Սաղմոս(ՃԱ)101
Դաւիթի բարեպաշտութեան ուխտը
1Ողորմութեանդ ու արդարութեանդ մէջ պիտի օրհնեմ քեզ, Տէ՛ր, սաղմոս պիտի երգեմ,
2եւ ի մտի պիտի ունենամ անբիծ ճանապարհով ընթանալ, մինչեւ որ նա գայ ինձ մօտ. քանզի ես իմ տան մէջ սրտիս անարատութեամբ էի ընթանում։
3Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի,եւ ուրացութիւն անողներին ատեցի։
4Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմօտեցաւ. անզգամն ինձնից խոտորւեց, բայց ես հոգ չարեցի։
5Ով ծածուկ խօսեց իր ընկերոջ դէմ, նրան բացէիբաց հալածեցի, ով ամբարտաւան էր աչքով եւ ագահ՝ սրտով,նրա հետ հաց իսկ չկերայ։
6Աչքերս սեւեռւած էին երկրի հաւատացեալներին, որպէսզի նրանք ինձ հետ նստեն. ով գնում էր անբիծ ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում։
7Ամբարտաւանութիւն անողն իմ տան մէջ չէր բնակւում, անիրաւութիւն խօսողն աչքերիս առջեւ յաջողութիւն չունէր։
8Առաւօտներն սպանում էի երկրի բոլոր մեղաւորներին, որ Տիրոջ քաղաքից վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։

************

Սաղմոս(ՃԲ)102
Սիօնիը նորոգելու համար աղօթք
Բորոտի աղօթքը, երբ նա իր անձկութեան մէջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները
1Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, աղաղակս թող հասնի քեզ։
2Մի՛ շրջիր երեսդ ինձնից, նեղութեանս օրը ի՛նձ մօտեցրու ականջը քո. երբ ձայն տամ քեզ՝ իսկոյն լսի՛ր ինձ։
3Ծխի պէս սպառւեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպէս խռիւ։
4Սիրտս խոցւեց եւ ցամաքեց խոտի պէս, հեծութեանս ձայնից հաց ուտելս մոռացայ։
5Ոսկորս մարմնիս կպաւ, եւ նմանւեցի անապատի հաւալուսնին։
6Եղայ ինչպէս բու աւերակներում, տքնեցի ու դարձայ ինչպէս մենաւոր ճնճղուկ տանիքում։
8Թշնամիներս ամէն օր նախատեցին ինձ, եւ ինձ գովողներն ինձնով երդւեցին։
9Մոխիր կերայ հացի տեղ,եւ ըմպելիքս արտասուքով խառնեցի
10քո բարկութեան ու զայրոյթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր եւ վայր գցեցիր։
11Օրերս անցան ստուերի պէս, եւ ես ցամաքեցի ինչպէս խոտ։
12Դու, Տէ՛ր, յաւերժ ես, եւ սերնդից սերունդ է յիշատակը քո։
13Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին.ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը։
14Ծառաներդ նրա քարերը հաւանեցին,ու գթացին նրա հողին։
15Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, եւ երկրի բոլոր թագաւորները՝ քո փառքից։
16Տէրը պիտի Սիոնը վերաշինի, եւ իր փառքով երեւայ այնտեղ։
17Ուշ դարձրեց նա խեղճերի աղօթքին,եւ չարհամարհեց խնդրանքը նրանց։
18Սա պիտի գրուի այլ սերնդի համար, որպէս ժառանգութիւն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը։
19Նայեց նա իր սրբութեան բարձրութիւնից, Տէրն երկնքից երկիր նայեց՝
20բանտարկեալների հառաչանքը լսելու եւ մահապարտների որդիներին ազատ արձակելու համար,
21որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ,եւ Երուսաղէմում՝ գովքը նրա,
22որ ժողովուրդներն իրար մօտ հաւաքուեն, եւ թագաւորները Տիրոջը ծառայեն։
23Նա պատասխանեց նրան իր հզօրութեան ճանապարհին. «Ասա՛ ինձ սակաւութիւնն իմ օրերի,
24եւ ինձ մի՛ վերցրու օրերիս կէսին, քանզի յաւերժ են տարիները քո։
25Ի սկզբանէ, Տէ՛ր, երկրի հիմքերն հաստատեցիր, եւ երկինքն էլ գործն է քո ձեռքերի։
26Կ՚անցնեն դրանք, բայց դու կաս եւ կը մնաս յաւիտեան. ամէն ինչ ձորձի պէս կը մաշուի, դու վերարկուի պէս կը փոխես դրանք, ու դրանք կը փոխուեն։
27Բայց դու նոյնը կը մնաս, եւ քո տարիները չեն անցնի։
28Քո ծառաների որդիները կը բնակուեն այնտեղ, եւ նրանց սերնդին յաւիտեան յաջողութիւնը կ՚ուղեկցի։

