Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.3
Յովհաննէս Մկրտիչի Քարոզութիւնը
1 Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։
Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասւեց. «Անապատում կանչողի ձայնը, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։
Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշւէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր։
Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։
Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։
Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. եւ մի՛կարծէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստւած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրւած։
Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։
Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց նա որ գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով.
12 նա, որ քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ դարմանը կ'այրի անմար կրակով»:

Յիսուսի Մկրտութիւնը

13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտւելու։
Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտւեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տւեց։
Եւ երբ Յիսուս մկրտւեց, իսկոյն ջրից դուրս եկաւ. եւ ահա երկինքը բացւեց նրա համար, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։
17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին ես ընդունեցի»: