Սաղմոս(ՃԶ)106
Գոհութեան երգ Աստուծոյ յանցաւոր Իսրայէլին արած շնորհքների համար
1Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
2Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը։
3Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում։
4Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ։
5Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների, ուրախանանք քո ազգի ուրախութեամբ,ու պարծենանք քո ժառանգութեամբ։
6Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրէնութիւն եւ յանցանք գործեցինք։
7Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները, չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը, քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս։
8Նա փրկեց նրանց իր անւան համար, որ ճանաչեն իր զօրութիւնը։
9Սաստեց Կարմիր ծովին՝ եւ այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպէս անապատով։
10Նրանց ազատեց իրենց ատողներիցեւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից։
11Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց։
12Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան։
13Բայց շուտով մոռացան գործերը նրա, եւ չանսացին նրա խորհուրդներին։
14Անապատում ցանկութեամբ վառւեցին, ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում։
15Իրենց խնդրածը նա տւեց նրանց, եւ լիութիւն ուղարկեց նրանց։
16Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին։
17Գետինը բացուեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի։
18Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում, եւ բոցը լափեց մեղաւորներին։
19Քորեբում մի հորթ շինեցին,եւ երկրպագեցին արձանին։
20Իրենց Փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով։
21Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում,
22սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում,եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ։
23Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց, եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր։ Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկութիւնը նրա, որ նրանք չկոտորուեն։
24Անարգեցին երկիրը ցանկալի,ու չհաւատացին Տիրոջ խօսքին։
25Տրտնջացին իրենց բանակատեղիում,ու չլսեցին ձայնը Տիրոջ։
26Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ, որ նրանց հարուածի անապատում,
27որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ, նրանց սերունդը ցրուի գաւառներում։
28Նրանք Բելփեգորին յարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի։
29Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, եւ նրանց վրայ կոտորած իջաւ։
30Ապա Փենէէսն եկաւ մէջտեղ, քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ։
31Նա արդարացի համարուեց սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն։
32Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ, եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով,
33քանզի դառնացրել էին նրա հոգին։ Նա հրամայեց իր շրթունքներով,
34եւ չկոտորուեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տէրը։
35Խառնուեցին հեթանոսների մէջ,ու սովորեցին գործերը նրանց։
36Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան։
37Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին,
38եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին։
39Երկիրը շաղախուեց նրանց արեամբ,ու պղծւեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով։
40Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ,եւ խիստ զզւեց իր ժառանգութիւնից։
41Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց։
42Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ։
43Տէրը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով,եւ ընկղմուեցին իրենց անօրէնութեան մէջ։
44Տէրը նայեց նրանց նեղութեանը՝ լսելով ձայնը նրանց աղօթքի։
45Յիշեց ուխտն իր,եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց։
46Նրանց գթութեան արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց։
47Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից։ Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը եւ պիտի պարծենանք քո օրհնութիւններով։
48Օրհնեալ է Տէր Աստւածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ողջ ժողովուրդը թող ասի՝ «Թող լինի, թող լինի»։

************

Սաղմոս(ՃԷ)107
Զանազան նեղութիւններից ազատւածների գոհութեան երգը
1Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։
2Այսպէս թող ասեն Տիրոջից փրկուածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից։
3Բոլոր գաւառներից հաւաքեց նրանց՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովի կողմից։
4Մոլորւեցին նրանք անապատում, անջրդի ճանապարհին, եւ բնակւելու քաղաք չգտան։
5Քաղց զգացին ու ծարաւեցին, եւ նրանց հոգիները նուաղեցին իրենց ներսում։
6Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։
7Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակութեան։
8Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջընրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար,
9քանզի նա յագեցրեց քաղցած հոգիները,եւ բարութեամբ լիացրեց կարօտեալ անձանց,
10որոնք նստած էին խաւարում ու մահուան ստուերների մէջ՝գամւած աղքատութեանն ինչպէս երկաթին,
11քանի որ դառնացրին խօսքն Աստծու, եւ անարգեցին խորհուրդները Բարձրեալի։
12Ցաւից սեղմուեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան։
13Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։
14Նրանց փրկեց խաւարից ու մահուան ստւերներիցեւ փշրեց շղթաները նրանց։
15Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար,
16քանզի նա փշրեց դռները պղնձեայ եւ երկաթեայ նիգերը խորտակեց։
17Օգնեց նրանց, երբ իրենց անօրէնութեան ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից։
18Ամէն տեսակ կերակուրից գարշեց սիրտը նրանց, եւ նրանք մօտեցան մահւան դռներին։
19Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։
20Առաքեց իր խօսքն ու բուժեց նրանց,եւ փրկեց նրանց իրենց ապականութիւնից։
21Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։
22Թող նրան օրհնութեան պատարագ մատուցեն,եւ ցնծութեամբ նրա գործերը պատմեն։
23Ովքեր ծով էին իջնում նաւերով եւ մեծ ջրերում գործեր կատարում,
24նրանք տեսան Տիրոջ արարքները եւ նրա հրաշագործութիւններն անդնդի խորքերում։
25Հրամայեց՝ եւ հողմ ու մրրիկ ելաւ, եւ բարձրացան ալիքները նրա։
26Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, եւ նրանց հոգիները մաշուեցին իրենց ներսում,
27խռովւեցին նրանք, երերացին հարբածի պէս, եւ նրանց ողջ իմաստութիւնը կուլ գնաց։
28Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։
29Մրրիկը վերածեց խաղաղ օդի, եւ ալիքները դադարեցին։
30Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտւեցին, եւ Նա նրանց իրենց ուզած նաւահանգիստն առաջնորդեց։
31Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։
32Թող պանծացնեն նրան ժողովուրդների հաւաքներում,եւ ծերերի ատեաններում օրհնեն նրան,
33քանզի գետերը ցամաքի վերածեց,եւ ջրերի ընթացքը՝ ծարաւած հողի։
34Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց՝ նրա բնակիչների չարութեան դիմաց։
35Անապատը վերածեց ջրառատ վայրի, եւ ծարաւած հողը՝ հոսող ջրերի։
36Այնտեղ բնակեցրեց քաղցեալներին, որոնք իրենց համար բնակութեան քաղաք շինեցին։
37Վարեցին արտերը, այգիներ տնկեցին,եւ բերք աճեցրին իրենց համար։
38Տէրն օրհնեց նրանց՝ ու խիստ բազմացան, եւ նրանց անասունները չպակասեցին։
39Նւազեցին նրանք եւ տանջւեցին չարիքների նեղութիւնից ու վշտերից։
40Անարգանք թափուեց նրանց իշխանների վրայ, Տէրը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում։
41Տնանկներին օգնեց աղքատութեան մէջ, ոչխարների պէս առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան։
42Թող արդարները տեսնեն եւ ուրախանան, եւ բոլոր անօրէնները փակեն բերաններն իրենց։
43Ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա,եւ հասկանայ ողորմութիւնը Տիրոջ։

