Առակներ 2
Իմաստութեան Վարձատրութիւնը
1-Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատւիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ,
2-իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ։
3-Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես,
4-փնտռես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն,
5-այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը,եւ դու կը գտնես Աստծու գիտութիւնը։
6-Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը.
7-նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին,
8-նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին։
9-Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ՚ուղղես դէպի բարին։
10-Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ,
11-այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն,
12-որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց։
13-Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով,
14-ովքեր կ՚ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորւելով.
15-Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ,
16-նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից։
17-Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը։
18-Այդպիսին իր տունը դրել է մահւան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ։
19-Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալու եւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները։
20-Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կը գտնէին արդարութեան շաւիղները.քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ։
21-Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջւեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարւեն դրանից։

************