Սաղմոս(ԺԱ) 11
Դաւիթը նեղւած իր թշնամիներից’ յոյսը դնում է Տիրոջ վրայ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1 Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ։
2 Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրայ։
3 Ինչ դու շինեցիր՝ աւերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց։
4 Տէրն իր սուրբ տաճարում է, Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ։ Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտեւանունքները զննում են մարդկանց որդիներին։
5 Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր։
6 Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կը տեղայ, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը։
8 Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա։

************

Սաղմոս(Ժբ) 12
Դաւիթը նեղւած իր թշնամիներից’ յոյսը դնում է Տիրոջ վրայ
Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի
1 Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, որովհետեւ սուրբ չմնաց, նւազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ։
2Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցւեցին նենգ շրթունքներով։
3Տէրը կըոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս,
4որոնք ասացին. «Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր տէրը»։
5Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կ’ելնեմ, - ասում է Տէրը, - կը բերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կը լինեմ նրանց վրայ։
6Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձւած արծաթ՝ եօթնապատիկ մաքրւած եւ զտւած հողից։
7Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն։ 8Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութիւն տուր մարդկանց որդիներին։

************

Սաղմոս(ԺԳ) 13
Աստուծոյ օգնութիւնը ուշանում է: Դաւիթը յոյսը դրել է Աստուծոյ ողորմութեան վրայ:
1Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։
2Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում։ Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բարձրանայ ինձ վրայ։
3Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստւած, լոյս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահւան քուն չմտնեմ։
4Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանւեմ։
5Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր, սիրտս հրճւեց քո փրկագործութեամբ. Կ’օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերարդ իմ։

************

Սաղմոս(ԺԴ) 14
Դաւիթը նկարագրում է անհաւատներին և խնդրում Աստուծոյ օգնութիւնը
1Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստւած. ապականւեցին ու պղծւեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
2Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։
3Բոլորը խոտորւեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի։
4Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց եւ Տիրոջը չեն դիմում։
5Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ, որովհետեւ Տէրը արդարների ազգի մէջ է։ 6Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին, Տէրն է յոյսը նրա։
7Ո՞վ կը տայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի։ Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։

************

Սաղմոս(ԺԵ) 15
Ով է կարող կանգնիլ Աստուծոյ առաջին
1Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակւի քո սուրբ լերան վրայ.
2նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում։
3Ով չի նենգել իր լեզւով եւ ընկերոջը վատութիւն չի արել,
4Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգւած է նրա աչքում։ Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում։
5Իր արծաթը վարձով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում։ Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանւի։

************