Սաղմոս(ՃԻԱ)121
Աստւած պաշպանում է մարդկանց
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ։
2Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
3Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի,
4ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։
5Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով։
6 Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։
7Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ։
8Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

************

Սաղմոս(ՃԻԲ)122
Երուսաղէմի փառաւորութիւնը
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ տուն»։
2Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ։
3Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են։
4Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։
5Այնտեղ են դրւած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրւած Դաւթի տան մէջ։
6Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։ 7Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։
8Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։
10Եւ 9մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։

************

Սաղմոս(ՃԻԳ)123
Օգնութիւն է փափաքում ծաղրի և նախատինքի ժամանակ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում։
2Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, Տէ՛ր Աստւած մեր, մինչեւ որ գթաս մեզ։
3Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք։
4Մեր հոգիներն անչափ լցւեցին մեզ անպատւողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով։

************

Սաղմոս(ՃԻԴ)124
Աստւած մեզ հետ է նեղութեան ժամանակ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը,
- 2եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակւելով՝
3մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքւած էր մեզ վրայ։ 4Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով։
5Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով։
6Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց։
7Մեր հոգիները փրկւեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից։ Նրանց թակարդները փշրւեցին, եւ մենք ազատուեցինք։
8Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։

************

Սաղմոս(ՃԻԵ)125
Յոյսը ամօթով չի թողիլ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանւի ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում։
2Ինչպէս որ նա շրջապատւած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։
4Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։
5Իսկ յափշտակութեամբ համակւածներին Տէրը կը կործանի նրանց հետ, ովքեր անօրէնութիւն են գործում։ Խաղաղութիւն Իսրայէլին։

************