Առակներ 17
Իմանտութիւն եւ Յիմարութիւն ` Մնաւանդ Խօսքի Ժամանակ
1 Լաւ է մի պատառ համով հացը՝ խաղաղութեամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամութեամբ։
2Խելացի ծառան պիտի իշխի անմիտ տէրերի վրայ եւ ժառանգութիւնը պիտի բաժանի եղբայրների հետ։
3Ինչպէս արծաթը եւ ոսկին փորձւում են քուրայի մէջ, այնպէս էլ Աստւած ընտրում է սրտերը։
4Չարագործը հնազանդւում է անօրէնի լեզւին, բայց արդարը չի նայում ստախօս շուրթերին։ Հաւատարիմ մարդու համար ամբողջ աշխարհը լի է հարստութեամբ, բայց անհաւատարիմը մէկ գրոշ իսկ չունի։
5Ով ծաղրում է աղքատին, նա զայրացնում է նրա Արարչին, եւ ով հարւածում է ընկածին, նա չի արդարացւելու, բայց ով խղճում է՝ ողորմութիւն պիտի գտնի։
6Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
7Անզգամներին վայել չեն ճշմարտախօս շուրթերը, եւ ոչ էլ արդարներին՝ ստախօս շուրթերը։
8Խրատը այն ունեցողի համար նրա շնորհի վարձն է, եւ նա դէպի որ կողմն էլ դառնայ՝ յաջողութիւն պիտի գտնի։
9Յանցանքը ծածկողը բարեկամութիւն է փնտռում, բայց այն բացայայտողը բարեկամներին եւ ընտանիքը բաժանում է իրարից։
10Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, բայց անմիտը թէկուզ եւ բազում հարւածներ ուտի՝ չի ազդւում։
11Ամէն չարակամ հակառակութիւն է յարուցում, բայց Տէրն էլ անողորմ հրեշտակ է ուղարկում նրա դէմ։
12Հոգսը ծանրանում է իմաստունի սրտին, իսկ անմիտները մտածում են չարիքների մասին։
13Ով բարիքի փոխարէն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից։
14Արդարութեան սկիզբը խօսքին իշխանութիւն է տալիս, իսկ հակառակութիւնը եւ կռիւը տանում են դէպի չքաւորութիւն։
15Ովքեր անիրաւին համարում են արդար ու արդարին՝ անիրաւ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջեւ։
16Ինչպէ՞ս է անմիտը հարստութիւն գտնում, քանի որ չգիտէ, թէ ինչ բան է իմաստութիւնը։ Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, իսկ ով խուսափում է ուսումից, պիտի ընկնի չարիքի մէջ։
17Բարեկամներ կարող ես ունենալ ամէն ժամանակ, բայց եղբայրներդ քեզ պէտք են վշտի ժամանակ, քանզի հէնց դրա համար էլ ծնւել են նրանք։
18Անմիտ մարդը պարում եւ ցնծում է բարեկամների համար երաշխաւոր լինելիս, վնասասէրը ուրախանում է նրանց վէճ ու կռւի ժամանակ։
19Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, եւ խստասիրտն էլ բարիք չի գտնի։
20Լեզւով յեղյեղուկ մարդը պիտի ընկնի չարիքի մէջ,
21եւ անզգամի սիրտը ցաւ է իր մարմնի անդամների համար։ Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մօրը։
22Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մէջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են։
23Կաշառքի համար գիրկը բացողը յաջողութիւն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը խոտորւում է արդարութեան ճանապարհներից։
24Հանճարեղ մարդու երեսն իմաստուն է, իսկ անմիտ մարդու աչքերը այս ու այն կողմ են նայում։
25Անմիտ որդին հօր տրտմութիւնն է եւ դառն ցաւ է իր ծնողների համար։
26Արդար մարդուն տոյժի ենթարկելը բարի գործ չէ,եւ ոչ էլ իրաւունքի մէջ իշխանի նենգելը՝ արդարի նկատմամբ։
27Իր խիստ խօսքը զսպողն իմաստուն է, համբերատարը՝ խելացի։
28Անմիտ մարդուն հարցրին, թէ ի՛նչ է իմաստութիւնը, եւ նա գտնո՞ւմ է արդեօք, որ իմաստութիւն կայ. նա պապանձւեց, եւ կարծեցին, թէ իմաստուն է։

************