Առակներ 31
Մի Մօր Խրատը Իր Թագաւոր Որդուն. Բարի, Ազնիւ Կնկայ Նկարագիրը
1 Իմ խօսքերն ասւած են Աստծու կողմից, իբրեւ թագաւորին ուղղւած պատգամ, որով նրան խրատել է իր մայրը։
2Դէ ինչ, որդեա՛կ, Աստծու խօսքեր են,անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի՛. դէ ինչ, որդեա՛կ, իմ որովայնի պտուղն ես. դէ ինչ, որդեա՛կ, իմ ուխտերի զաւակն ես։
3Քո հարստութիւնը մի՛ տուր կանանց եւ ոչ էլ քո միտքն ու կեանքը՝ յետին խորհուրդների. մտածւա՛ծ գործիր ամէն բան եւ խոհեմութեա՛մբ խմիր գինի։
4Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5որպէսզի չհարբեն ու մոռանան իմաստութիւնը եւ չկարողանան տկարին ուղիղ դատել։
6Ըմպելի՛ք մատուցեցէք վշտացածներին, գինի՛ տուէք ըմպելու տառապեալներին,
7թող խմեն ու մոռանան իրենց աղքատութիւնը եւ թող չյիշեն իրենց ցաւերը։
8Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին,
9քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին։
10Թէ առաքինի կին գտնւի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։
11Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի։
12Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ։
13Բուրդ եւ կտաւ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում
14եւ, ինչպէս շահութաբեր նաւ, նա հեռւից ժողովում է գանձերը։
15Նա ոտքի է ելնում արշալոյսին, տնեցիներին կերակուր է տալիս եւ գործի է դնում նաժիշտներին։
16Թէ գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն եւ իր ձեռքի վաստակով մշակում է հողը։
17Իր մէջքին պինդ գօտի կապած՝ նա թեւերը մխրճում է գործի մէջ
18եւ ճաշակում է աշխատանքի քաղցր հաճոյքը, եւ ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը։
19Ձեռքը միշտ իր օգուտին մեկնած՝ նա առանց ձանձրոյթի իր մատներով իլիկ է մանում։
20Նրա ձեռքը բաց է աղքատների համար, եւ նա բաժին է տալիս խեղճերին։
21Նրա ամուսինը, եթէ ինչ-որ պատճառով ուշանայ էլ, չի մտահոգւում տան համար, որովհետեւ գիտէ, որ, եթէ տանը ցուրտ է, կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին։
22Նա բեհեզ եւ ծիրանի է գործել ամուսնու համար եւ իր համար՝ ծածկոցներ։
23Նրա ամուսինը յայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մէջ՝ երկրի բնակիչների ու ծերերի մէջ։
24Կինը կտաւ է գործում ու վաճառում,եւ ծածկոցներ է ծախում քանանացիներին։
25Ուժ ու վայելչութիւն զգեցած՝ նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին։
26Նա չափով եւ իմաստութեամբ է բացում իր բերանը եւ սահման է դնում իր լեզւին։
27Պարկեշտ են նրա տան ճանապարհները, եւ նա դատարկապորտութեամբ հաց չի կերել։
28Իր ողորմածութիւնները ոտքի են կանգնեցնում իր որդիներին եւ մեծացնում։
29Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից։
30Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայեւ ոչ էլ սին գեղեցկութիւն»։Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնւի։
31Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տւէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանւի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից։

************