Առակներ 5
Շնութիւնից Զգուշացնող Խրատներ
1-Որդեա՛կ, լսիր՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին,
2-որպէսզի բարի խորհուրդներ պահես. ես պատուիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստութիւնը։
3-Մի՛ նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ,
4-բայց յետոյ զգում ես, որ աւելի դառն է, քան լեղին, եւ աւելի սուր, քան երկսայրի սուրը։
5-Անզգամի ոտքերը դէպի մահ են տանում նրա մերձաւորներին եւ դէպի դժոխք են իջեցնում նրանց. հաստատուն չեն նրա ոտնահետքերը,
6-որովհետեւ նրա ոտքերը չեն գնում կեանքի ճանապարհներով, սայթաքուն եւ անյայտ են նրա ճանապարհները։
7-Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ եւ մի՛ արհամարհիր իմ խօսքերը.
8-քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից եւ մի՛ մօտեցիր նրա տան դռներին,
9-որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, եւ քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց։
10-Մի՛ թող, որ օտարները լցւեն քո ուժով, եւ քո վաստակը մտնի ուրիշների տունը։
11-Թող յետոյ այնպէս չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշւեն, զղջաս եւ ասես, թէ՝ «Ինչո՞ւ ես ատեցի խրատը,
12-ինչո՞ւ իմ սիրտն անարգեց յանդիմանութիւնը»։
13-Ես չէի լսում ո՛չ իմ խրատատւի ձայնը, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խօսքերին.
14-քիչ էր մնացել, որ ժողովի ու ժողովրդի մէջ մասնակից դառնայի ամէն չարիքի։
15-Քո ջուրը խմի՛ր քո ամանից եւ քո ջրհորի աղբիւրից։
16-Թող քո ջրերը բխեն քո աղբիւրից,եւ քո փողոցով թող հոսեն դրանք։
17-Թող դրանք միայն քոնը լինեն, եւ օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։
18-Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, եւ ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։
19-Թող քեզ համար եղնիկի պէս սիրով եւ այծեամի նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստութեանը եւ քեզ հետ լինի ամէն ժամ. եւ եթէ նրա սիրով գնաս, դու մեծարժէք պիտի լինես։
20-Մի՛ այցելիր օտար կանանց եւ մի՛ փարւիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ.
21-որովհետեւ տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջեւ են, եւ Նա գիտէ նրա բոլոր շաւիղները։
22-Չարագործին պիտի որսան նրա անօրէնութիւնները, եւ իւրաքանչիւրը պիտի կապկպւի իր մեղքի թելերով։
23-Խրատ չլսելու պատճառով պիտի մեռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկւի իր կեանքի երկարութիւնից եւ պիտի կորչի անզգամութեան պատճառով։

************