Սաղմոս(ՃԼԶ)136
Աստուծոյ բարութեան և հրաշքների գովասանքը
1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, որ բարի է նա, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
2Գոհութի՛ւն մատուցեցէք աստւածների Աստծուն, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
3Գոհութի՛ւն մատուցեցէք տէրերի Տիրոջը, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
4Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
5Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
6Երկիրը հաստատեց ջրերի վրայ, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
7Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
8Արեգակը կարգեց ցերեկւայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
9լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
10Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, որ յաւերժ է նրա ողորմութիւնը։
11Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
12արեց այդ՝ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
13Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
14Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 15Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
16Իր ժողովրդին հանեց դէպի անապատ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
17Հարւածեց մեծամեծ ազգերի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
18Սպանեց հզօր թագաւորների, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը.
19սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
20Բասանի թագաւոր Օգին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
21Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
22տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
23Տէրը մեզ յիշեց մեր թշւառութեան մէջ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
24Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
25Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
26Գոհութի՛ւն մատուցեցէք երկնաւոր Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

************

Սաղմոս(ՃԼԷ)137
Բաբիլոնումը եղած գերիների երգը
1Բաբելոնի գետերի մօտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը։
2Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները։
3Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով. «Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»։
4Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում։
5Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ։
6Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ։
7Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին. «Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»։
8Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր։
9Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին ու կը խփի քարին։

************

Սաղմոս(ՃԼԸ)138
Աստուծոյ արած փրկութեան համար գոհութիւն
1Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ, որ լսեցիր խօսքը բերանիս։
2Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդեւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ քո ողորմութեան ու ճշմարտութեան համար, քանզի ամէն ինչում մեծ ցոյց տւիր սուրբ անունդ։
3Որ օրը որ քեզ ձայն տամ,իսկոյն լսի՛ր ինձ, եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ։
4Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները, քանզի լսեցին բերանիդ խօսքերը։
5Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները, քանզի մեծ է փառքը Տիրոջ։
6Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին, իսկ բարձրամիտներին հեռուից ճանաչում։
7Երբ անցնեմ նեղութիւնների միջով, դու կը փրկես ինձ թշնամու զայրոյթից։ Ձեռքդ կը մեկնես, եւ քո աջը կը փրկի ինձ։
8Տէրը կը հատուցի իմ փոխարէն. Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր։

************

Սաղմոս(ՃԼԹ)139
Աստուծոյ ամենագիտութիւնը և ամենուրեքութիւնը
1Տէ՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։
2Դու իմացար իմ նիստուկացը, հեռուից հասկացար իմ մտածումները։
3Իմ շաւիղներն ու վիճակը դու քննեցիր,եւ բոլոր ճանապարհներս նախապէս տեսար։
4Իմացար, որ լեզւիս տակ նենգութիւն չկայ։
5Ահա դու, Տէ՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրիր ինձ վրայ։
6Զարմանալի է քո իմացութիւնն իմ մասին, այնքան զօրեղ, որ չեմ կարող հասու լինել դրան։
7Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դէմքից ո՞ւր փախչեմ։
8Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես։
9Եթէ առաւօտեան թեւեր առնեմ ու բնակուեմ ծովի եզերքին,
10այնտեղ էլ քո ձեռքն ինձ կ՚առաջնորդի, եւ աջդ ինձ կ՚ընդունի։
11Ասացի՝ գուցէ խաւարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձիմ վայելքի լոյսի փոխարէն։
12Խաւարը քեզ համար խաւար չի լինի, եւ գիշերը լուսաւոր ցերեկ կը դառնայ, ու նրա մթութիւնն ինչպէս լոյս կ՚երեւայ։
13Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ,եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր։
14Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։
15Չծածկւեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն,ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում։
16Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրւեցին քո գրքում։ Ցերեկը դրանք մոլորւեցին, ու չկար մէկը, որ առաջնորդէր դրանք։
17Ինձ համար խիստ պատւական եղան քո բարեկամներն, Աստուա՛ծ, եւ շատ զօրացան նրանց իշխանները։
18Հաշւեցի նրանց, եւ աւազից շատ դուրս եկան. արթնացայ՝ եւ ահա քեզ հետ եմ։
19Դու, Աստուա՛ծ, պիտի սպանես մեղաւորներին. արիւնարբո՛ւ մարդիկ, հեռացէ՛ք ինձնից։
20Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին։
21Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
22Կատարեալ ատելութեամբ ատեցի նրանց, եւ նրանք թշնամի դարձան ինձ։
23Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ,ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները,
24եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։

************

Սաղմոս(ՃԽ)140
Խարդախ թշնամիների որոգայթներից ազատւելու համար աղօթք
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Ազատի՛ր ինձ, Տէ՛ր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ։
2Իրենց սրտում նրանք անօրէնութիւն խորհեցին,եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստւեցին։
3Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կայ իժի։
4Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ։
5Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ,եւ իմ շաւղի շուրջը գայթակղութիւններ դրին։
6Ասացի. «Դու իմ Տէր Աստւածն ես, ակա՛նջ դիր, Տէ՛ր, աղօթքիս ձայնին»։
7Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեան զօրութի՛ւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ։
8Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դէմ։ Ինձ երեսի վրայ մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրութիւնները չկատարւեն։
9Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։
10Դու նրանց վրայ կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկուել։
11Չարալեզու մարդը յաջողութիւն չի ունենայ երկրի վրայ. մեղաւոր մարդուն իր չարագործութիւնները կորստեան կը մատնեն։
12Գիտեմ, Տէ՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրաւունքն ես պաշտպանում։
13Արդարները գոհութիւն պիտի մատուցեն քո անւանը, ուղղամիտները պիտի բնակւեն քո դիմաց։

************