Առակներ 19
Աստւածասէր Աղքատը: Յիմարութեան, Ծուլութեան եւ Ծաղր Անելու Վնասը:
1 Լաւ է տգէտ լինել, բայց միամիտ, քան թէ անզգամ ու շաղակրատ։
2Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում։
3Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ։
4Հարստութիւնը աւելացնում է շատ բարեկամներ, բայց աղքատը բաժանւում է նոյնիսկ հարազատ բարեկամից։
5Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ չի փրկւի նա, ով զուր տեղն է մեղադրում։
6Շատերն են հաճոյախօսում թագաւորի դիմաց, բայց ամէն մի չարակամ պիտի նախատւի մարդկանցից։
7Ով ատում է իր աղքատ եղբօրը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց։ Բարի խորհուրդը մերձենում է իրեն ճանաչողին, եւ իմաստուն մարդը կը գտնի այն։ Ով խիստ բան է անում չարամտօրէն, նա չարիք է գործում, եւ ով վէճեր է յարուցում, փրկութիւն չի գտնի,մանաւանդ որ այնպիսի բան է անում, որ չի վերաբերում իրեն։
8Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, եւ իմաստութիւն պահողը բարիք է պահում։
9Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ ով թշնամանք է բորբոքում, ով չարութիւն է գրգռում, պիտի կործանւի։
10Անզգամին վայել չէ փափկակեցութիւնը,եւ ոչ էլ գոռոզութիւնը՝ ծառային, երբ նա սկսի իշխել։
11Գթասիրտ մարդը համբերատար կը լինի, եւ նրա համար պարծանք է բարձր լինել անզգամներից։
12Թագաւորի սպառնալիքը նման է առիւծի մռնչիւնի,իսկ նրա զւարթութիւնը՝ դալարիքի վրայ կաթած ցօղի։
13Անմիտ որդին ամօթանք է հօր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարւած ուխտը։
14Տներն ու ստացւածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստւած է տալիս տղամարդուն։
15Ծուլութիւնը յատուկ է թուլամորթին, եւ գործ անել չսիրող մարդը քաղցած կը մնայ։
16Պատւիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանւի։
17Աղքատին ողորմութիւն տւողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տւածի էլ Աստւած պիտի հատուցի նրան։
18Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ( հաստ գաւազանով ծեծւած )անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից։
19Չարաբարոյ մարդը շատ է տուժելու, եւ եթէ աւելի դաժան վարւի, հոգին էլ վրայ կը տայ։
20Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը, որպէսզի իմաստուն դառնաս յետագայում։
21Բազմաթիւ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը մնում է յաւիտեան։
22Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, եւ արդար աղքատը լաւ է, քան ստախօս հարուստը։
23Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յաւիտեան այցելու չի ունենայ։
24Ով անգործութեամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նոյնիսկ իր բերանն էլ չի տանի։
25Անզգամի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խելացի է դառնում, իսկ եթէ յանդիմանես իմաստունին, նա առաւել իմաստութիւն կ՚ունենայ։
26Այն որդին, որ անարգում է հօրը եւ հեռացնում մօրը, պիտի ամօթ կրի եւ նախատինք։
27Հօր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորհում։
28Անմիտ երիտասարդին երաշխաւոր եղողը ծաղրում է արդարութիւնը.ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատ ու դատաստան։
29Տանջանքները պատրաստւած են անխելք մարդկանց համար, պատիժները՝ անզգամների։

************