Սաղմոս(ՃԻԶ)126
Սիօնի գերիների ազատութիւնը
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Երբ Տէրը Սիօնը վերադարձրեց գերութիւնից, մենք մխիթարուեցինք։
2Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցւեցին եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ։ Այնժամ հեթանոսների մէջ ասացին. «Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»։
3Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք։
4Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝ հարաւի հեղեղների պէս։ 5Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն։
6Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս, յետ պիտի գան ցնծալով եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց։

************

Սաղմոս(ՃԻԷ)127
Ամեն բանի յաջողութիւնը Աստւածանից է
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։
2Իզուր էք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացէք՝ քանի դեռ չէք ննջել։Դուք տառապանքի հացն էք ուտում, մինչ Նա քուն է տալիս իր սիրելիներին։
3Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են,որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի։
4Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են որդիներն անկեալների։
5Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի,նա ամօթով չի մնայ։

************

Սաղմոս(ՃԻԸ)128
Բարեպաշտի օրհնուրիւնը տան մէջ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջիցեւ ընթանում նրա ճանապարհներով։
2Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար։
3Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջը։
4Ահա այսպէ՛ս պիտի օրհնւի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից։
5Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնիցկեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի։
6Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին։ Խաղաղութի՜ւն Իսրայէլին։

************

Սաղմոս(ՃԻԹ)129
Իսրայէլին հարստահարողները պիտի խայտառակւին
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, - թող Իսրայէլն ասի այդ,
2մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ։
3Մեղաւորներն հարւածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց։
4Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կը խորտակի։
5Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիօնը։
6Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է դեռ չհնձած։
7Դրանով հնձւորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը։
8Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ «Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»։

************

Սաղմոս(ՃԼ)130
Մեղքերի թողութիւն խնդրելու աղօթք
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Խորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։
2Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։
3Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,
4քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։
5Քո անւան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին։
6Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։ Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։
7Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները։ 8Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։

************