Առակներ 26
Յիմար, Ծոյլ եւ Վատ Մարդիկ Արժանի Չեն Պատիւի
1Ինչպէս ցօղը՝ ամռանը, եւ անձրեւը՝ հնձի ժամանակ, այնպէս էլ պատիւը անտեղի է անզգամին։
2Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս։
3Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի, այնպէս էլ գաւազանն է անմիտների համար։
4Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան։
5Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի։
6Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը, որն անմիտ լրատարի հետ խօսք կ՚ուղարկի։
7Խափանի՛ր անզգամի գնալ-գալը եւ նրա բերանի խօսքն ու առակը։
8Ով պատիւ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ։
9Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
10Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծւեն շատ խռովքներից, որպէսզի խորտակւեն նրանց յիմարութիւնները։
11Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպէս էլ անզգամն է իր չարութեամբ, երբ վերադառնում է դէպի իր մեղքերը։ Ամօթ կայ, որ մեղքերի մէջ է գցում մարդուն, ամօթ էլ կայ, որ նրան պարգեւում է փառք ու շնորհք։
12Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է, բայց անզգամից աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից։ 1
3Երբ ծոյլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ»։
14Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ, այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում։
15Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում եւ ալարում է նոյնիսկ իր բերանը տանել։
16Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում, քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում։
17Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու։
18Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որեւէ մէկը շտապում է կանխել՝ հակադրուելով նրանց, ընկճւում են,
19այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդէպ, բայց երբ կշտամբանքի են ենթարկւում, ասում են՝ «Մենք կատակ էինք անում»։
20Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը, բայց ուր երկմիտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը։
21Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիւը։
22Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն։
23Նենգամտութեամբ տրւած արծաթը նման է խեցու. ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը։
24Ով լաց է լինում թշնամու վրայ, շուրթերով յայտնում է ամէն ինչ, մինչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում։
25Եթէ քո թշնամին քեզ աղաչի եւ բարձր ձայնով աղերսի, մի՛ հաւատա նրան, քանզի եօթը չարիք կայ նրա սրտում։
26Ով թաքցնում է ատելութիւնը, նա յայտնի է դարձնում նենգութիւնը. բանիմաց մարդն ատեանում իր վնասը հեռու է վանում։
27Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ. ով քար է գլորում ուրիշի վրայ, ինքն իր վրայ է գլորում այն։
28Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը. շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում։

************