Առակներ 20
Զգուշացնում է Շռայլութիւնից եւ Անկարգ Վարքից
1Գինին անառակութեան է մղում, հարբեցողութիւնը՝ թշնամութեան, եւ ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ։
2Թագաւորի տանջանքը պակաս վնասաբեր չէ առիւծի ցասումից, եւ ով զայրացնում է նրան, վնաս է պատճառում ինքն իրեն։
3Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամէն մի անզգամ խառնւում է այդպիսի բաների։
4Ծոյլը թէեւ նախատւում է, բայց չի ամաչում, ինչպէս մէկը, որ ցորեն է փոխ առնում ամռանը։
5Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պէս է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։
6Մեծանուն եւ պատւական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։
7Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։
8Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։
9Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակւի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։
10Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանւեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.այդպէս էլ պիտի խափանւի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։
11Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում։
12Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։
13Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկւես կեանքից.աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։
14«Վատ է, վատ է», ասում է գնորդը,իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։
15Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։
16Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։
17Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցւի խիճով։
18Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ։
19Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։
20Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։
21Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերւել վերջաւորութեան չի կարող օրհնւած լինել։
22Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,որ նա օգնական լինի քեզ։
23Տիրոջ առջեւ պիղծ է երկու տեսակի չափը, եւ խարդախ կշեռքը մերժելի է նրա համար։
24Տէրն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպէ՞ս մահկանացուն խելամուտ լինի իր ճամփաներին։
25Որոգայթ է մարդու համար շտապելը եւ իր ունեցւածքից բան նուիրելը, հապճեպ ուխտ անելը եւ յետոյ զղջալը։
26Իմաստուն թագաւորը ցրում է ամբարիշտներին եւ անիւի տակ է գցում նրանց։
27Մարդու հոգին Տիրոջ լոյսն է, որը քննում է սրտի շտեմարանները։
28Ողորմածութիւնը եւ ճշմարտութիւնը թագաւորի պահապաններն են, եւ նրանք արդարութեամբ են շրջապատում նրա գահը։
29Երիտասարդների զարդը իմաստութիւնն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերութիւնը։
30Չարագործների համար են թէ՛ վէրքերն ու հարւածները եւ թէ՛ տանջանքները նրանց որովայնի խորքերում։

************