Առակներ 10
Արդարութեան Օրհնութիւնը եւ Անիրաւութեան Անէծքը Սողոմոնի Առակները
1 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը,անմիտ որդին տրտմութիւն է մօր համար։
2Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից։
3Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի
։ 4Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։
5Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։
6Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի անաստւածի բերանը։
7Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։
8Իմաստուն սիրտն ընդունում է պատուիրանները, բայց զազրախօսը պիտի կործանւի իր գայթակղող շուրթերի պատճառով։
9Ողջամտութեամբ ընթացողը գնում է ապահով, իսկ ով ծռում է իր ճանապարհները, թաքուն պիտի չմնայ։
10Ով չար աչքով ակնարկ է անում, նա տրտմութիւն պիտի կրի մարդկանցից, բայց համարձակ յանդիմանողը խաղաղութիւն է բերում։
11Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը։
12Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն մի անհամաձայնութիւն։
13Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անմիտ մարդուն։
14Իմաստունները իմաստութիւն են հաւաքում,բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման։
15Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան պատճառ է ամբարիշտների համար։
16Արդարների գործերը կեանք են տալիս, ամբարիշտների բերքը՝ մեղքեր։ Կեանքի ճանապարհները պահպանում է Տէրը։
17Առանց յանդիմանութեան խրատը սխալ է։
18Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգամներ են։
19Շատախօսութեամբ չես խուսափի մեղքից. շուրթերդ եթէ զսպես, իմաստուն կը լինես։
20Արդար լեզուն ընտիր արծաթ է, ամբարշտի սիրտը պիտի նւաղի։
21Արդարների շուրթերը ճանաչում են բարձր մարդկանց, իսկ անզգամները պիտի կործանւեն խելքի պակասութիւնից։
22Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, եւ նա էլ հարստացնում է նրանցեւ չի աւելացնում նրանց սրտի տրտմութիւնը։
23Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստութիւն հաւաքում։
24Ամբարիշտը շրջում է կորուստը իր հետ, բայց արդարի ցանկութիւնը պիտի կատարւի։
25Ամբարիշտը պիտի ջնջւի ինչպէս անցնող մրրիկ, բայց արդարը խուսափելով՝ կ՚ապրի յաւիտեան։
26Ինչպէս ազոխը վնասակար է ատամներին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպէս էլ անօրէնութիւնը վնասակար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով։
27Տիրոջ երկիւղն աւելացնում է կեանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատւեն։
28Արդարների ուրախութիւնը պիտի երկարի, իսկ ամբարիշտների յոյսը պիտի կորչի։
29Տիրոջ երկիւղը ոգու ամրութիւն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկութիւն է նրանց համար, ովքեր չարիք են գործում։
30Արդարը երբեք չպիտի դողայ, ամբարիշտները չպիտի բնակւեն երկրի վրայ։
31Արդարի բերանն իմաստութիւն է բխեցնում, բայց անիրաւի լեզուն պիտի կտրւի։
32Արդար մարդկանց շուրթերը շնորհներ պիտի բխեցնեն,բայց ամբարիշտների բերանը պիտի կործանւի։

************