Առակներ 16
Աստւած Նայում է Մարդկանց Գործերին
1Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզւի պատասխանը։
2Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները։
3Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարւեն։ Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, եւ դու շնորհք կը գտնես Տիրոջ առջեւ։
4Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնւեն կորստեան։
5Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացւելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը։
6Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը գտնեն։
7Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արւած, ամբարիշտն էլ պահւում է չար օրւայ համար։
8Լաւ է քիչ վերցնել՝ Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձեր՝ ամբարշտութեամբ։
9Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստւած էլ ուղղի նրա ընթացքը։
10Թագաւորի շուրթերին մարգարէական պատգամ կայ, եւ նրա բերանը չի սխալւի դատաստանի ժամանակ։
11Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է. արդար նժարներ են նրա գործերը։
12Ով չարիք է գործում, նա գարշելի է թագաւորի համար, քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է մնում արդարութեան շնորհիւ։
13Արդար շուրթերը հաճելի են թագաւորին, քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը։
14Թագաւորի զայրոյթը մահւան պատգամաբեր է, բայց իմաստունը մեղմացնում է այն։
15Թագաւորի որդու երեսի լոյսը կեանք է, եւ նրա բարեհաճութիւնը սպասւող անձրեւաբեր ամպի պէս է։
16Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ, քան ոսկի. եւ առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ։
17Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից, եւ արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը։ Խրատ ընդունողը բարիքների մէջ կը լինի, եւ յանդիմանութիւն պահողը կ՚իմաստնանայ։ Տիրոջ ճանապարհից զգոյշ գնացողը պահպանում է իր անձը, կեանքը սիրողը զսպում է իր լեզուն։
18Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը՝ չար բարքը։
19Լաւ է հեզասիրտ լինել խոնարհների հետ, քան աւար բաժանել ամբարտաւանների հետ։
20Գործի մէջ խելացի մարդը բարիքներ կը գտնի, եւ երանելի է նա, ով յոյսը դնում է Տիրոջ վրայ։
21Իմաստուններին եւ հանճարներին անմիտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր-մեղցր խօսքեր ունեն, աւելի շատ են լսում։
22Միտքը կեանքի աղբիւր է այն ունեցողի համար, բայց անմիտների խրատը չար է։
23Իմաստունի սիրտը գիտէ իր բերանի խօսքը, եւ նա իր շուրթերով իրաւադատութիւն է խորհում.
24Բարի խօսքը մեղրի խորիսխ է, եւ հոգու բժշկութիւն է նրա քաղցրութիւնը։
25Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թւում, բայց նրանց վերջաւորութիւնը տանում է դէպի դժոխքի յատակ։
26Աշխատողը վաստակում է իր անձի համար՝ իր կորուստը հեռու վանելով իրենից, բայց անմիտը կորուստը կրում է իր բերանի մէջ։
27Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է յղանում եւ կրակ է կուտակում իր շուրթերի վրայ։
28Խորամանկ մարդը չարիքներ է նիւթում, չարութեամբ բորբոքում է նենգութեան լապտերը եւ բարեկամներին բաժանում է իրարից։
29Անօրէն մարդը փորձութեան է ենթարկում իր բարեկամներին եւ նրանց տանում է վատ ճանապարհներով։
30Նա, որ իր աչքերը փակում եւ ծուռ բաներ է խորհում, որ շուրթերը փակ ամէն տեսակ չարիքներ է կատարում՝ այդպիսին չարի հնոց է։
31Ծերութիւնը պարծանքի պսակ է, որ մարդ գտնում է միայն արդարութեան ճանապարհին։
32Համբերատար մարդը լաւ է հզօրից, իմաստութիւն ունեցողը՝ մեծատարած հանդեր ունեցողից, իր բարկութիւնը զսպողը՝ մեծազօր քաղաք գրաւողից։
33Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, որովհետեւ Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։

************