************

Սաղմոս(ՃԳ)103
Յորդորում է որ Աստուծուն օրհնեն նրա մեծամեծ ողորմութիւնների համար
1Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։
2Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա,
3ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։
4Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ,
5որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս։
6Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին։
7Տէրն իր ուղիները ցոյց տւեց Մովսէսին,եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին։
8Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ։
9Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում։
10Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։
11Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։
12Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից։
13Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։
14Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։
15Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ։
16Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ,եւ նրա տեղն իսկ չի երեւայ։
17Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ,
18որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք։
19Տէրն երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
20Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։
21Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր։
22Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տէրութիւնը նրա։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։

************

Սաղմոս(ՃԴ)104
Աստուծոյ փառքը իր արարածների մէջր
1Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես, գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորւեցիր։
2Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս,
3քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ։ Երթեւեկում է Նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին։
4Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, եւ կիզիչ հուրը՝ սպասաւորների։
5Երկիրն հաստատեց իր հիմերի վրայ, որ յաւիտեան չսասանւի։
6Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն։ Ջրերը կանգնած են լեռների վրայ։
7Նրանք պիտի փախչեն քո սաստից,եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն։
8Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք։
9Սահման դրիր, որպէսզի չանցնեն եւ չողողեն երկիրը նորից։
10Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝
11յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի։
12Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն եւ ժայռերի միջից ձայն պիտի տան։
13Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցւի։
14Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար,եւ հողից հաց հանեցիր։
15Գինին ուրախացնում է մարդուն,իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը։
16Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր։
17Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն, եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի։
18Բարձր լեռներն եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար։
19Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի։
20Դու խաւարն ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի։
21Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով։
22Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգչում իրենց որջերում։
23Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործինու վաստակին իր ձեռքերի։
24Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով։
25Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ.այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ.
26այնտեղ նաեւ նաւերն են լողում։Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ։
27Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս։
28Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին։
29Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում եւ հող են դառնում։
30Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց, ու նորոգում երեսն երկրի։
31Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, եւ Տէրն ուրախանայ իր արարածներով։
32Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ եւ նրանք ծուխ են արձակում։
33Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ։
34Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան, եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով։
35Թող մեղաւորները պակասեն աշխարհից, եւ ամբարիշտներ թող չգտնւեն նրա մէջ։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ Ալէլուիա։

