Առակներ 6
Զգուշացնում է Յանձնառու Լինելուց
1-Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես,դու քեզ կը մատնես քո թշնամուն.
2-որովհետեւ մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։
3-Այժմ, որդեա՛կ, վարւի՛ր այնպէս, ինչպէս պատւիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդւի՛ր եւ մի՛ յուսալքւի՛ր եւ նո՛յնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել։
4-Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ,
5-որպէսզի փրկւես, ինչպէս այծեամը թակարդից եւ թռչունը՝ ծուղակից։
6-Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին եւ իմաստո՛ւն եղիր նրանից աւելի.
7-քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու եւ ո՛չ էլ գլխին տէր ունի,
8-բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ մեղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ ինչպէ՜ս գործունեայ է նա եւ թէ ինչպիսի ջանասիրութեամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագաւորներին եւ տնանկներին՝ բժշկութեան համար։ Թէպէտեւ թոյլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետեւ ինքը յարգեց իմաստութիւնը եւ արժանի եղաւ յարգանքի։
9-Մինչեւ ե՞րբ պիտի գամւած մնաս, ո՛վ ծոյլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից։
10-Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ,
11-եւ, ահա, աղքատութիւնը, ինչպէս չար ուղեւոր, կը հասնի քեզ, եւ կարիքը, իբրեւ ժիր սուրհանդակ, կը կանգնի դռանդ։ Բայց եթէ ծոյլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբիւրի նման, եւ կարիքը, ինչպէս ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու։
12-Անօրէն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում,
13-որովհետեւ հէնց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցոյց տալիս եւ նշանացի սովորեցնում մատներով։
14-Խոտորւած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում։
15-Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ, նա պիտի հաշմւի ու մաշւի առանց բուժումի։
16-Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը, եւ իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանւի։
17-Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,այն լեզուն, որ սուտ է խօսում,
18-այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան։
19-Անիրաւ վկան բորբոքում է ստութիւնը եւ գրգռութիւն է գցում եղբայրների միջեւ։

Զգուշացնում Շնութիւնրց
20-Որդեա՛կ, պահի՛ր հօրդ օրէնքը եւ մի՛ մերժիր մօրդ խրատը։
21-Ընդունի՛ր դրանք հոգուդ մէջ,մշտապէս պահի՛ր քո գլխում եւ, իբրեւ մանեակ, գցի՛ր քո պարանոցին։
22-Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, եւ թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ։
23-Օրէնքի պատւիրանը ճրագ է, յանդիմանութիւնը եւ խրատը լոյս են եւ կեանքի ճանապարհ։
24-Նրանք քեզ հեռու կը պահեն ամուսնացած կնոջից եւ օտար կնոջ չար լեզւից։
25-Որդեա՛կ, թող քեզ չյաղթի կնոջ գեղեցկութեան ցանկութիւնը, թող չբռնւեն քո աչքերը նրանով, մի՛ հրապուրւիր նրա թարթիչներով,
26-Որովհետեւ պոռնիկ կնոջ պատճառով կարող ես մի նկանակ հացի կարօտ մնալ, որովհետեւ չար կինը որսում է պատւական մարդկանց հոգին։
27-Հնարաւո՞ր է արդեօք, որ մէկը կրակը պահի իր գոգի մէջ եւ շորը չայրի,
28-կամ որեւէ մէկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով եւ իր ոտքերը չայրի,
29-այդպէս էլ անհնարին է որեւէ մէկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը եւ առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենայ նրան, չի արդարացւելու։
30-Զարմանալու ոչինչ չկայ, եթէ մէկը բռնւի գողութեան մէջ. գողանում է, որպէսզի յագեցնի իր քաղցած անձը,
31-բայց եթէ բռնւեց, պիտի եօթնապատիկ տուժի եւ անձը փրկելու համար պիտի տայ իր ողջ ունեցւածքը։
32-Իսկ եթէ մէկը շնանում է խելքի պակասութեան պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն,
33-նա ցաւ ու անարգանք պիտի կրի, եւ երբեք չի ջնջւելու նրա նախատինքը։
34-Կնոջ ամուսինը պիտի բորբոքւի խանդով լցւած եւ չի խնայելու վրէժխնդրութեան օրը,
35-ոչ մի փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամութիւնը, ոչ իսկ առատ կաշառքով։

************