Սաղմոս(ՃԼԱ)131
Հաւատացեալի անկեղծ խոնարհութիւնը
1 Տէ՛ր, սիրտս չգոռոզացաւ, եւ աչքերս վերեւից չնայեցին. ես մեծամեծների հետ ոտք չդրի, ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից.
2այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրւած մանկան նման, որի փափագը նոյն բանին դառնալն է. իսկ եթէ հպարտացրի իմ հոգին, այդպէս թող լինի հատուցումն անձիս։
3Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

************

Սաղմոս(ՃԼԲ)132
Աստուծոյ խոստմունքների համեմատ աղօթք Դաւիթի տան համար
1Տէ՛ր, յիշի՛ր Դաւթին եւ նրա ամբողջ հեզութիւնը,
2թէ ինչպէս նա երդւեց Տիրոջը,եւ ուխտ արեց Յակոբի Աստծուն՝ ասելով.
3«Չեմ մտնի իմ տան յարկից ներս, չեմ մտնի իմ անկողինը,
4իմ աչքերին քուն չեմ տայ, կամ նինջ՝ իմ թարթիչներին, եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին,
5մինչեւ Յակոբի Տէր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ»։
6Ահա, խորանի մասին լսեցինք Եփրաթայում,եւ այն գտանք մայրիների դաշտերում։
7Մտնենք կացարանը նրա, երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա։
8Ելի՛ր քո հանգստավայրը, Տէ՛ր, դու եւ տապանակը քո սուրբ Կտակի։
9Քո երէցները թող արդարութիւն հագնեն, եւ քո սրբերը խնդութեամբ ցնծան։
10Յանուն քո սիրելի Դաւթի, մի՛ շրջիր երեսդ քո օծեալից։
11Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին։
12Եթէ որդիներդ պահեն իմ օրէնքն ու իմ վկայութիւնները, որոնք նրանց պիտի սովորեցնեմ, ապա որդիները նրանց յաւիտեանս յաւիտենից կը նստեն քո գահին»։
13Տէրը սիրեց Սիօնը եւ նախընտրեց բնակւել այնտեղ։
14Ասաց. «Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակւեմ, քանզի հաւանեցի սա։
15Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ,եւ սրա աղքատներին կշտացնեմ հացով։
16Սրա երէցներին փրկութիւն պիտի հագցնեմ, եւ սրա սրբերը խնդութեամբ պիտի ցնծան։
17Այնտեղ պիտի Դաւթին եղջիւրներ ծլեցնեմ, իմ օծեալի համար ճրագ պատրաստեմ։
18Նրա թշնամիներին ամօթ պիտի հագցնեմ, իսկ նրա վրայ պիտի ծաղկի սրբութիւնն իմ»։

************

Սաղմոս(ՃԼԳ)133
Եղբայրների համաձայնութեան օրհնութիւնը
1Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին,
2ինչպէս ազնիւ իւղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մօրուքին,եւ մօրուքից սահում դէպի նրա զգեստի քղանցքները,
3ինչպէս ցօղ, որ Հերմոնից ցօղւում է Սիոն լերան վրայ։ Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կեանքը յաւիտենական։

************

Սաղմոս(ՃԼԴ)134
Գիշերւայ օրհնութիւն տաճարումը
1Այստեղ օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնւում էք Տիրոջ տանը եւ մեր Աստծու գաւիթներում։
2Գիշերը դէպի սրբութի՛ւն պարզեցէք ձեռքերը ձեր,եւ օրհնեցէ՛ք Տիրոջը։
3Թող Տէրն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

************

Սաղմոս(ՃԼԵ)135
Աստուծոյ ամենակարողութիւնը. Կուռքերի տկարութիւնը
1Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ,
2որ գտնւում էք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գաւիթներում։
3Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է Տէրը. սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, քանզի քաղցր է նա։
4Տէրն իր ընտրեալը դարձրեց Յակոբին, եւ Իսրայէլը՝ ժառանգութիւնն իր։
5Ես հասկացայ, որ մեծ է Տէրը, եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից։
6Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում։
7Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրեւի վերածեց, եւ իր պահեստներից հողմեր դուրս բերեց։
8Նա հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին,ինչպէս մարդկանց, այնպէս էլ անասուններին։
9Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո Փարաւոնին եւ նրա ամբողջ զօրքին։
10Նա հարւածեց բազում ազգերի,եւ սպանեց հզօր թագաւորների.
11ամորհացիների թագաւոր Սեհոնին, Բասանի թագաւոր Օգինու բոլոր թագաւորութիւնները Քանանի։
12Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տւեց,որպէս ժառանգութիւն Իսրայէլի իր ժողովրդին։
13Տէ՛ր, քո անունը յաւերժ է, Տէ՛ր, քո յիշատակը՝ սերնդից սերունդ։
14Տէրը դատում է իր ժողովրդին,եւ մխիթարւում իր ծառաներով։
15Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։
16Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում։
17Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ։
18Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ։
19Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայէլի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի։
20Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղեւիի. Տիրոջից երկի՛ւղ կրողներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։
21Օրհնութի՜ւն Տիրոջը Սիոնից, Նրան, որ բնակւում է Երուսաղէմում։

************