************

Սաղմոս(ՃԵ)105
Գովասանք Աստուծոյ իր Իսրայէլին արած բարութիւնների համարր
1Գոհութի՛ւն մատուցէք Տիրոջն ու նրա անո՛ւնը կանչեցէք, հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։
2Օրհնեցէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք նրան, պատմեցէ՛ք բոլոր հրաշագործութիւնները նրա։
3Պարծեցէ՛ք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտռում են Տիրոջը։
4Փնտռեցէ՛ք Տիրոջն ու հզօրացէ՛ք, փնտռեցէ՛ք նրա երեսն ամէն ժամ։
5Յիշեցէ՛ք հրաշագործութիւնները նրա, սքանչելիքներն ու բերանի պատուիրանները նրա։
6Աբրահամի՛ սերունդներ, դուք ծառաներն էք նրա, ընտրեալներն էք նրա, դուք՝ Յակոբի՛ որդիներ։
7Նա ինքը Տէր Աստւածն է մեր, եւ ողջ աշխարհում են դատաստանները նրա։
8Իր ուխտը նա յաւիտեան յիշեցեւ իր պատւիրած խօսքը՝ մինչեւ հազար տարի։
9Ուխտ, որ Աբրահամի հետ կնքեց, եւ երդումն իր՝ Իսահակի հետ։
10Յակոբի համար իր հրամանն հաստատեց,եւ Իսրայէլի համար՝ ուխտն իր յաւիտենական։
11Ասաց. «Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգութեան»։
12Երբ սակաւ էին նրանք թուով, տկար էին եւ օտար այդ երկրում,
13դեգերում էին սերնդից սերունդ, մի թագաւորութիւնից դէպի մի այլ ժողովուրդ,
14նա թոյլ չտուեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագաւորներին նրանց համար։
15«Մի՛ մօտեցէք, - ասաց, - իմ օծեալներին, եւ մարգարէներիս վնաս մի՛ հասցրէք»։
16Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զօրութիւնը կոտրեց։
17Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Յովսէփին, որ վաճառուեց որպէս ստրուկ։
18Նրա ոտքերը ցաւեցրին շղթաների մէջ, եւ նրա մարմինը երկաթով պնդեցրին,
19մինչեւ որ նրա խօսքը կատարուեց,եւ Տիրոջ խօսքը փորձեց նրան։
20Թագաւորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան,
21իր տան վրայ նրան տէր կարգեցեւ իր ողջ ունեցւածքի տնօրինող,
22որպէսզի իր ուզածի պէս խրատի նրանց իշխաններին,եւ նրանց ծերերին իմաստուն դարձնի։
23Իսրայէլը մտաւ Եգիպտոս, Յակոբը պանդխտութեան գնաց երկիրը Քամի։
24Խիստ բազմացրեց Տէրն իր ժողովրդին,եւ նրան իր թշնամիներից զօրեղ դարձրեց։
25Թշնամիների սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին,եւ իր ծառաների դէմ նենգութիւն գործեն։
26Տէրն ուղարկեց իր ծառայ Մովսէսին եւ իր ընտրեալ Ահարոնին՝
27տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խօսքը Քամի երկրում։
28Խաւար ուղարկեց ու խաւարի մէջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խօսքը։
29Նրանց գետերն արիւն դարձրեց,եւ ոչնչացրեց բոլոր ձկները նրանց։
30Նրանց երկիրն ու նրանց թագաւորների շտեմարանները լցրեց գորտերով։
31Հրամայեց՝ եւ շնաճանճ ու մժեղ թափւեց նրանց երկրի բոլոր սահմաններում։
32Նրանց անձրեւները կարկտի վերածեց, եւ նրանց երկրում հուր բորբոքւեց։
33Հարւածեց այգիներն ու թզենիները նրանց, եւ փշրեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր։
34Ասաց՝ եւ եկաւ մարախ ու խառնիճ, որոնց թիւ չկար։
35Մարախը կերաւ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը։
36Տէրը հարւածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին։
37Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով ու արծաթով, եւ նրանց ցեղի մէջ հիւանդ չկար։
38Եգիպտոսն ուրախացաւ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրայ։
39Ցերեկն ամպ սփռեց նրանց ստւերելու համար, եւ գիշերն հրով լուսաւորեց նրանց։
40Նրանք խնդրեցին՝ ու լորամարգիներ իջան, եւ Տէրը երկնային հացով կշտացրեց նրանց։
41Հարւածեց ժայռին՝ ու ջրեր բխեցին, եւ գետեր հոսեցին անապատով։
42 Յիշեց խօսքն իր սուրբ, որ տուել էր իր Աբրահամ ծառային։
43Հանեց իր ժողովրդին ցնծութեամբ, եւ իր ընտրեալներին՝ ուրախութեամբ։
44Նրանց տուեց գաւառներն հեթանոսների,եւ ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց,
45որ պահեն պատւիրաններն իր, ու հետեւեն իր օրէնքներին։

************