Սաղմոս(Ա) 1
Բարեպաշտի երջանկութիւն: Ամբարշտի ապերջանկութիւնը
1 Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում,
2 այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատւիրանների մասին։
3Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկւած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափւի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողւի նրան։
4Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։
5Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ,
6Որովհետեւ Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում։

************

Սաղմոս(Բ) 2
Աստծոյ Որդիի թագաւորութիւնը և իր թշնամիներին յաղթելու մասին մարգարէութիւն
1Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։
2Հաւաքւեցին երկրի թագաւորները, եւ միաւորւեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա օծեալի՝ ասելով.
3«Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզանից»։
4Երկնքում բնակւողը կը ծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կ՚արհամարհի նրանց։
5Այն ժամ կը խօսի նրանց հետ իր բարկութեամբ, եւ իր զայրոյթով կը սարսափեցնի նրանց։
6Ես թագաւոր կարգւեցի նրանից իր սուրբ լերան՝ Սիոնի վրայ, որ հռչակեմ Տիրոջ հրամանները։ 7Տէրն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։
8Խնդրի՛ր ինձնից՝ եւ հեթանոսներին քեզ կը տամ որպէս ժառանգութիւն, ու իշխանութիւն՝ երկրի բոլոր ծագերում։
9Նրանց երկաթեայ գաւազանով կ’ջարդես եւ բրուտի անօթի պէս կը փշրես նրանց»։
10Եւ հիմա, թագաւորնե՛ր, ո՛ւշ դարձրէք սրան, եւ խրատւեցէ՛ք ամէնքդ, որ մարդկանց էք դատում։
11Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով։
12Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից, երբ նրա զայրոյթը բորբոքւած լինի։ Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ»։

************

Սաղմոս(Գ) 3
Թշնամիների դէմ վստահութիւն դէպի Աստւած:
Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից
1 Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ։
2 Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»։
3Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը։
4Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից։
5 Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է։
6Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ։
7Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստւած իմ, որովհետեւ կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կը փշրես։
8 Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի։

************

Սաղմոս(Դ)4
Դաւիթի երեկոյան աղօթքը, հաւատքով վստահ է իր թշնամիների դէմ
Դպրապետին. Դաւթի օրհնութեան սաղմոսերգութիւնը
1Երբ ձայն տւի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստւա՛ծ, նեղութեան մէջ ինձ հանգիստ տւիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին։
2Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։
3Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան։
4Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք։
5Արդարութեան զոհե՛ր մատուցեցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք։
6Շատերն ասացին՝ «Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը»։ Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ,
7եւ ուրախութիւն տւիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց։
8Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք,
որովհետեւ դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ։

************

Սաղմոս(Ե) 5
Դաւիթի առաւօտեան աղօթքը
Դպրապետին. ժառանգորդների մասին, սաղմոս
1Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս,
2 ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ աղաչում եմ քեզ,
3 Տէ՛ր, որ առաւօտեան լսես ձայնն իմ. առաւօտեան պատրաստ կը լինեմ քո առջեւ կանգնելու։
4Դու անօրէնութիւն կամեցող Աստւած չես, եւ քեզ մօտ չարամիտներ չեն բնակւում։
5Թող յանցագործները չապրեն աչքիդ առջեւ դու ատեցիր անօրէնութիւն գործողներին:6 Դու կործանում ես բոլոր
ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր։
7Իսկ ես քո ամէնառատ ողորմութեան շնորհիւ կը մտնեմ տունդ, եւ քե՛զ վայել ակնածանքով կ՚երկրպագեմ սուրբ տաճարիդ մէջ։
8 Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,
9 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ, եւ նրանց սրտերն ունայնացած են։
Գերեզմանի պէս բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգութեամբ։
10 Դատի՛ր նրանց, Աստւա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտութեան համար վանիր նրանց, որովհետեւ դառնացրին քեզ։
11Թող ուրախանան բոլոր նրանք, որ յոյս են դնում քեզ վրայ, յաւիտեան թող ցնծան, եւ դու ապրես նրանց մէջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները:
12Որովհետեւ դու պիտի օրհնես արդարին. Տէ՛ր, քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ։

************

Սաղմոս(Զ) 6
Ապաշխարանքի աղօթք մարմնի և հոգու ցաւի մէջ: Յոյս Տիրոջ օգնութեանը
Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս
1 Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։
2Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, որովհետեւ հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։
3Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...։
4Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ
5 Որովհետեւ չկայ մէկը, որ մահւան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից։
6Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լւացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։
7Սրտնեղութիւնից այլայլւեց աչքն իմ, ես հիւծւեցի բոլոր թշնամիներիս ձեռքից։
8Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում։ Տէրը լսեց իմ լացի ձայնը,
9 Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները։
10Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովւեն, թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն։

