Պետրոս Առաքեալի Երկրորդ Նամակը
ԳԼ. 1
Ողջոյն

Սիմոն Պետրոսը՝ ծառան եւ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ ձե՛զ, որ մեզ հետ հասաք նոյն պատւական հաւատքին՝ մեր Աստծու եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ։ 2Շնո՜րհ ձեզ, եւ թող շատանայ խաղաղութիւնը Աստծու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ։

Աստուծոյ Կոչը եւ Ընտրութիւնը

3Արդարեւ, նրա աստւածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստւածապաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը։
4Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգեւեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստւածային բնութեանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից եւ ապականութիւններից։
5Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, 6գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստւածապաշտութիւն, 7աստւածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր։
8Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ։
9Իսկ նա, ում մէջ այս բաները չկան, կոյր է կամ կարճատես եւ մոռացութեան տւած իր նախկին յանցանքներից մաքրւած լինելը։
10Ուրեմ, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք։ Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, 11քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհւի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։
12Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնելու ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատւածներին, 13քանի որ իրաւունք եմ համարում, - քանի դեռ այս մարմնի մէջ եմ, - արթուն պահել ձեզ յիշեցումներով։
14Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց։
15Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները։

Քրիստոսի Փառքի Ականատեսները

16Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուսի Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»։
18Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լերան վրայ։
19Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, - որին եթէ նայէք, լաւ կ՚անէք, - իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում։
20Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, 21քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրւեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղւած է, որ խօսեցին Աստծու սուրբ մարդիկ։

=============

Պետրոս Առաքեալի Երկրորդ Նամակը
ԳԼ. 2
Սուտ Ուսուցիչներ

Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձւածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու։
2Եւ շատեր պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգւի։
3Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ։
4 Քանի որ Աստւած չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահւեն դատաստանի օրւայ համար։
5Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին։
6Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։
7Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից 8(որովհետեւ արդարը, բնակւելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին)։
9 Տէրը գիտէ աստւածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրւայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ։
12Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթւելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանւեն տանջւելով՝ 13որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով։
14Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանւողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնւած սիրտ. անէծքի՜ որդիներ։
15Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորւեցին, ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց։
16Եւ այդ այն Բաղաամի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզւով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը։
17Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշւած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահւած. 18քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից։
19Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնւեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատւիրանից, որ աւանդւեց նրանց։
22Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին է դառնում իր փսխածին» եւ թէ՝ «Լւացւած խոզը վերստին է թաւալւում ցեխի մէջ»։

=============

Պետրոս Առաքեալի Երկրորդ Նամակը
ԳԼ. 3
Յիսուսի Գալստեան Խոստումը

Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում յիշեցման համար. 2յիշեցէ՛ք սուրբ մարգարէների կողմից նախապէս ասւած պատգամները, ինչպէս նաեւ ձեր առաքեալների կողմից ասւած Տիրոջ եւ Փրկչի պատւիրանները։
3Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների. 4եւ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից»։
5Եւ այս բանը ուզողները մոռացութեան են տւել այն, որ ի սկզբանէ եղել է երկինքը, եւ երկիրը՝ ջրերից, եւ՝ ջրերը, որ մնում են հաստատ Աստծու խօսքով. 6դրա համար էլ այն ժամանակւայ աշխարհը ապականւելով կործանւեց ջրհեղեղով։
7Իսկ այժմ երկինք եւ երկիր պահւած են այդ նոյն խօսքով, վերապահւած են կրակին դատաստանի օրւայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրւայ համար։
8Բայց այս եւս ձեզնից ծածկւած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը՝ ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր։ 9 Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնւի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։
10Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով հալւած, պիտի լուծւի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն։

Նոր Երկինք եւ Նոր Երկիր

11Եւ քանի որ այս ամէնն այսպէս պիտի լուծւի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստւածապաշտ ընթացքով՝ 12սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրւայ գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզւելով պիտի հալւի։
13Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում։

Զգուշացէ՛ք, որ Մոլորութեամբ Ժամանակ՝ Չկորցնէք ձեր վստահութիւնը

14Ուրեմ, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցէք, որ Նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ։
15Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութի՛ւն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ, ըստ Աստծուց իրեն շնորհւած իմաստութեան, 16եւ ինչպէս որ իր բոլոր թղթերում էլ խօսում է դրանց մասին. դրանց մէջ կան ինչ-ինչ դժւարիմաց բաներ, որ անուսմներն ու տատանւողները ծուռ են մեկնում. նրանք այդպէս են մեկնում նաեւ բոլոր Գրւածքները՝ իրենց անձերի կորստեան համար։
17Դուք ուրեմն, սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարւած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը։
18Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտութեամբ։ Նրան փա՜ռք թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը։ Ամէն։

=============