Առակներ 21
Աստուծոյ Խնամքը Կառավարում է Մարդկանց Սիրտը եւ Միտքը
1Ինչպէս ջրի հոսանքը,այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կամենայ, այն կողմն էլ կը դարձնի այն։
2Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում, բայց Տէրն է դատում սրտերը։
3Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը։
4Ամբարտաւանը մեծամիտ է իր յոխորտանքի մէջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։
5Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել,սակայն ամէն մի հապճեպութիւն կարօտութիւն է բերում։
6Ով հարստութիւն է կուտակում լեզւի ստութեամբ, նա գնում է սնոտի բաների յետեւից եւ պիտի հասնի մահւան որոգայթների։
7Ամբարիշտները պիտի կործանւեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը։
8Խոտորնակին Աստւած խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ։
9Լաւ է բաց օդի մէջ մի անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփւած եւ խառնակ տան մէջ։
10Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, եւ նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից։
11Անխելքի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խորագէտ է դառնում, իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն։
12Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին։
13Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի։
14Գաղտնի պարգեւը մեղմացնում է բարկութիւնը, իսկ ով խնայում է պարգեւ տալ, զայրոյթ է յարուցում։
15Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։
16Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրւան է գտնում հսկաների ժողովում։
17Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ՚ընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։
18Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։
19Լաւ է բնակւել անապատում, քան թէ անզգամ, լեզւանի եւ բարկացկոտ կնոջ հետ։
20Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն։
21Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի։
22Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։
23Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից։
24Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է։
25Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու։
26Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս։
27Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջեւ, որովհետեւ մատուցւում են անօրէն խորհրդով։
28Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի. խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ։
29Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։
30Աստծու համեմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի, ո՛չ արիութիւն եւ ո՛չ էլ խորհուրդ։
31Երիվարը պատրաստւում է պատերազմի օրւայ համար, բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը։

************