Առակներ 30
Ագուրի Խոստովանանքը, Խնդրանքը եւ Խօսքերը:
1 Մարդս Աստծու հաւատացեալներին պիտի ասի այսպէս.«Լաւ է լռեմ, որովհետեւ բոլոր մարդկանցից աւելի անմիտ եմ,
2եւ իմ մէջ մարդկային իմաստութիւն չկայ։
3Աստւած իմաստութիւն սովորեցրեց ինձ, եւ ես խելամուտ եղայ սրբերի գիտութեանը եւ ճանաչեցի սրբութիւնները.
4ո՞վ ելաւ երկինք եւ իջաւ, ո՞վ հաւաքեց հողմերը իր գոգի մէջ, ո՞վ ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մէջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ՝ ի՞նչ է նրա որդու անունը։
5Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրեալ են, եւ նա ինքն է իրենից երկիւղ կրողների վերակացուն։
6Ոչինչ մի՛ աւելացրու նրա խօսքերին, որ քեզ չյանդիմանի, եւ դու ստախօս չերեւաս»։
7Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչեւ մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։
8Զուր եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից։ Հարստութիւն եւ աղքատութիւն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բաւական է։
9Չլինի թէ հարստանամ եւ ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ եւ երդում ուտեմ իմ Աստծու անունով։
10Մի՛ մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի, եւ դու ապականւած չմնաս։
11Չար ծնունդն անիծում է իր հօրը եւ իր մօրը չի օրհնում։
12Չար ծնունդն իր աչքին արդար է երեւում, բայց նա չի լուացել իր հոգու կեղտը։
13Չար ծնունդն ամբարտաւան աչքեր ունի, եւ գոռոզ են նրա թարթիչները։ 1
4Չար ծննդի ատամները սուսեր են, եւ ժանիքները՝ դանակներ, երկրիս խոնարհներին եւ աղքատ մարդկանց կեղեքելու եւ ուտելու համար։
15Տզրուկը սրտով սիրած երեք դուստր ունէր, եւ սրանք երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացաւ կշտացնել, որպէսզի նա ասէր. «Բաւական է»։
16Գերեզմանն ու մահը, կանանց սէրն ու տարտարոսը, հողը, որ չի յագենում ջրով, ջուրը եւ կրակը երբեք չեն ասում. «Բաւական է»։
17Այն աչքը, որ արհամարհում է հօրը եւ անարգում է մօր ծերութիւնը, ձորերի ագռաւները պիտի հանեն, եւ արծիւների ձագերը պիտի յօշոտեն այն։
18Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ, եւ մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում.
19թռչող արծւի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ ապառաժի վրայ, ծովով անցնող նաւի ծիրը եւ երիտասարդ տղամարդու ճանապարհները։
20Այդպէս է նաեւ շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որեւէ վատ բան է անում, լւացւում է եւ ասում. «Ես ոչինչ չեմ արել»։
21Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը, եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտւել.
22ծառան, եթէ թագաւոր է դառնում, անմիտը, եթէ կշտանում է հացով,
23աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն, եւ ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։
24Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ, բայց իմաստուններից աւելի իմաստուն են.
25մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը,
26ճագարը, անզօր մի կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ,
27մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի,
28եւ ճանկերով պատից կառչող սարդը, որին թէեւ հեշտ է որսալ, բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ։
29Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ, եւ մի չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ.
30առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում եւ թիկունք չի դարձնում անասուններին,
31աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ, նոխազը, որ առաջնորդում է հօտը, եւ թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ։
32Եթէ դու քեզ անհոգութեան մատնես եւ ձեռքդ դժւարութեամբ տանես բերանդ,պիտի արհամարհւես։
33Կա՛թ կթիր, եւ իւղ կը լինի, բայց եթէ պտուկները շատ ճմլես, արիւն կը գայ։ Այդպէս էլ՝ եթէ խօսքը ձգձգես, դատաստան ու կռիւ դուրս կը գայ։

************