակ ընկաւ ընտրեալների մէջ լինելու, եւ իմ բաժին ժառանգութիւնն հաճելի եղաւ ինձ։
7Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին։
8Սկզբից եւեթ Տիրոջը մշտապէս տեսնում էի իմ առջեւ. նա իմ աջ կողմում է, որպէսզի չսասանուեմ։
9Դրա համար ուրախ եղաւ սիրտն իմ, եւ ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կը հանգստանայ յոյսով.
10քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ։
11Ինձ ցոյց տւիր կեանքի քո ճանապարհները, քո աջի քաղցրութիւնից ու վայելչութիւնից լիովին յագեցրիր ինձ երեսիդ ուրախութեամբ։

************

Սաղմոս(ԺԷ) 17
Աղօթում է զօրաւոր և հարուստ թշնամիներից ազատւելու համար
Աղօթք Դաւթի.
1Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ։
2Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն։ 3Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնւեց։
4Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժւարին ճանապարհներին։
5Հաստատուն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորւի։
6Ես քեզ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը։
7Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց,որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ։
8Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ
9ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիներն ինձ պաշարեցին՝
10խիստ պարարտացան եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց։ 11Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետին տապալել։
12Ինձ թւացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետւելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում։
13Ելի՛ր, Տէ՛ր, հասիր եւ արգելիր նրանց, փրկիր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից։
14Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրիր նրանց եւ խորտակիր կեանքը նրանց։ Քո պահեստներից լցւեց որովայնը նրանց, յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին։
15Իսկ ես արդարութեամբ կ’երեւամ քո առաջ, կը յագենամ՝ տեսնելով փառքը քո։

************

Սաղմոս(ԺԸ) 18
Գոհանում է իր հրաշալի փրկւելու համար և խնդրում է Աստուծոյ հզօր օգնութիւնըը
Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի՝ քաջամարտիկի մասին, որն օրհնութեան այս խօսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տէրը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սաւուղի ձեռքից. եւ ասաց.
1Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։
2Աստւած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։
3Օրհնելով կը կանչեմ Տիրոջը, եւ իմ թշնամիներից կ’ազատւեմ։
4Մահւան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրէնութեան հեղեղն ինձ վրդովեց։
5Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան։
6 Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղւած աղաղակս նրա ականջին է հասնելու։
7Ցնցւեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանւեցին ու խախտւեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստւած։
8Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքւեց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից։
9 Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր։
10Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով։
11Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով։
12Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին։
13Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տւեց կարկտով ու հուր կայծակներով։
14Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք։
15Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի։
16Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից։
17Տէրը կը փրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես։
18Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տւեց
19ու անդորրութիւն պարգեւեց։ Եւ Տէրը կը փրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց։
20Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կը հատուցի ինձ։
21Ես կը պահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ անի։
22Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից։
23Եւ ես անբասիր կը լինեմ նրա հանդէպ, կը զգուշանամ իմ անօրէնութիւնից։
24Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է։
25Սրբի հետ սուրբ կը լինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ։
26Ընտրեալների հետ ընտրեալ կը լինես եւ խոտորւածներին կը կործանես։
27Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում։
28Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստւա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում։
29Քեզնով կը փրկւեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ։
30Աստւա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ.
31քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստւած, կամ ո՞վ է Աստւած մեր Աստծուց բացի։
32Աստւա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր։
33Ինձ ոտքեր տւիր եղջերուի ոտքերի նման, եւ բարձր տեղերի վրայ կանգնեցրիր ինձ։
34Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպէս հաստ աղեղ։
35Տւիր ինձ նաեւ քո փրկարար պաշտպանութիւնը։ Աջդ զօրավիգ եղաւ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կը դարձնի ինձ։
36Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, եւ ընթացքն իմ չտկարացաւ։
37Հալածելով թշնամիներիս՝ ես կը հասնեմ նրանց ու ետ չեմ դառնայ, մինչեւ չ’ոչնչացնեմ նրանց։
38Ես կընկճեմ նրանց, որ այլեւս չկարողանան կանգնել, եւ նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։
39Դու ինձ պատերազմելու զօրութիւն տւիր, դէմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր։
40Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր։ 41Աղաղակեցին նրանք, բայց չկար մէկը, որ փրկէր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց։
42Ես կը փշրեմ, հողմափոշի կը դարձնեմ նրանց, փողոցների ցեխի պէս կը տրորեմ նրանց։
43Տէրն ինձ կը փրկի ժողովրդի ըմբոստութիւնից եւ ինձ հեթանոսների գլուխ կը կարգի։
44Իմ չ’ճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց եւ համակ ականջ դարձած՝ լսեց ինձ։
45Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշւեցին՝ խոտորւելով իրենց շաւղից։ 46Կենդանի է Տէրն ու օրհնեալ է Աստւած, եւ թող բարձր լինի Աստւածն իմ փրկութեան։
47Աստւածն իմ, որ լուծում է վրէժն իմ եւ ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում,
48որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրաւ մարդուց ազատեցիր ինձ։
49Դրա համար գոհութիւն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մէջ եւ քո անւանը սաղմոս պիտի երգեմ։
50Դու փրկութեամբ մեծարեցիր թագաւորիդ՝ ողորմելով քո օծեալ Դաւթին ու նրա սերնդին յաւիտեանս յաւիտենից։

************

Սաղմոս(ԺԹ) 19
Աստուծոյ փառքը բնութեան և օրէնքի մէջ; Խընդրում է մեղքի քաւութիւն և սրբուէիւն:
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը։
2Օրը օրւան միտք է հաղորդում, եւ գիշերը գիշերւան գիտութիւն է ցոյց տալիս։
3Չկան բառեր, ոչ էլ խօսքեր,դրանց հնչիւնները լսելի չեն։
4Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց։
5Արեւի մէջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսայ լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպէս հսկայ՝ ընթանալով իր ճանապարհով։
6Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը՝ մինչեւ ծայրերը նրա, ու չկայ մէկը, որ թաքնւի նրա տապից։
7Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնն ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։
8Տիրոջ արդարութիւնն ուղիղ է եւ զւարճացնում է սրտերը. Տիրոջ պատւիրանները լոյս են ու լոյս են տալիս աչքերին։
9Տիրոջ երկիւղը սուրբ է եւ սուրբ է մնում յաւիտեան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին՝ արդար։
10Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նոյնպէս եւ քաղցր՝ մեղրից ու խորիսխից աւելի։
11Եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կը լինի։
12Նրա յանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տէ՜ր։
13Օտարներից պահպանի՛ր քո ծառային, որ նրանք ինձ չ’տիրեն. այնժամ ես անբիծ կը լինեմ ու կը մաքրւեմ մեծ մեղքերից։
14Թող քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, եւ սրտիս խորհուրդներն յարաժամ քո առջեւ լինեն, Տէ՜ր, օգնակա՛ն իմ եւ փրկի՛չ իմ։

************

Սաղմոս(Ի) 20
Աղօթք Թագաւորի համար պատերազմի ժամանակ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը, եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը։
2Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ’ուղարկի եւ կընդունի քեզ։
3Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի։
4Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի։
5Մենք կը ցնծանք քո փրկութեամբ, Աստծու անունով մենք կը մեծարւենք։ Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները։
6Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին։Նա կը լսի նրան իր սուրբ երկնքիցիր փրկարար աջի զօրութեամբ։
7Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում։
8Նրանք կործանւեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղւեցինք։
9Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսիր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ։

************