************

Սաղմոս(Է) 7
Արդար Աստւածը փրկում է Դաւիթի անմեղութիւնը անօրէն թշնամուց
Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ
1 Տէ՛ր իմ Աստւած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ։
2Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնւի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի։
3 Տէ՛ր իմ Աստւած, եթէ արել եմ այս բանը, եթէ իմ ձեռքով անօրէնութիւն եմ գործել,
4եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով:
5Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հաւասարեցնի։
6Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստւած, յանուն քո սահմանւած կարգի։
7Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կը հաւաքւեն, իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում
8(Տէրն է դատում իր ժողովրդին)։ Դատի՛ր ինձ, Տէ՛ր, իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ։
9Մեղաւորների վրայ չարիք կը գայ, իսկ արդարին յաջողութիւն կը տաս, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստւած։
10Յիրաւի, օգնողն Աստւած է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով։
11Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստւած, որն իր զայրոյթը չի թափում հանապազ։
12Սակայն եթէ չդառնաք դէպի Նա, սուրն իր սրած է եւ աղեղն իր՝ լարած։
13Նա պատրաստել է մահւան գործիքները, իսկ նետերն իր հրանիւթով է սարքել։
14Ահաւասիկ, ով որ անօրէնութիւն երկնեց, չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց,
15նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց։
16Նրա գլխին կը թափւեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կ՚իջնեն իր անօրէնութիւնները։
17Գոհութիւն կը մատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար, սաղմոս կ՚երգեմ Բարձրեալ Տիրոջ համար։

************

Սաղմոս(Ը) 8
Աստծոյ փառքը իր գործքերումը: Մարդի որդիի ցածութիւնը և բարձրութիւնը
Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի
1 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։ Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր։
2 Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանւեն։
3 Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր։
4 Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։
5 Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատւով պսակեցիր նրան։
6Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։
7Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ եւ ամէն ինչ,
8 նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում։
9 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։

************

Սաղմոս(Թ) 9
Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի
1Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր, կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ։
2Կ՚ուրախանամ ու կը ցնծամ քեզնով, սաղմոս կ՚երգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ։
3Թշնամիներս ետ դառնալով՝ կը թուլանան ու կը կորչեն քո առաջից։ 4Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ դատաւոր արդար։
5Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ. նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
6Եւ թշնամու զէնքը իսպառ վերացաւ. դու քաղաքներ աւերեցիր, եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով։
7Բայց Աստուած մնում է յաւիտեան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։
8Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ, եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ։
9 Տէրն եղաւ տնանկի ապաւէնը եւ նեղութեան ժամանակ օգնականը։
10Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։
11Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում. հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։
12Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս՝ Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց։
13Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից։
14Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները Սիոնի քաղաքի դռներին, եւ ցնծամ քո փրկագործութեամբ։
15Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ, եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու։
16 Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղաւորները կը պատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի։
17Մեղաւորները կրկին դժոխք կ՚ընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն։
18Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին, եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի։
19Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ, թող հեթանոսները դատուեն քո առջեւ։
20Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր, եւ թող հեթանոսներն իմանան, թէ իրենք մարդիկ են։

************

Սաղմոս(Ժ) 10
Չարերի ամբարտաւանութիւնից գանգատ Աստուծուն: Դաւիթի վստահութիւնը Աստուծոյ վերայ
1Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ։
2Ամբարշտի յոխորտալուց տոչորում է աղքատը. թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք,
3քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար, գովաբանւում է եւ նա, ով զրկում է։
4 Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն,թէ չի ստանայ հատուցում։
5Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ, մշտապէս պիղծ են նրա ճանապարհները։ Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից, նա կը տիրի իր բոլոր հակառակորդներին։
6Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի, դարէդար կ՚ապրի առանց փորձանքի։
7Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա, իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք։
8Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին։
9Նրա աչքն աղքատի վրայ է, դարանակալում է թաքստոցում՝ ինչպէս առիւծն իր որջում, դարանակալում է յափշտակելու աղքատին, յափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան։
10Նրան կը գցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կը խոնարհուի ու կ՚ընկնի։
11Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար։
12Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին։
13Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի։
14Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար։ Քեզ է ապաւինել աղքատը, եւ դու ես որբի օգնականը։
15Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը, թող փնտռուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն։
16 Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից։
17Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝
18տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին։

************