Առակներ 29
Իմաստութիւնը Բերում է Օրհնութիւն. Յիմարութիւն եւ Մեղքը` Կորուստ:
1 Լաւ է յանդիմանող, քան յամառ մարդը, որովհետեւ եթէ սրան կրակը յանկարծակի հարուածի, փրկութիւն չի լինի։
2Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։
3Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։
4Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն։
5Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։
6Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ։
7Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի։ 8Անօրէն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկութիւնը։
9Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է դառնում եւ չի պատկառում։
10Արիւնարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ։
11Անզգամն իր ողջ բարկութիւնը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմութեամբ։
12Այն թագաւորը եւ նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրաւութեան խօսքերին, անօրէններ են։
13Փոխ տւողը եւ փոխ առնողը հասնելու են նոյն տեղը, եւ երկուսին էլ առերեսելու է Տէրը։
14Տնանկներին արդարութեամբ դատող թագաւորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնայ։
15Ծեծն ու կշտամբանքն իմաստութիւն են տալիս. ճամփից շեղւած երեխան ամօթահար է անելու իր ծնողներին։
16Ամբարիշտների բազմանալու դէպքում բազմապատկւում են յանցանքները, բայց արդարները ահով պիտի համակւեն նրանց կործանման ժամանակ։
17Խրատի՛ր որդուդ, եւ նա քեզ հանգիստ պիտի պարգեւի եւ զարդ պիտի լինի հոգուդ համար։
18Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է։
19Խօսքով չի խրատւում կամակոր ծառան, որ թէեւ հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն։
20Երբ յանդգնութեամբ խօսող մարդ տեսնես, իմացի՛ր, որ աւելի յոյս կայ անզգամի, քան նրա համար։
21Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառայ դառնայ եւ յետոյ մորմոքի ինքն իր մէջ։
22Անզգամ մարդը հակառակութիւն է գրգռում, հեզաբարոյ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք։
23Ամբարտաւանութիւնը պիտի նւաստացնի մարդուն, բայց Տէրը խոնարհներին պիտի արժանացնի փառքի։
24Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին. նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն,
25բայց մարդկանցից ունեցած վախի եւ ամօթի պատճառով պիտի յայտնեն եւ կործանւեն. իսկ ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, պիտի ուրախ լինի։ Ամբարշտութիւնը մարդուն գցում է գայթակղութեան մէջ, բայց ով ապաւինում է Տիրոջը, պիտի փրկուի։
26Շատերն են հաճոյախօսում իշխաններին, բայց մարդուս իրաւունքը բխում է Տիրոջից։
27Արդարի համար պիղծ է անօրէն մարդը, իսկ անօրէնի համար պիղծ է ուղիղ ճանապարհը։

************