Առակներ 3
Խրատ Երիտասարդներին
1-Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում,
2-որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն։
3-Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։
4-Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին։
5-Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։
6-Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի։
7-Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից։
8-Դա քո մարմնի համար՝ բուժում եւ քո ոսկորների համար՝ դարման կը լինի։
9-Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան,
10-որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն։
11-Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից,
12-քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։
13-Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացւին, որ հանճար կը ստանայ,
14-քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։
15-Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը.
16-քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզւի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն
17-Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։
18-Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։
19Աստւած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը,
20-իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։
21-Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը,
22-որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։
23-Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։
24-Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի,
25-եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից,
26-որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։
27-Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։
28-Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։
29-Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ։
30-Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։
31-Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին,
32-քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ։
33-Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնւում են։
34-Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։

************