Սաղմոս(ՃժԶ)116
Գոհութիւն և ուխտ մեծ վտանգից ազատւելու համա
1 Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի։
2Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի։
3Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին։ Նեղութիւն եւ անձկութիւն գտայ
4եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով.«Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»։
5Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստւածը։
6Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց։
7Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ։
8Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից։ 9Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ։
10 Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան,եւ չափազանց խղճալի եղայ։
11Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»։
12Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տուեց։
13Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։
14Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ։
15Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի։
16Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին։
17Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։
18Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ,
19Տիրոջ տան սրահներումեւ քո մէջ, Երուսաղէ՛մ։

************

Սաղմոս(ՃժԷ)117
Յորդորանք Աստուծուն օրհնելու
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր, գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ։
2Թող նրա ողորմութիւնը հաստատուի մեզ վրայ, Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեա՛ն թող մնայ։

************

Սաղմոս(ՃժԸ)118
Արդարների յաղթութեան ուրախութիւնը
1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։
2Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
3Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
4Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա,որ յաւերժ է ողորմութիւնը նրա։
5Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց։
6Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
7Տէրն օգնականն է իմ, եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների։
8Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։
9Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ։
10Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց։
11Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։
12Մեղուների պէս շուրջս լցուեցին, վառուեցին բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։
13Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու, բայց Տէրը բռնեց ինձ։
14Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը, նա իմ փրկութիւնը եղաւ։
15Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում։
16Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ,եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց։
17Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմեւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ։
18Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան։
19Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ։
20Տիրոջ դուռն է սա, եւ արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն։
21Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։
22Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին,ա՛յն դարձաւ անկիւնաքար։
23Տիրոջից եղաւ այս բանը, եւ սքանչելի է մեր աչքերին։
24Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց.եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր։
25Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր։
26Օրհնեալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից։
27Մե՛ր Տէր Աստւածը երեւաց մեզ, կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝մուտքից մինչեւ անկիւնները սեղանի։
28Դու իմ Աստւածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ քեզ, դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ քեզ։ Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։
29Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը նրա։

************

Սաղմոս(ՃժԹ)119
Այբուբենով գովասանք Աստուծոյ խօդքին
ԱԼԷՖ
1Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել,եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։
2Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։
3Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով։
4Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ։
5Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։
6Այն ժամանակ ես չէի ամաչում՝երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ։
7Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։
8Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ։
ԲԷԹ
9Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր,եթէ ոչ քո խօսքերը պահելով։
10Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից։
11Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։
12Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները,
13որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։
14Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը,աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։
15Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։ 16Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո։
ԳԻՄԷԼ
17Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։
18Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները։
19Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից։
20Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները։
21Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից։
22Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։
23Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին։
24Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը։
ԴԱԼԷԹ
25Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ։
26Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր.դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ։
27Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին։
28Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ։
29Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից,եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։
30Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի,եւ քո օրէնքները ես չմոռացայ։
31Մերձեցայ քո պատւիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։
32Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։
ՀԷ
33 Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան։
34Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն։
35Առաջնորդի՛ր ինձ քո պատւիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։
36Սիրտս հակի՛ր դէպի քո պատւիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։
37Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։
38Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,որ քո երկիւղի մէջ մնամ։
39Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։
40Ահա ցանկացայ քո պատւիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։
ՎԱՎ
41Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։
42Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
43Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։
44Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։
45Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատւիրանները փնտռեցի։
46Թագաւորների առաջ խօսեցի քո պատւիրանների մասին ու չամաչեցի։
47Խորհեցի քո պատւիրանների մասին, որոնք սիրեցի։
48Ձեռքս պարզեցի դէպի պատւիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին։
ԶԱՅԻՆ
49Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը։
50Դա է թշւառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց։
51Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորւեցի։
52Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի։
53Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից։
54Պատւիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում։
55Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի։
56Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
ԽԷԹ
57Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ։
58Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման։
59Իմ ճանապարհի մասին խորհեցի,եւ քայլերս դէպի քո պատւիրանները շրջեցի։
60Պատրաստւեցի եւ չվախեցայ պահել քո պատւիրանները։
61Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ։
62Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար։
63Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատւիրանները քո։
64Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո։