************

Սաղմոս(ՃԸ)108
Աստուծոյ բարութիւնը օրհնել: Աղօթք որ Աստւած յաղթութիւն տայ թշնամիների դէմ
Դաւթի օրհնութեան սաղմոսը
1Պատրաստ է սիրտն իմ, Աստւա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։
2Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով եւ օրհնութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։
3Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ սաղմոս կ՚երգեմ քեզ։
4Մեծ է քո ողորմութիւնը եւ երկնքից բարձր,եւ քո ճշմարտութիւնը հասնում է ամպերին
։5Դու երկինք ես բարձրացած, Աստւա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։
6Որպէսզի սիրելիներդ փրկուեն, պահպանի՛ր քո աջով եւ լսի՛ր մեզ։
7Աստւած խօսեց իր սրբարանից.«Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը պիտի չափեմ։
8Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։
9Յուդան թագաւորս է, Մովաբը՝ աւազանը յոյսիս։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ. եւ այլազգիներն ինձ հնազանդուեցին։
10Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
11եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզեւ մեր զօրքերի հետ դուրս չելար, Աստւա՛ծ։
12Նեղութեան մէջ օգնութի՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։
13Աստուծով զօրութիւն կը ստեղծենք, եւ նա ամօթահար կ՚անի մեր թշնամիներին։

************

Սաղմոս(ՃԹ)109
Ճնշւածները աղօթում են որ Աստւած պատժէ թշնամիներին և իրանց օգնէ նեղութեան մէջ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Ո՜վ իմ օրհնութեան Աստւած, մի՛ լռիր:
2 Որովհետեւ մեղաւորի բերանը՝ բերանը նենգաւորի, բացւեց ինձ վրայ։ Խօսեցին իմ մասին նենգամիտ լեզւով
3եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝ յանիրաւի մարտնչելով իմ դէմ։
4Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ,բայց ես աղօթքի կանգնեցի։
5Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարէն,եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն։
6Նրա դէմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։
7Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ, եւ նրա աղօթքը մեղք թող համարուի։
8Թող նւազեն օրերը նրա, եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի։
9Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի։
10Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից։
11Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցւածքը նրա, օտարները թող յափշտակեն վաստակը նրա։
12Թող ոչ ոք աջակից չլինի նրան, եւ նրա որբերին ոչ ոք չգթայ։
13Թող նրա որդիները կոտորւեն, եւ նրա անունը թող ջնջւի սերնդի միջից։
14Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը, եւ նրա մօր մեղքերը չսրբուեն։
15Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից,
16քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով։
17Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնութիւն, թող այն հեռու լինի նրանից։
18Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ, թող ջրի պէս լցուի նրա փորը,եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ։
19Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն,եւ մէջքին կապելու մշտական գօտի։
20Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ, եւ ովքեր չարախօսում էին իմ մասին։
21Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, ինձ հետ վարուի՛ր ինչպէս վայել է անւանդ, քանզի քաղցր է ողորմութիւնը քո։
22Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովուած է իմ ներսում։
23Ստւերի պէս երկարելով սպառուեցի,եւ թափ տրւեցի ինչպէս մարախ։
24Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից, եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից։
25Ես նրանց նախատինքը դարձայ, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց։
26Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստւած իմ, եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ։
27Թող իմանան, որ քո ձեռքն այս է, եւ որ, Տէ՛ր, դո՛ւ արեցիր այս։
28Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով։
29Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնենեւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ։
30Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ,
31քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ։

************

Սաղմոս(Ճժ)110
Դաւիթի որդին դաւիթի Տէրն է և յաւիտենական Քահանայ
1 Տէրն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»։
2Տէրը քեզ իշխանութեան գաւազան կ՚ուղարկի Սիոնից, եւ դու կ՚իշխես քո թշնամիների մէջ։
3Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի,քո սրբերի վայելչութեամբ. քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից։
4Երդւեց Տէրը եւ չի զղջայ, որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի։
5Եւ Տէրը, որ քո աջ կողմում է, բարկութեան օրը կը կործանի թագաւորներին։
6Կը դատի հեթանոսներին ու կը բազմացնի իր հարւածները,եւ շատերի գլուխը կը ջախջախի երկրի վրայ։
7Ճանապարհին նա կը խմեցնի հեղեղատի ջրերից,եւ դրա համար էլ գլուխները վեր կը պահի։

************