ՍՍաղմոս(ՃժԱ)111
Գոհութիւն մարմնաւոր և հոգեւոր բարիքների համար
1 Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր, արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ։
2Մեծ են գործերը Տիրոջ, եւ քննւած է նրա կամքը ամէն ինչում։
3Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը, նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից։
4Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները. ողորմած եւ գթասիրտ է Տէրը։
5Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին, յաւիտեան յիշում իր ուխտը։
6Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների։
7Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի, նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի։
8Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից, ստեղծւած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։
9Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին, յաւիտեանս պատգամեց իր ուխտը. սուրբ եւ ահեղ է նրա անունը։
10Զգօնութեան սկիզբն երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։

************

Սաղմոս(ՃժԲ)112
Աստւածավախ և ողորմած մարդիկը երջանիկ են
1Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից,եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների։
2Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կ՚օրհնուի։
3Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։
4Արդարների համար լոյս ծագեց խաւարում.ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը։
5Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ,
6որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի։
7Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ։
8Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի։
9Բաժանեց նա ու տւեց աղքատներին. նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով։
10Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի։

************

Սաղմոս(ՃժԳ)113
Աստւած խոնարհներին շնորհք է տալիս
1Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։
2Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։
4Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։
5Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։
6Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։
7Բարձրացնում է աղքատներին գետնից,եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։
8Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։
9Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։

************

Սաղմոս(ՃժԴ)114
Աստուծոյ հրաշքները Իսրայէլի Եգիպտոսիցը դուրս գալու ժամանակ
1Երբ իսրայէլացիներն ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից,
2Հրէաստանն եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա։
3Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ։
4Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ։
5Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար։
6Լեռնե՛ր, ցնծացիք ինչպէս խոյեր, եւ բլուրներ՝ ինչպէս մաքիների գառներ։
7Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծու դիմաց, նրա՛ դիմաց,
8ով ժայռը դարձրեց ջրի վտակ, եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք։

************

Սաղմոս(ՃժԵ)115
Փառքը միմյան Աստուծուն
1Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անւա՛նը փառք տուր քո ողորմութան եւ ճշմարտութեան համար։
2Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝ «Նրանց Աստւածն ո՞ւր է»։
3Մեր Աստւածը երկնքում է եւ երկրի վրայ.ինչ որ նա ուզեց՝ արեց։
4Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։
5Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։
6Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում։
7Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ։
8Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ։
9Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,որը նրա օգնականն ու ապաւէնն է։
10Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։
11Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ,որը նրանց օգնականն ու փրկիչն է։
12Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի։
13Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին։
14Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին։
15Օրհնւած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։
16Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին։
17Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում, 18այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

************