Սաղմոս(ՃԽԶ)146
Աստուծոյ յաւիտենական հաւատարմութիւնը
1 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի
2Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։
3Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ։
4Երբ դուրս գայ նրանց հոգին,նրանք կրկին հող կը դառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան։
5Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստւածն է, եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է,
6Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ,
7Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներինեւ արձակում բանտարկեալներին։
8Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորւածներին։Սիրում է Տէրն արդարներին։
9Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների։
10Յաւէտ պիտի թագաւորի Տէրը, քո Աստւածը, Սիո՛ն, սերնդից սերունդ։

************

Սաղմոս(ՃԽԷ)147
Գովասանք Աստուծոյ մարմնաւոր և հոգևոր օրհնութիւնների համար
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն։
2Տէրը կառուցում է Երուսաղէմը,եւ հաւաքում Իսրայէլի ցրւածներին։
3Բժշկում է բեկեալ սրտերը,եւ կապում բոլոր վէրքերը նրանց։
4Նա հաշւում է աստղերի բազմութիւնը,եւ կոչում բոլորն իրենց անուններով։
5Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի։
6Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։
7Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։
8Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեցեւ բանջար՝ մարդկանց կարիքների համար։
9Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն։
10Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է,ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,
11այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։ 12ո՛վ Երուսաղէմ, եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիօն,
13 որովհետեւ նա դռներիդ նիգերն ամրացրեց,եւ որդիներիդ օրհնեց քո մէջ։
14Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց,եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ։
15Նա երկիր է ուղարկում խօսքերն իր,եւ արագ սլանում են պատգամները նրա։
16Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ,եւ մառախուղը ցանում փոշու պէս։
17Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ.ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։
18Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք.փչում են հողմերը, եւ հոսում ջրերը։
19Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին։
20Տէրն այսպէս չվարւեց բոլոր ազգերի հետ,եւ իր դատաստանները նրանց չյայտնեց։

************

Սաղմոս(ՃԽԸ)148
Բոլոր աշխարհը օրհնը Տիրոջը
1Օրհնեցէ՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցէ՛ք նրան բարձունքներից։
2Օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր զօրութիւններ։
3Օրհնեցէ՛ք նրան, արեգա՛կ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք նրան, բոլո՛ր աստղեր եւ լոյս։
4Օրհնեցէ՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, եւ ջրե՛ր՝ որ վեր էք երկնքից։
5Օրհնեցէ՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ եւ դրանք ստեղծուեցին, նա հրամայեց՝ եւ դրանք հաստատուեցին։
6Նա կարգեց դրանք յաւիտեանս յաւիտենից.կարգ սահմանեց, եւ այն չի խախտւում։
7Օրհնեցէ՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր եւ բոլո՛ր անդունդներ։
8Հուր եւ կարկուտ, ձիւն եւ սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խօսքն էք կատարում,
9լեռնե՛ր եւ բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր եւ բոլո՛ր մայրիներ,
10գազաննե՛ր եւ ամէն տեսակ անասուննե՛ր, սողուննե՛ր եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուննե՛ր,
11երկրի թագաւորնե՛ր՝ զօրքերով հանդերձ, իշխաննե՛ր եւ երկրի բոլո՛ր դատաւորներ,
12երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, ծերե՛ր ու մանուկնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։
13Փառաւորւեց միայն նրա՛ անունը.երկնքում ու երկրի վրայ է վեհութիւնը նրա։
14Տէրը բարձրացնում է եղջիւրն իր ժողովրդի. օրհնութի՜ւն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայէլի, այն ժողովրդին, որ մօտ է Տիրոջը։

************

Սաղմոս(ՃԽԹ)149
Սիօնը օրհնէ Տիրոջը
1Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա։
2Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիօնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով։
3Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նւագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան։
4Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին,եւ փառաւորում հեզերին փրկութեամբ։
5Թող սրբերը պարծենան փառքով,եւ ցնծան իրենց հանգստի մէջ։
6Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,
7որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,
8որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով,եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,
9որ գրւած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ։Այս է փառքը նրա բոլոր սրբերի։

************

Սաղմոս(ՃԾ)150
Բոլոր շունչ ունեցողները օրհնեն տիրոջ
1 Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
2Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։
3Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
4Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։
5Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։
6Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։

************