Սաղմոս(ՃԽԱ)141
Չարերից պահպանւելու համար աղաչանք
1 Տէր, ձայն տւի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում։
2Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղւի որպէս խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ։
3Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին,եւ ամուր դուռ՝ իմ շրթներին,
4որ սիրտս չ’դարձւի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցւի։
5Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի,բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի, աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին։
6Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ,թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են.
7«Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ, այնպէս պիտի ցրւեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում»։
8 Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղւած աչքերն իմ, յոյսս դրի քեզ վրայ, մի՛ հանիր ինձնից իմ հոգին։
9Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից եւ անօրէնութիւն գործողների գայթակղութիւնից։ Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն, եւ միայն ես անցնեմ գնամ։

************

Սաղմոս(ՃԽԲ)142
Հառաչելով աղաչանք, որ Աստւած օգնէ մեծ նեղութիւնից
Դաւթի իմաստութիւնը. աղօթք, երբ նա քարայրում էր
1Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի։
2Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմ եւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ։
3Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարւեց իմ դէմ։
4Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ։
5Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի. «Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում։
6Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին, քանզի ես թաղւած եմ թշւառութեան մէջ. ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզօր եղան։
7Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհութիւն մատուցեմ քո անւանը։ Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ։

************

Սաղմոս(ՃԽԳ)143
Աղօթք որ Աստւած ազատէ և առաջնորդէ
1 Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ, քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին, քո արդարութեամբ լսի՛ր ինձ։
2Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես, քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ։
3Թշնամին հալածեց ինձ, կեանքս հողին հաւասարեցրեցեւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս։
4Հոգիս տաղտկացաւ իմ ներսում, եւ սիրտս խռովուեց իմ մէջ։
5Յիշեցի օրերն առաջւայ, մտաբերեցի բոլոր գործերը քո, ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի։
6Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պէս ծարաւի է քեզ։
7Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանուեմ գերեզման իջնողներին։
8Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի. ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։
9Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի։
10Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստւածն իմ, քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր։
11Յանուն քո անւան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր, քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ։
12Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին, կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին, որովհետեւ ես ծառան եմ քո։

************

Սաղմոս(ՃԽԴ)144
Աստուծոյ ժողովրդի համար պաշտպանութեան օրհնութեան աղօթք
1Օրհնեալ է Տէր Աստւածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի եւ մատներս՝ ճակատամարտի։
2Նա ողորմութիւնն ու ապաւէնն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ։ Ես յոյսս դրել եմ նրա վրայ.նա է, որ ժողովուրդներին հնազանդեցնում է ինձ։
3Տէ՛ր, մարդն ի՞նչ է, որ յայտնւեցիր նրան, կամ մարդու որդին՝ որ բանի տեղ ես դնում նրան։
4Մարդը նման է ունայնութեան, եւ նրա օրերն անցնում են ստւերի պէս։
5Տէ՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մօտեցի՛ր լեռներին՝ եւ թող ծխեն դրանք։
6Արձակի՛ր կայծակները քո եւ խռովի՛ր նրանց,առաքի՛ր նետերը քո եւ ցրի՛ր նրանց։
7Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ յորդացող ջրերից եւ օտարների որդիների ձեռքից,
8որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։
9Աստւա՛ծ, քե՛զ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նուագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ։
10Նա ազատութիւն պիտի տայ մեր թագաւորներին, եւ չար սրից պիտի փրկի իր Դաւիթ ծառային։
11Փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ օտարների որդիների ձեռքից, որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։
12Նրանց որդիները նոր տունկի պէս հաստատուած են իրենց մանկութիւնից, նրանց դուստրերը զարդարուած ու պճնւած են ինչպէս տաճար։
13Նրանց շտեմարանները լիքն են եւ մէկից միւսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին են եւ բազմանում են իրենց ճամփի վրայ։
14Նրանց արջառները պարարտ են, նրանց ցանկապատերը խրամատներ չունեն, եւ նրանց հրապարակներում աղմուկ չկայ։
15Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է. նաեւ երանի՜ այն ժողովրդին, որի Տէրն Աստւած է։

************

Սաղմոս(ՃԽԵ)145
Աստուծոյ զօրութիւնը և շնորհքը իր թագաւորութեան մէջ
Դաւիթի օրհնաբանութիւն
ալեփ. 1 Պիտի փառաբանեմ քեզ, Աստւած իմ եւ Թագաւոր իմ, ու յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից քո անունն օրհնեմ։
2բեթ. Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ,ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո։
3գամէլ. Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, եւ նրա մեծութիւնը սահման չունի։
4դալեթ. Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո,եւ պիտի պատմեն զօրութիւնները քո։
5հէ. Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն,եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն։
6վաւ. Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն,եւ քո մեծութիւնը պատմեն։
7զէ. Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն,եւ պիտի ցնծան քո արդարութեամբ։
8խէթ. Գթասիրտ եւ ողորմած է Տէրը, համբերատար եւ ողորմաշատ։
9թէթ. Տէրը քաղցր է բոլորի հանդէպ,եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ։
10եօդ. Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։
11քափ. Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն,եւ քո զօրութիւնները պիտի պատմեն,
12լամէք. որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո,եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի։
13մէմ. Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է,եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ։ նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում,եւ արդար է նա իր բոլոր գործերում։
14սամքաթ. Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին,եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորւածներին։
15էյ. Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին. տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք։
16փէ. Բացում ես ձեռքը քո,եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին։
17ծադէ. Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին,եւ սուրբ է նա իր բոլոր գործերում։
18կոփ. Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս։
19րէշ. Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց։
20շին. Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին։
21թաւ. Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի. ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։

************