Առակներ 14
Ճշմարիտ Իմաստութեան Գովասանքը
1 Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։
2Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգւի։
3Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։
4Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։
5Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։
6Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։
7Անզգամը հակառակ է ամէն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զէնքն են։
8Խելացի մարդու իմաստութիւնը երեւում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտութիւնը՝ իրենց մոլորութիւնից։
9Անօրէնների տները պիտի դատապարտւեն արդարութեան կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան։
10Զգայուն մարդու սիրտը տրտմութիւն է իր համար, բայց ուրախութեան ժամանակ նա թշնամանքի չի խառնւում։
11Ամբարիշտների տները պիտի կործանւեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն։
12Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում։
13Տրտմութիւնը չի խառնւում ուրախութեան հետ, բայց ուրախութիւնը յետոյ վերածւում է սգի։
14Խստասիրտը պիտի յագենայ իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը ուղղուելու է իր խոհերի շնորհիւ։
15Անմեղը հաւատում է ամէն բանի, բայց խորագէտը պիտի զղջայ։
16Իմաստունը զարհուրելով՝ իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամը ինքնավստահ ընկերանում է անօրէնի հետ։
17Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է։
18Ամբարիշտները պիտի բաժանեն չարիքները, բայց խորագէտները պիտի զօրանան իրենց իմաստութեամբ։
19Չարերը ծնկի պիտի գան բարիների առջեւ, եւ ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մօտ։
20Աղքատներին ատում են նոյնիսկ իր բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։
21Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանութեան։
22Մոլորեալները չարիքներ են նիւթում, բարիք խորհողները՝ ողորմութիւն եւ ճշմարտութիւն արարում։ Չարիքներ նիւթողները չեն ճանաչում ողորմութիւնն ու հաւատը, բայց բարիք արարողները կը ժառանգեն ողորմութիւնն ու հաւատը։
23Իմաստութիւն է, որ մարդ աշխատում եւ մի բան է աւելացնում, բայց անհոգ դատարկապորտը միշտ կարիքի մէջ պիտի լինի։
24Իմաստունների պսակը իրենց խորագիտութիւնն է, իսկ անմիտների ուղին՝ իրենց չարութիւնը։
25Հաւատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգամիտը բորբոքում է ստերի կրակը։
26Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետեւ Աստւած իր որդիների համար խաղաղ ապաւէն է։
27Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահւան որոգայթներից։
28Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նւազելու մէջ։
29Համբերատար մարդն օժտւած է մեծ խոհեմութեամբ, բայց կարճամիտը շատ է անխելք։
30Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն։
31Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին։
32Ամբարիշտը պիտի մերժւի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի։
33Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն։
34Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նւազեցնում։
35Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը։ Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին։

************