ԹԷԹ
65Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն։
66Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին։
67Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին։
68Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
69Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատւիրանները քննեցի։
70Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի։
71Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ։
72Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի։
ԵՕԹ
73Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո։
74Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
75Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ։
76Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն։
77Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկւեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը։
78Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատւիրանների մասին պիտի խորհեմ։
79Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
80Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ։
81Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ։
82Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
83Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ։
84Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների։
85Անօրէններն ինձ խորհուրդներ տուին, բայց ոչ քո օրէնքի համեմատ։
86Քո բոլոր պատւիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ։
87Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները։
88Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ, եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները։
ԼԱՄԷԴ
89Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է։
90Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ։
91Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են։
92Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանւած կը լինէի իմ թշուառութեան մէջ։
93Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր։
94Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտռեցի։
95Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրի։
96Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատւիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար։
ՄԷՄ
97Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին։
98Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատւիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ։
99Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին։
100Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատւիրանները քննեցի։
101Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը։
102Քո իրաւունքից չխոտորւեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
103Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝ աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին։
104Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
ՆՈՒՆ
105Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները։
106Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները։
107Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման։
108Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ։
109Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ։
110Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորւեցի։
111Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են։
112Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ։
ՍԱՄԷԽ
113Ատեցի անօրէններին,եւ քո օրէնքը սիրեցի։
114Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ։
115Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատւիրանները քննեմ։
116Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ, եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու։
117Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ։
118Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները։
119Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո։ 120Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից։
ԱՅԻՆ
121Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
122Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ։
123Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր,եւ քո արդարութեան խօսքին։
124Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ։
125Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները։
126Ժամն է, որ Տէրը վեր կենայ,քանզի խափանեցին քո օրէնքը։
127Յիրաւի, սիրեցի քո պատւիրանները ոսկուց ու տպազիոնից աւելի։
128Քո բոլոր պատւիրաններն ինձ յաջողութիւն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի։
ՓԷ
129Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք։
130Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին։
131Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատւիրանները քո։
132Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ։
133Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ։
134Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատւիրանները կը պահեմ։
135Երեսդ ցո՛յց տուր քո ծառային,եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
136Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին։
ԶԱԴԷ
137Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները։
138Դու պատւիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են։
139Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո։
140Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք։
141Մանուկ եմ ես եւ արհամարհւած, բայց քո արդարութիւնը չմոռացայ։
142Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
143Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան։
144Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ։
ՔՕՖ
145Ամբողջ սրտովս քեզ ձայն տւի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
146Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կը պահեմ։
147Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցիեւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ։
148Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ։
149Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ։
150Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից։
151Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատւիրանները ճշմարիտ են։
152Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր։
ՐԷՇ
153Տե՛ս իմ թշւառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ։
154Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ,ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ։
155Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին։
156Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ։
157Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորւեցի։
158Մաշւում էի նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք։
159Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները.Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ։
160Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները։
ՇԻՆ
161Իշխաններն իզուր հալածեցին ինձ.սիրտս միայն քո խօսքերից սարսափեց։
162Ես ցնծացի քո խօսքերով ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում։
163Ատեցի ու արհամարհեցի մեղքը, եւ քո օրէնքը սիրեցի։
164Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար։
165Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն։
166Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի։
167Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք։
168Հետեւեցի քո պատւիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են։
ԹԱՎ
169Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ։
170Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։
171Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։
172Իմ լեզուն քո խօսքերը կ՚արտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։
173Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատւիրաններն ընտրեցի։
174Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։
175Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։
176Մոլորւեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատւիրաններդ չեմ մոռացել։

************

Սաղմոս(ՃԻ)120
Բանբասողների դէմ
Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ 1Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տւի, եւ նա լսեց ինձ։
2Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզւից։
3Ի՞նչ պիտի տրւի քեզ, կամ ի՞նչ պիտի աւելանայ, նե՛նգ լեզու.
4դրանք հսկայի նետեր են, որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ։
5Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ, ես բնակուեցի Կեդարի վրաններում։
6Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղութիւնը։
7Ես խաղաղասէր էի. երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ։

************