Յիսուս Քրիստոսի Աւետարանը Մատթէոսի Համաձայն
ԳԼ.23
Կեղծաւոր Դպիրները
1 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները.
ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։
Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։
Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։
Սիրում են ընթրիքների ժամանակ պատւոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչւել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։
Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։
Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եւ ուսուցիչներ չկոչւէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։
Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի։
12 Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհւի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։

Յիսուսը Կ’դատապարտէ Կեղծաւորութեն Համար

13 Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ ուտում էք որբեւայրիների տներում, և տարբեր պաճառներով երկար աղօթք անում.
Նրա համար աւելի դատապարտութիւն կ’ստանաք:
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։
Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդւի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդւի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։
Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։
Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդւի նրա վրայ գտնւող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։
Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։
Իսկ արդ, ով որ երդւեց սեղանի վրայ, երդւած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է։ Եւ ով երդւեց տաճարի վրայ, երդւած կը լինի նրա եւ նրա մէջ բնակւող Աստծու վրայ։ Եւ ով երդւեց երկնքի վրայ, երդւած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ։
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել։
Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս։
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ։
Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։
28 Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։

Յիսուսը Գուշակում է Նրանց Պատիժը

29 Վայ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք.
«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։
Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։
Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ.
նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափւած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։
36 Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:

Յիսուսի Սէրը Երուսաղեմի Հանդէպ

37«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկւածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։
Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.
39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
Home